Ճամփաբաժան

Արձանագրենք, որ օրեցօր ավելի ու ավելի են բաժանվում հասարակության եւ իշխանության «ճանապարհները»։ Ապրում ենք՝ ինչպես «ուռին ու բարդին»․ ո՛չ հանրային հոգսն է իշխանավորներին հասկանալի, ո՛չ իշխանավորների խնդիրներն են հասարակությանն ընկալելի։ Մենք անհանգստացած ենք կարագի գներով ու դեղերն առանց դեղատոմսերի ձեռք բերելու հոգսով, նրանց հուզում է «ռենջ ռովերը» «լամբորջինիով» փոխարինելու անկարողությունն ու այս ամառ Կանարյան կղզիներում սպասվող եղանակը։

Ու քանի որ նրանց գոյության համար հասարակությունը տարեցտարի ավելի ու ավելի փոքր վտանգ է ներկայացնում, եւ նրանց՝ իշխանությունից հեռացնելու հավանականությունը մոտ է զրոյին, ուստի հանրային համակրանք, հասարակական վստահության մթնոլորտ ձեւավորելու կարիքն էլ առանձնապես չկա։ Իսկ երբ խզվում է իշխանություն-հասարակություն կապը, նորանոր վտանգներ են երեւում հորիզոնում։ Ասենք՝ նոր, անմարդկային օրենքների ու կարգերի ընդունման, գների անզուսպ աճի, բյուջեի անվերահսկելի թալանի, իշխանությունը ժառանգաբար փոխանցելու, ապաշնորհներին մեծ իրավասություններ տալու եւ այլ արհավիրքների տեսքով։

Զսպման մեխանիզմները, որպես կանոն, աշխատում են այն երկրներում, որտեղ հասարակությունն ունակ է իշխանություն փոխելու։ Այնտեղ, որտեղ հասարակությունն ընդամենը անուժ «մասսովկա» է՝ իրենց համար եկամուտ ապահովող շուկա, իրենց ֆազենդաներում բանող ուժ, իրենց ծափահարող ու ինքնասիրությունը շոյող զանգված, դեմոկրատիայի կառուցման, նորմալ ընտրություններ կազմակերպելու, խաղաղ իշխանափոխություն իրականացնելու հույսերը կամաց մարում են։ Մենք եկել-հասել ենք այսպիսի մի ճակատագրական ճամփաբաժանի, որից, ինչպես հեքիաթում է ասվում, աջ գնաս՝ ձիդ կկորցնես, ձախ գնաս՝ գլուխդ կկորցնես։

Մեկնաբանություն
X