Բացակա նախարարներով կառավարության նիստը (ֆոտոշարք)

>

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ֆինանսների նախարարին երկամսյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարության հետ մշակել և ֆինանսների նախարարության կայքում ներկայացնել հիմնական սպառման 20-30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրեր: Մեկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց երկամսյա ժամկետում առողջապահության նախարարի հետ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր և հանրապետական գործադիր մարմիններին գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը ըստ վերջնական սպառման կոնկրետ ապարանքների և ոչ թե ապրանքախմբերի, իսկ գնումները պլանավորելիս առաջնորդվել ֆինանսների նախարարության կողմից հրապարակված ուղենիշային բնութագրերով և չափման միավորներով։

Այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է դեղատոմսով ձեռք բերվող դեղերի կարգը փոփոխել։ Սամվել Մարգարյանը առաջարկեց այս իրավիճակում ստեղծել աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել են դեղերի ռիսկայնության աստիճանը: «Առավել ռիսկային հոգեմետ դեղերը եւ հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Հաջորդ փուլով հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,-նշեց փոխնախարարը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Ինֆորմացիա կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են եւ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»։

Ի դեպ, նշենք, որ այսօր մի քանի նախարարներ ներկա չէին, նրանց փոխարինում էին փոխնախարարները։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X