Սփյուռքի և մշակույթի նախարարությունների գոյությունն իմաստավորված չէ

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծերի փաթեթը: Ապրիլի 9-ից հետո Հայաստանը վերջնականապես անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի և այդ փաթեթով ներկայումս քննարկվում է, թե ինչպիսի կառուցվածք պետք է ունենա ապագա կառավարությունը։ Եվ այսպես, մեկ փոխվարչապետի փոխարեն կլինեն երեք փոխվարչապետեր, որոնցից մեկը կկոչվի առաջին փոխվարչապետ: 18-ի փոխարեն 17 նախարարություն կգործի: Նոր կառավարության կազմում այլևս չի գործի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը գլխավորում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Ընդհանրապես այսպիսի մի օրինաչափություն կա․ ճգնաժամերի խորացման հետ զուգընթաց որպես կանոն ընդլայնվում են նաև կառավարման համակարգերը։ Դա էլ իր հերթին ավելի անարդյունավետ է դարձնում պետության կառավարման գործը։ Այսինքն՝ կառավարությունը ողողվում է անթիվ-անհամար բյուրոկրատներով, որոնք զբաղվում են բացառապես ձրիակերությամբ և արդյունավետ կառավարման համար արհեստական արգելքներ առաջադրելով։ Երևույթն այս բնորոշ է հատկապես ճահճացման շրջափուլում գտնվող պետություններին։ Ասվածի համատեքստում պետք է նկատել, որ Հայաստանի պես երկրի համար 17 նախարարությունները չափազանց շատ են, հատկապես, որ դրանցից յուրքանչյուրը գերբեռնված է անհաշվելի քանակության բյուրոկրատներով։

Օրինակ՝ մշակույթի և սփյուռքի նախարարությունների գոյության իմաստը չափազանց կասկածելի է և չհիմնավորված։ Արդյո՞ք Հայաստանը այդպիսի գերատեսչությունների կարիք իսկապես զգում է։ Մշակույթի նախարարությունն ընդհանրապես կապ չունի մշակույթի զարգացման հետ և ընդհանուր առմամբ այդպիսի գործառույթ էլ չունի և չի էլ կարող ունենալ: Դա որոշակի վարչական լիազորություններով օժտված գերատեսչություն է, իսկ առաջադրված խնդիրներն էլ գտնվում են մշակույթի հետ առնչվող, բայց բոլորովին այլ՝ վարչարարական տիրույթում: Մշակույթ զարգացնողներն այն գրողներն են, որոնց մենք չենք կարդում, երաժիշտներն ու նկարիչները և ի վերջո մշակույթի թերևս կարևորագույն պլացդարմը՝ թատրոնը: Ես համոզված եմ՝ այդպիսի նախարարության կարիք չկա և երբեք չի էլ եղել, դա հավելյալ ծախս է՝ դրված քաղաքացիների վզակոթին: Այսինքն՝ նախարարության վերահսկողության շրջանակներում գտնվող վարչարարական գործառույթները կարելի է փոխանցել ինչ-որ վարչության կամ էլ կոմիտեի և ամենևին էլ այդքան մեծ նախարարություն ունենալու անհրաժեշտություն չի լինի։

Եթե մշակույթի նախարարության գոյությունը ավանդույթի ուժով գոնե ինչ-որ կերպ ինքն իրեն իմաստավորում է, ապա սփյուռքի նախարարությունը կարծես թե ծաղր լինի հայաստանցի հարկատուների համար։ Հայաստանի քաղաքացիները այդպես էլ չկարողացան մինչև վերջ հասկանալ այդ նախարարության գործառույթների էությունն ու բովանդակային թիրախավորումը, բացի ինչ-որ ամառային ճամբարներ կազմակերպելը։ Մի՞թե արտերկրի հայության հետ փոխհարաբերություններ ստեղծելու նախաձեռնությունը չի կարող իր վրա վերցնել արտգործնախարարությունը։

Նշենք, որ այդ նախարարության անվանումն էլ իր հերթին տարակուսանք է առաջացնում, ի՞նչ է նշանակում սփյուռքի նախարարություն։ Այլ կլիներ իրավիճակը, եթե Հայաստանի Հանրապետությունը հայրենադարձության ալիք ակնկալեր, այդ դեպքում ավելի քան ընկալելի կլիներ, եթե հայրենադարձության նախարարություն ստեղծվեր, որն էլ կհամակարգեր այդ գործընթացը։ Բայց, ինչպես տեսնում ենք, ո՛չ հայրենադարձության ալիք կա և ո՛չ էլ հեռանկար։ Ընդհակառակը՝ մարդկանց արտահոսքը դեպի դուրս է և ոչ թե՝ հակառակը։ Փաստորեն, մշակույթի և սփյուռքի նախարարությունների գոյությունն անիմաստ է և չհիմնավորված՝ որպես հավելյալ բեռ հարկատուների վզին։

Մեկնաբանություն
X