Քաղաքապետը փաստաբանին ազատել է դատարանում պարտվելու համար

Մենք անդրադարձել էինք Հրազդանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի հայցին՝ ընդդեմ Հրազդանի քաղաքապետի: Նա պահանջում է իրեն պաշտոնում վերականգնել, պաշտոնից ազատելու Հրազդան համայնքի ղեկավարի կարգադրությունը առ ոչինչ և անվավեր ճանաչել, օրենքով սահմանված վճարումները բռնագանձել:

Նշենք, որ վերաքննիչ դատարանը բավարարել է Անահիտ Նազարյանի հայցն ընդդեմ քաղաքապետի: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: Մեր տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանը առաջին անգամ հայցը չի ընդունել վարույթ, հետ է վերադարձրել տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ երկրորդ անգամ հունվարի 8-ին հայցը դատարանի կողմից ընդունվել է վարույթ. «Սպասում ենք Վճռաբեկ դատարանի որոշմանը, այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Նազարյանի լիազոր ներկայացուցիչ Մարատ Կոստանյանը, ապա հավելեց, որ օրենքով դատարանը 3 ամսյա ժամկետում պետք է որոշում կայացնի: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի լիազոր ներկայացուցիչ Գոռ Մաթեւոսյան, ով դիմել էր Վճռաբեկ դատարան, այլեւս չի պաշտպանի քաղաքապետի շահերը: Գոռ Մաթեւոսյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց:

Մեզ հասած տեղեկություններով՝ Գոռ Մաթեւոսյանի եւ Հրազդանի քաղաքապետի հարաբերություններն այնքան են լարվել, որ նա անգամ ազատվել է աշխատանքից: Նրանց հարաբերությունները լարվել են այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանը բավարարել է Անահիտ Նազարյանի հայցը: Նշենք, որ Գոռ Մաթեւոսյանը աշխատում էր Հրազդանի քաղաքապետարանում՝ որպես իրավաբան:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X