Չինովնիկի գրառումները. Սերգեյ Դովլաթով

Վաթսունականների վերջերին նկարիչ Վահրիճ Բախչանյանը, ով այն ժամանակ համագործակցում էր «Լիտերատուրնայա գազետայի» հետ, այսպիսի մի թունոտ կատակ է ասել, որը կայծակի արագությամբ, իսկ ավելի կոնկրետ` հաջողված կատակի արագությամբ թեւածեց ողջ երկրով մեկ: Վերաձեւակերպելով հայտնի երգի խոսքերը՝ Բախչանյանը բացականչեց.

-Մենք ծնվել ենք, որպեսզի Կաֆկային դարձնենք իրական:

Այս թեւավոր մտքի հիմքում մի անբացատրելի պարադոքս է ընկած։ Ինչպես կարողացավ Ֆրանց Կաֆկան, ազգությամբ հրեա եւ ծնունդով ու բնակության վայրով չեխ, լեզվով եւ մշակույթով գերմանացի, իր մռայլ սյուրռեալիստական վեպերում եւ նորավեպերում այդքան գեղարվեստականորեն եւ խորաթափանցությամբ տարբերել սպասվող սոցիալիզմի իրական դիմագծերը: Ինչպես կարողացավ նա իր մարգարեություններում այդքան ճշգրտորեն պատկերել ամբողջատիրական պետության սոցիալական մեխանիզմները, այն դեպքում, երբ այդ պետությունը դեռ չէր ձեւավորվել:

Իրավունք կվերապահեմ ինձ մի հատված մեջբերելու Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպից, որը գրվել է 1918 թվականին: Մեջբերելիք հատվածը մի դրվագ է վեպի գլխավոր հերոսի`դատարանում արտասանած ճառից, սիրելի ընթերցող, իսկ դուք մտորեցեք խնդրեմ, թե արդյոք այդ խոսքերի ներքո չէ՞ր կարող ստորագրել Խորհրդային միությունում վերջին տարիներին հալածվող յուրաքանչյուր իրավապաշտպան: «Կասկած չկա,- ասում է Յոզեֆ Կ-ն,-որ ողջ դատաքննության հետեւում, իսկ կոնկրետ իմ դեպքում, իմ ձերբակալության եւ այսօրվա դատական նիստի հետեւում մի հսկայական կազմակերպություն է կանգնած: Կազմակերպությունն այդ ունի իր տրամադրության տակ ոչ միայն ծախու պահապանների, տխմար տեսուչների եւ քննիչների, որոնք լավագույն դեպքում դրվատելի համեստություն են ցուցաբերում, այլ նաեւ դատավորների, բարձր եւ բարձագույն կարգի, եւ այդ դեպքում նաեւ արդեն անխուսափելի հաստիքավոր ծառայողների, գրագիրների, ժանդարմների եւ այլ օգնականների եւ նույնիսկ հնարավոր է եւ դահիճների, ես չեմ վախենում նույիսկ այդ խոսքն արտաբերել: Իսկ որն է այդ կազմակերպության նպատակը, պարոնայք: Ձերբակալել անմեղ մարդկանց եւ նրանց դեմ անիմաստ եւ մեծավ մասամբ, ինչպես եւ իմ դեպքում, անարդյունավետ դատական հայցեր ներկայացնել: Այդ դեպքում ինչպես է հնարավոր ողջ համակարգի անիմաստության պարագայում խուսափել ամենասարսափելիից` պաշտոնյաների կոռումպացվածությունից ….»: Եվ այլն: Համաձայնեք, որ նման ելույթ կարող էր ունենալ եւ Յուրի Օռլովը, եւ Ալեքսանդր Գինսբուրգը, եւ Անատոլի Շչարանսկին:

Շատերի կարծիքով՝ Ֆրանց Կաֆկան համարվում է քսաներորդ դարի համաշխարհային գրականության երեք խոշոր դեմքերից մեկը, եւ եթե նախորդ երկու տիտանները` Ջոյսն ու Պրուսը, հիմնականում հեղափոխություն են իրականացրել ձեւի, գեղագիտության ասպարեզներում, ապա Ֆրանց Կաֆկայի արձակը մի փոքր չորոտ է, գրեթե անգույն, զուրկ գեղագիտական նվազագույն տարրերից, եւ հետաքրքրում է մեզ առաջնահերթորեն իր ողբերգական բովանդակությամբ, ընդ որում, հենց մեզ մոտ է, որ այն նման ցավոտ արձագանք է ստանում, քանի որ հենց մեզ մոտ է, որ Կաֆկայի ֆանտաստիկ-ողբերգական տեսիլքները դարձել են ամենօրյա կյանքի մի մաս եւ իրականություն:

-Մենք ծնվել ենք, որպեսզի Կաֆկային դարձնենք իրական:

Ֆրանց Կաֆկայի կենսագրությունն արտաքին իրադարձություններով հարուստ չէ: Ծնվել է 1883-ի հուլիսի 3-ին Պրահայում, ավարտել է գերմանական գիմնազիան, ապա ուսումնասիրել իրավունք, լսել գերմանագիտության եւ արվեստի պատմության դասախոսություններ: Պրահայի շրջանայինդատարանում երկու տարի անցել է փաստաբանական փորձաշրջան: 1908 թվականին դասախոսություններ է լսել արտադրական ապահովագրության մասին եւ ապա աշխատանքի անցել կիսապետական մի հաստատությունում, որը զբաղվում էր արտադրական վնասվածքների ապահովագրությամբ: Չնայած որ ուներ իրավագիտության դոկտորի աստիճան եւ աշխատասեր էր, սակայն մինչեւ վերջ այս հիմնարկությունում Կաֆկան ստորադաս պաշտոններ է վարել միշտ: 1917 թվականին հիվանդացել է թոքախտով եւ հետագայում աշխատել է ընդմիջումներով, իսկ 1922 թվականից ստիպված է եղել անցնել թոշակի: Մեկ տարի անց նա իրականացնում է վաղուց պլանավորած «փախուստը» Բեռլին, որտեղ մտադիր էր գոյատեւել որպես ազատ նկարիչ, սակայն կտրուկ վատթարացած առողջական վիճակը նրան ստիպում է վերադառնալ Պրահա: 1924 թվականի հունիսի 3-ին, Վիեննայի մոտ գտնվող Կարլինգի առողջարանում Ֆրանց Կաֆկան կնքում է իր մահկանացուն:

Անշուշտ Կաֆկան ոչ հորինել եւ ոչ էլ ընտրել է իր համար այսքան համեստ կենսագրությունը, սակայն եթե այն լիներ այլ, ապա Կաֆկան կլիներ բացարձակապես տարբեր երեւույթ, քան հիմա է, քանզի գրողն ու նրա կենսագրությունն անքակտելի են: Կաֆկայի անձնական կյանքում արտաքին ցնցումների բացակայությունը ավելիով հատուցվում է ներքին «արկածների» չփուլացող լարվածությամբ: Գրողի ներքին կյանքում տեղի ունեցած խորը եւ տառապալից ցնցումների մասին առավել հստակ պատկերացումներ տալիս են ոչ թե նրա գեղարվեստական գործերը, այլ վավերագրի արժեք ունեցող «Օրագրերը» եւ ընդարձակ «Հորն ուղղված նամակը», որոնք չեն մտել հեղինակի խորհրդային միհատորյակի մեջ եւ վերջերս են հրատարակվել մեկ հատորով Նյու Յորքի «Արգուս» հրատարակչատան կողմից:

Ցանկացած գրողի համար նրա օրագիրը պատմում է ինքն իր եւ իրեն շրջապատող մարդկանց մասին, ներկայացնում է նկարչի եւ շրջապատող աշխարհի հանդիպումների մասին, համեմված մեկնաբանություններով եւ բացատրություններով, որոնք ավելի պատկերավոր են դարձնում այդ հանդիպումները: Ֆրանց Կաֆկայի օրագիրը հիմնականում ներկայացնում են ինքն իր հետ ունեցած հանդիպումները: Այնտեղ կան բազմաթիվ գրական պատկերագրություններ, սեւագրային տարբերակներ հետագայում արդեն գրված-ավարտված գործերի, այնտեղ մանրամասնորեն վերապատմվում են երազները կամ նույնիսկ տեսիլքները:

Ամբողջական էջեր նվիրված են առողջական վիճակից գանգատներին, գրողին հոշոտող անհասկանալի անհանգստությանն ու մեղավորության զգացմանը, ստեղծագործելու անհնարինությանն ու անկարողությանը: Առանձնահատուկ հուզմունքով ենք կարդում այն մասին, թե ինչպիսի տառապալից լարում է պահանջվում նրա համար ամեն մի բառը ստեղծագործելը, ինչպիսի օլիմպոսյան պահանջներ է դրել նա ինքն իր ստեղծագործությունների հանդեպ, ինչն էլ բերել է նրա կտակում առկա ողբերգական դրույթի ձեւակերպմանը, համաձայն որի՝ Կաֆկայի կտակարար եւ ընկեր Մաքս Բրոդը պետք է նրա մահվանից հետո ոչնչացներ նրա ողջ արխիվը, նամակները, օրագրերը եւ բոլոր այն գործերը, որոնք նրա կենդանության օրոք չէին հրատարակվել, իսկ դրանք Կաֆկայի գրական ժառանգության մեծ մասն են կազմել: Նման աուտոդաֆեի էր դատապարտված նաեւ Կաֆկայի լավագույն վեպը` «Դատավարությունը»:

Բարեբախտաբար Մաքս Բրոդը խախտում է հանգուցյալի վերջին կամքը եւ իր վրա վերցնելով այդ մեղքը պահպանել ամեն ինչ՝ հարստացնելով համաշխարհային գրականությանը մի քանի ճանաչում եւ համաշխարհային հռչակ ստացած գործերով: Ֆրանց Կաֆկան մահացել է 60 տարի առաջ /նկատի է առնվում` հոդվածի գրությունից վաթսուն տարի առաջ.- Ծան. թրգմ/, շատ ավելի վաղ, քան Մաութհաուզենները, Տրեբլինոկները, Դուբրավլագները, եւ ցուցադրական դատավարությունները, շատ ավելի վաղ, քան գեստապոն եւ ՊԱԿ-ը կձեւավորվեին, սակայն նրա հիանալի խորանթափանցությունը եւ անհավանական նրբազգացությունը օգնել են ստեղծելու այնպիսի պատկերներ եւ կերպարներ, որոնց նայելիս միայն կարելի է կրկնել Վահրիճ Բախչանյանի հայտնի կատակը.

-Մենք ծնվել ենք, որպեսզի Կաֆկային դարձնենք իրական

Սերգեյ Դովլաթով

Նյութի աղբյուրը` sergeidovlatov.com

Մեկնաբանություն
X