Վազգեն Սարգսյանը ասիական շարքային բռնապետ էր

Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։

5 ամիս ծառայել եմ «Վազգեն Սարգսյանի» անվան զորամասում: Ամեն օր երեք անգամ շարքով անցնում էինք Վազգեն Սարգսյանի կիսանդրու կողքով՝ բնականաբար զգաստ զինվորական քայլքով. սերժանտը գոռում էր. «զգաստ հավասարությունը դեպի սպարապետի կիսանդրին»: Դե դա զինվորական ստորաբաժանման ողջույնի ձևն է: Իսկ եթե մենակ էիր անցնում, ապա պետք է պատվի առնեիր: Զորամասի հիմնը Վազգեն Սարգսյանին էր նվիրված: Երգում էինք երկուշաբթի օրերը, տոնական օրերին և մարտական հերթապահության գնալիս։ Նույնիսկ եթե զուգարանում լինեիր, միևնույնն է, պետք է երգեիր ու տեղում քայլեիր․

«Հայոց սպարապետ,

Հայերի պաշտպան,

Քեզ չենք մոռանա,

Վազգեն Սարգսյան»:

Շատ ռիթմիկ երգ է, հատկապես, երբ 2000 հոգանոց զորքն ա երգում: Շարունակությունը պարզապես չեմ հիշում: Իսկ ինձ համար ամենն այս իսկապես անտանելի էր, քանի որ Վազգեն Սարգսյանը ասիական շարքային բռնապետ է եղել: Իհարկե չենք կարող չխոստովանել, որ նա կանգնած է եղել պետության և բանակի ստեղծման ակունքներում և որոշակի ծառայություններ է մատուցել անվտանգության կազմակերպման գործում։ Սա փաստ է, բայց սրանից ամենևին էլ չպետք է ենթադրել, որ մենք անպայմանորեն պետք է Վազգեն Սարգսյանին հերոսացնենք՝ շնորհելով անձեռնմխելի կուռքի կարգավիճակ։

Ընդհանրապես Հայաստանում այն մտայնությունն է տիրապետող դարձել, որ պատերազմին մասնակցած յուրաքանչյուր ոք անպայման հերոս է։ Երիցս ո՛չ։ Պատերազմի մասնակցությունը դեռ հերոսություն չէ։ Հերոսը շատ ավելի բարձր ու մետաֆիզիկական հասկացություն է և չի կարելի ամեն քայլափոխի հերոսներ փնտրել՝ արժեզրկելով դրա ողջ իմաստն ու էությունը։ Հասկանալի չէ նաև սպարապետ բառի շուրջ ձևավորված զգացմունքային, պաթոսով հագեցած վերաբերմունքը։ Դա սովորական միջնադարյան պաշտոն է, ինչպես 21-րդ դարում՝ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Տարօրինակ կլինի, եթե 200 տարի հետո մեր ժառանգները զգացմունքային վերաբերմունք ցուցաբերեն պաշտպանության նախարարի պաշտոնին։ Լա՛վ, եթե սպարապետն այդքան հուզառատ բառ է, ապա ինչու՞ նմանատիպ հուզմունքով չենք վերաբերվում հազարապետ, մաղխազ և մյուս միջնադարյան պաշտոններին։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետներին նաև հազարապետ անվանենք ու ամեն անգամ հուզվենք անվանակոչության այդ ծիսակարգից։

Կրկնենք․ իսկապես Վազգեն Սարգսյանը կարևոր ներդրում ունի պատերազմում, բայց խաղաղ պայմաններում նա անէացրեց ու ջուրը շպրտեց պատերազմում արձանագրած իր ծառայությունները։ Պատերազմից վերադառնալով՝ նա հանդես եկավ բռնապետի դիրքերից՝ բնում խեղդելով նոր-նոր սաղմնավորվող ժողովրդավարական ավանդույթները։ Կանգնեց ու ասաց, որ նույնիսկ եթե ընդդիմությունը 100 տոկոս ձայն հավաքեր, ապա բանակը, ներքին գործերը, անվտանգության ծառայությունը չէին ճանաչի նմանատիպ իշխանություն։ Մի՞թե չկար գեթ մեկը, որպեսզի նրան հիշեցներ այն պարզ ճշմարտությունը, որ բանակը, ներքին գործերը, անվտանգության ծառայությունը պարզապես իրավունք չունեն չենթարկվել ժողովրդի ընտրությանը։ Ո՞վ եք դուք, որպեսզի հակառակ գնաք ժողովրդի կամքին ու ցանկությանը։

Ոչ ոք չհիշեցրեց և արդյունքում նա հայտնվեց միջնադարյան միապետի՝ դիկտատորի կարգավիճակում, երկրին պապենական կալվածքի կարգավիճակ շնորհեց՝ դառնալով տեր ու տիրական ամեն ինչին և մարդկային ճակատագրերին։ Ժողովրդի մի զգալի մասը ատում էր Վազգեն Սարգսյանին, մինչև հոկտեմբերի 27-ը մարդիկ երազում էին ազատվել իրենց ազատությունը գողացող անհատից։ Եվ միայն սպանվելուց հետո Քոչարյանական ռեժիմը նրան հերոսի և սպարապետի կոչումներ շնորհեց։ Դե միշտ այդպես է լինում, ռեժիմները հերոսների, գաղափարական հայրերի անհրաժեշտություն են զգում, որպեսզի կարողանան հիմնավորել իրենց բռնի իշխանության ճշմարտացիությունը։

Ներկայիս իշխանությունները, անշուշտ, ժառանգորդն են Վազգեն Սարգսյանի։ Ավելին՝ նա Հայաստանում խորը արմատներ գցած անարդար հասարակարգի գաղափարական հայրն է և հենց այդ պատճառով էլ դարձել է այս միջավայրի պաշտամունքի առարկան։ Շարքով ու հերթով, դրամատիկ տխրությամբ այցելում են նրա գերեզմանին, բայց ոչ թե անկեղծ ափսոսանքով, այլ՝ հասարակության աչքում նրա գաղափարական օրհնությունը ստանալու ակնկալիքով։ Չէ՞ որ հիմա էլ մարդիկ կան, որոնք սպարապետ ու անփոխարինելի առաջնորդ դառնալու լրջագույն հայտ են ներկայացրել։

Մի զավեշտալի դեպք եմ հիշում, որը տեղի է ունեցել տարիներ առաջ ու կապված է Անդրանիկ Օզանյանի հետ։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց գեներալ Անդրանիկի կյանքի ամենամեծ իրադարձությունը տեղի է ունեցել ոչ թե իր կենդանության օրոք, այլ մահվանից տասնամյակներ անց: Բանն այն է, որ 2015 թ. Մանվել Գրիգորյանը նրան պարգևատրել էր «Վազգեն Սարգսյան» շքանշանով: Անշուշտ Առաքելոց վանքի կռիվը, Սասունի ինքնապաշտպանությունը և Դիլմանի ճակատամարտը կորցնում են իրենց հմայքն այդ շքանշանի հետ համեմատած: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Անդրանիկին շնորհված այդ շքանշանը գեներալ Մանվելի մեքենայի «բարդաչոկում» պահվող այն հերթական մեդալներից է եղել, որոնք նա նվիրում է Սամվել Ալեքսանյանին ու տարատեսակ այլ նմանատիպ դեմքերի։

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնեմ, որ ես իսկապես ցավում եմ հոկտեմբերի 27-ի համար, բայց չեմ կարող չնշել նաև, որ Վազգեն Սարգսյանի ներկայիս կերպարը արհեստական է ու գերագնահատված։ Միևնույնն է, պատմությունը վաղ թե ուշ սրբագրելու է արդիականության թույլ տված սխալները։

կարպիս փաշոյան

Մեկնաբանություն
X