Մուսան որտեղ չոքացնում է, այնտեղ էլ գրում եմ․ «Ծնկան ծերին»

Լույս է տեսել սիրված գրող, մեր գործընկեր, արձակագիր Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն, որտեղ ընդգրկված են գրողի վերջին տարիների գործերը, որոնց մի մասը տպագրվել է «Հրապարակ» օրաթերթում։ Հենց Վերնիսաժում, ստանալով հեղինակի կողմից հորս մակագրված գրքի օրինակը, նստեցինք ու զրուցեցինք «ծնկան ծերին» գրված ջավախյանական գրականության մասին․

-Պարոն Ջավախյան, ինչպիսի՞ն է կյանքը «ծնկան ծերին»՝ Վերնիսաժում։

-Իմ գրականությունը ծնկան ծերի գրականություն է, այսինքն՝ մուսան որտեղ ինձ չոքացնում է, այնտեղ էլ գրում եմ։ Ու, փաստորեն, ստացվում է՝ առեւտրի ժամանակ տակից գրքերս եմ ծախում, երեսից էլ՝ զարդերը։ Հիմա եթե էդ գանձը՝ մուսան, գալիս է, ուրիշ տեղ չկա՝ ծնկանս ծերին էլ գրում եմ։ Իմ գրականությունը ե՛ւ ժանրով, ե՛ւ ոճով, ե՛ւ լեզվով բոլորովին ուրիշ է։ Ուրիշ է նաեւ իմ գրելու ձեւը։ Ես մնացած պրոֆեսոր գրողների նման չեմ նստում լուսամփոփի պես՝ աստվածամոր աչքերով աղջիկների ներկայությամբ, նրանց համակրանքի տակ, գույնզգույն մատիտներ չեմ սրում, թանկանոց, ոսկեջուր ծայրերով գրիչներ չեմ պահում, ինձ համար գրական ույուտ չեմ ստեղծում, որ գրեմ, պարզապես մուսան որտեղ գալիս է, այնտեղ էլ նրա ցավը տանեմ։

-Մուսայի այցելություններին ամենաշատը մեր թերթում ենք ականատես եղել, նաեւ այն դեպքերին, երբ գալիս ասում էիք՝ գլուխս դատարկ է, ոչինչ չեմ կարում գրեմ։ Ամենաշատն ինչքա՞ն ժամանակ մուսան այցի չի եկել։

-5 ամիս, օրինակ հիմա էլ, ասել ինձ՝ գլուխս տորիչելյան դատարկություն է հիշեցնում։ Գրողի համար ամենակարեւորն անդորր ունենալն է, երբ կողքից մտահոգող խնդիրներ չկան, ընտանիքում ամեն ինչ նորմալ է։ Պիտի մի տեսակ անօդային անաղարտություն լինի գլխիդ մեջ՝ կատարյալ անդորր, որ ծնվի այն, ինչ ուզում ես գրես։ Մանավանդ, որ իմ գրականությունը սյուժետային գրականություն չէ, որ ընթերցողն էլ ձիու բաշը բռնի ու տրտինգ-տրտինգ անելով՝ գնա տեղ հասնի։ Իմ գրականությունն ասելիքի վրա հիմնված գրականություն է, սաղմը կարող է մի բառով իմ մեջ լինի, ստեղծագործության հյուլեն պետք է ծնվի, պիտի էվրիկա լինի, ու, ինչպես կենդանի օրգանիզմը, որ արգանդի շուրջ միս ու արյուն է ստանում, այդպես էլ իմ պատմվածքներն են միս ու արյուն ստանում։ Ընթերցողը կամ էլ գրականագետները կողքից կարող է ասել, թե ստեղ գեղարվեստ չկա, սա սուպերռեալիզմ է կամ լուանկարչություն, սակայն ով գեղարվեստին մոտ է, նա կհասկանա, որ էդտեղ լուսանկարչություն չկա։

-Գրքի ծանոթագրության մեջ կարդացի․ «Էքզյուպերին գրում է՝ «Ամենակարեւորը աչքով չես տեսնի»»։ Լեւոն Ջավախյանը գրում է՝ «Ամենակարեւորը…»։ Ո՞րն է ամենակարեւորը Ձեր գրականությունում։

-Էքզյուպերին ասում է՝ Ամենակարեւորը աչքով չես տեսնի…, այդ խաբուսիկ ու սուպերռեալիզմի խորքերում թաքնված է ամենակարեւորը, որն արդեն Լեւոն Ջավախյանը տեսել է եւ ասել է «էվրիկա» ու էլ արդեն յախալլամիշ չի լինի՝ պատմվածքը ծնկան ծերին կլինի թե քայլելիս՝ մուսայի յեխեն էլ բաց չի թողնի։

Օղորմածիկ հորս երբ հարցնում էին՝ ո՞ր էրեխուն ես շատ սիրում, ցույց էր տալիս իր մատները, ասում էր՝ տես, տասը մատ ունեմ, որ մատս էլ ցավաց՝ ցավը նույնն է լինելու։ Որ ինձ ասեն՝ ալմանախ ենք անում, ո՞ր պատմվածքդ դնենք, կարկամում եմ, իմ հոգեւոր զավակների մեջ ես ո՞նց տարբերություն դնեմ։ Իհարկե, դրանց մեջ տարբերություն կա, որովհետեւ յուրաքանչյուր պատմվածք մի հոգեբանական վիճակի արդյունք է, մի տեղ ցավը սուր է, մի ուրիշ տեղ՝ ծիծաղը շատ, ըստ այդմ էլ ես արձանագրում եմ։ Ընթերցողի համար կարող է մի տեղ ուժեղ լինի, մի տեղ՝ թույլ, բայց իմ համար յուրաքանչյուր պատմվածք մի հոգեվիճակի արդյունք է։

-Ձեր գրականությունում բազմակետերն ավելի շատ են, քան վերջակետերը։ Բազմակետերից այն կողմ շա՞տ ասելիք է մնում։

-Այո, բազմակետերը շատ են, որովհետեւ պատմվածքն ինձնից սկսվում, բայց ինձնով չի ավարտվում, գնում է ընթերցողի մոտ։ Ես դեռ ասելիք եմ թողնում իմ ընթերցողին, որովհետեւ ասելիքս էլ բազմաշերտ է, բայց այդ բազմակետերն ընթերցողին կարող են մի ուրիշ տեղ տանել՝ իրենց ուզած տեղը, իմ ընթերցումից հետո իմ ընթերցանությունը շարունակվում է, դրա համար էլ այդ բազմակետերը ես շատ եմ օգտագործում։ Հիշում եմ՝ գրողներից մեկն ինձ խորհուրդ էր տալիս, թե վերջակետ դիր, ինչի՞ ես բազմակետ դնում, բայց դե՝ նա ի՞նչ գիտի, թե ես ինչ գիտեմ։

-Մի անգամ ասացիք՝ չի լինում օր, որ մորս հետ չխոսեմ, ու այս գրքում էլ մի քանի պատմվածքներ կան նրա մասին, նրան նվիրված։

-Այս գիրքը եռապատում է, երկրորդ մասը՝ Հավիտենական վերադարձը՝ Նիցշեի խոսքերն են, որովհետեւ անընդհատ վերադառնում ես, եւ այդտեղ է, որ Աստված չկա, եւ Աստվածը դու ես։ Ահա այդտեղ է, որ ես աստվածացնում եմ իմ մորը։ Նրա հանդեպ իմ սերը մոգական է։ Բոլորն էլ սիրում են իրենց մորը, բայց, ինչպես պատմվածքում եմ գրել, իմ մոր ու իմ սերն աստվածային է, իմ մերն էն գլխից մարգարեացել է, ու ես հավատում եմ ճակատագրին։ Ասում էր՝ իմ տղեն նշանավոր, մենձ մարդ ա դառնալու։ Այդ փոքր սաղմից էլ սկսել է իմ գրողական ճակատագիրը։ Իմ մերը ոչ միայն միս ու արյուն տվեց ինձ, այլ ճակատագրին ու նաեւ ինձ գլխի գցեց։ Մնում էր միայն, որ ականջալուր լինեիր այդ ճակատագրին ու քո նպատակին հասնեիր։ Հիշում եմ՝ դպրոցում շատ վատ էի սովորում, օրագիրս բերեցի, մեջը լրիվ 3 էր, շվարած նայեցի մորս դեմքին, օրագրիս ու ինքս ինձ մտածեցի՝ բա եթե մեծ մարդ եմ դառնալու, էդ մեծ մարդը մի քիչ էլ խելոք չպիտի՞ լինի, բայց հետո բացվեց...։ Իմ մոր սերն ինչո՞վ է տարբերվում, որովհետեւ նա իմ առաջ գաղտնիք դրեց եւ սկսեց քայլ առ քայլ բացել այդ գաղտնիքը։ Նախախնամությունը խոսում էր իմ հետ մայրական լեզվով։ Օր չի լինում, որ մորս հետ չխոսեմ, այսօր էլ եմ հետը խոսել։

-Ինչի՞ մասին եք խոսել։

-Ես խոսում եմ, կարող է եւ բառեր չասեմ, բառն ամենաէժանագին խոսքն է, որ իրար հետ փոխանակում են։ Մենք իրար հասկանում ենք։ Մարդ որ մեծանում է, դեպի մահը չի գնում, այլ դեպի մանկություն, իսկ մանկության ակունքի ամենազուլալ ջուրը քո մերն է։

-Գիրքն ընթերցողները որտեղի՞ց կարող են ձեռք բերել՝ գրախանութներում կլինի՞, թե՞ հենց Վերնիսաժից։

-Ես գրախանութներին գրքերս տալիս եմ ու բարկանում, որովհետեւ գնում ման եմ գալիս, չեմ գտնում, իսկ եթե ես չեմ գտնում, որ հաստատ գիտեմ էդ գրախանութում կա, ընթերցողը ո՞նց գտնի։ Դրա համար ես ոչ մի գրախանութի իմ գիրքը չեմ տալիս, դա պրոտեստ է իմ կողմից։ 3 տարվա մեջ հազար օրինակ իմ սեղանից՝ իմ դախլի վրայից ծախեցի։ Նույնն էլ սրա դեպքում կանեմ, էրեսից արծաթը կծախեմ, տակից՝ գիրքս։

-Ընթերցողների ու Ձեր գրչընկերների, մտավորականների գնահատականը շատ է տարբերվում իրարից։

-Այդ գնահատականը երկակի է, օրինակ՝ վերջերս, որ մեդալ էի ստացել, դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Սահակյանը եկավ մոտս եւ հեգնանքով ասեց՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ իր գրողն է, իշխանությունը գտավ իր գրողին, այսինքն՝ թշվառական իշխանությանը թշվառ գրող էր հասնում, էլի։ Սովորաբար մարդու հետեւից են բամբասում, երեսին չեն ասում, բայց այդ դոկտոր, պրոֆեսորի արհամարհանքն ինչքան էր, որ ճակատախառն երեսիս ասեց, ու դա այն դեպքում, որ ինքն օգտվում է Սերժ Սարգսյանի եղբոր հովանավորությունից, այն աստիճան, որ իր դոկտորականը ձախողվել էր, նորից գիտխորհուրդ հավաքեցին, ու հաստատվեց։ Աստված իր հետ։ Էս վերջերս մի աղջիկ էր մոտս եկել՝ բժշկուհի էր, գիրքն առավ, կրծքին սեղմեց ու ասեց՝ պարոն Ջավախյան, որ իմանաք Ձեզ ինչքան եմ սիրում... ու այդ կանացի, թրթռուն քայլերով գնաց։ Այդ ընթերցողները որ իմանան՝ ես իրենց ինչքան եմ սիրում, այդ սիրով էլ ստեղծվում է իմ գրականությունը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X