Թիվ 139 դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Այս տարի եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրեր՝ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով: Աշակերտներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը եւ հեռահաղորդակցության ոլորտի ներկային ու պատմությանը:

Պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր բաժիններ, ծանոթացել զանգերի կենտրոնի աշխատանքային գործընթացին, այնուհետեւ հյուրընկալվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում եւ ստացել բաժանորդների սպասարկմանն առնչվող՝ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դպրոցականների այցը ՎիվաՍել-ՄՏՍ եզրափակվել է Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրել է բջջային կապի ոլորտում առկա զարգացումներն ու հեռանկարները: Ինտերակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված հանդիպումն անցել է ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում:

«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր դռները մշտապես բաց է պահում այն երիտասարդների առջեւ, ովքեր ցանկություն ունեն զարգանալու, սովորելու եւ հաջողությունների հասնելու: Նման անմիջական հանդիպումներն ու զրույցները դպրոցականներին հնարավորություն են տալիս տեղեկանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների վերաբերյալ, ինչն էլ օգնում է հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին կարողանում ենք ներկայացնել տարիների ընթացքում կուտակած մեր փորձն ու կորպորատիվ կառավարման մշակույթը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկնաբանություն
X