Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան` համագործակցությա՞ն, թե՞ ցնցումների բլոկ

Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 2-ին Քիշնեւում կայացած միջխորհրդարանական ֆորումի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ ՆԱՏՕ-ի, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին խոսել է երեք երկրների համատեղ զինվորական ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտության մասին: Նրա այդ առաջարկն արժանացել է ֆորումի հավանությանը, եւ, ամենայն հավանականությամբ, արդեն Կիեւում, որտեղ պետք է տեղի ունենա 3 երկրների խորհրդարանների ներկայացուցիչների լիագումար նիստը, օրակարգ կբերվի այդ հարցը:

Ի՞նչն է այս երկրներին դրդել գնալու այդ քայլին: Արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ դա բացատրում են Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի ընդհանուր խնդիրներով եւ ընդհանուր հակառակորդի դեմ միասնաբար հանդես գալու ձգտումներով: Նշվում է, որ երեք երկրներն էլ գտնվում են ԵՄ-ի հետ ասոցացման ճանապարհին, սակայն բոլորն էլ նույն խնդիրներն ունեն` կապված սուվերեն տարածքների հետ, որոնք գտնվում են կա՛մ Ռուսաստանի կողմից օկուպացման մեջ, կա՛մ Մոսկվայի կողմից հովանավորվող անջատականների տիրապետության ներքո: Թե ինչ խնդիր կարող է լուծել միասնական բրիգադը, որի ստեղծման անհրաժեշտության մասին խոսում են Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի խորհրդարանականները, կարելի է ասել, որ այն ավելի շատ քարոզչական խնդիր է լուծելու, քան ռազմական: Նախ` մի քիչ դժվար է մոլդովացիներին եւ ուկրաինացիներին պատկերացնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «ազատագրության» պատերազմում, եւ հետո` ինչո՞ւ պետք է վրացիներն արյուն թափեն Ղրիմում, եթե Ուկրաինան գրեթե առանց արյան է այն զիջել Ռուսաստանին, իսկ աշխարհն էլ այսօր համակերպվել է այն մտքի հետ, որ Ղրիմն իսկապես ռուսական տարածք է:

Մենք չենք, իհարկե, այն քննադատը, որ երեք երկրների խորհրդարանականներին պետք է հեռու պահի նման մի սեւեռուն ծրագիր կյանքի կոչելուց, մանավանդ, որ արդեն իսկ կա Ուկրաինա-Լեհաստան-Լիտվա համատեղ բրիգադի փորձը: Բայց մենք առնվազն կարող ենք ասել, որ Ռուսաստանի դեմ համատեղ ուժերով պայքարելու մասին այդ երեք երկրների հայտարարությունը քարոզչական իմաստով իսկապես կարող է չար կատակ դառնալ Հայաստանի գլխին, եթե դրան միանա նաեւ Ադրբեջանը, որը նույնպես արեւմտյան շատ շրջանակների կողմից դիտարկվում է որպես «սեպարատիզմի զոհ» երկիր: Կարծում ենք՝ պատահական չէ, որ Ուկրաինա-Վրաստան-Մոլդովա նորահայտ բլոկի հետ կապված՝ հիշատակվում է նաեւ ՎՈւԱՄ-ի ակտիվացման մասին: Եթե խնդիրը քառյակ միության անդամների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման մասին է, մենք հարց չունենք, սակայն հարցն առաջանում է այն ժամանակ, երբ այդ միության հիմքում հստակ քաղաքական ուղղվածություն է դրվում եւ ընդգծվում, որ դա «սեպարատիզմից եւ Ռուսաստանից տուժած երկրների միություն է: ՀՀ ԱԳՆ-ին, մեր կարծիքով, հիրավի մտածելու տեղիք պետք է տա այս հարցը եւ ստիպի հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, որ Ադրբեջանի ներքաշումն ընդհուպ ռազմական նոր ու անհասկանալի բլոկի մեջ լուրջ վտանգներով է հղի Արցախի հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Ի վերջո, հայտնի է արդեն, որ Ադրբեջանը մտմտում է Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնակցությամբ ռազմական նոր դաշինքի շուրջ, ինչի մասին հայտարարություն է արել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանը: Դժվար չէ այս ամենը դիտարկել ՆԱՏՕ-ի հեռահար ծրագրերի մեջ, որոնք տվյալ դեպքում ամենեւին էլ չեն բխում Հայաստանի շահերից: Ոստի մեզ չէր խանգարի համապատասխան ուղերձով խոսել նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, որի կարծիքով՝ Հայաստանն այդ ալյանսի գործընկեր պետություն է:

Պետք է ողջ աշխարհին մեկ անգամ եւս հիշեցնել, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար, նաեւ Ադրբեջանը չի կարող համարվել սեպարատիզմից, առավել եւս՝ Ռուսաստանից տուժած երկիր: Մյուս կողմից էլ, եթե մեկը տուժել է բոլշեւիկա-թուրքական սեպարատիզմից, դա Հայաստանն է, որ կորցրել է իր կենսական տարածքների մեծագույն մասը` Ղարաբաղ, Նախիջեւան, Ջավախք, ընդհուպ մինչեւ վիլսոնյան հայ-թուրքական սահման ընկած իր արեւմտյան նահանգները:

ՀՀ նախագահի եւ Վրաստանի վարչապետի երեւանյան վերջին հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, համընկել էր Քիշնեւում վրաց խորհրդարանականներին այնքան ոգեւորած համաձայնագրի ստորագրմանը, խոսվե՞լ է արդյոք այս հարցերի եւ մանավանդ ծրագրվող նոր ռազմական դաշինքին Ադրբեջանի ներգրավման մասին: Մեզ ոչինչ չի ասվել այդ մասին, եւ մենք բոլոր իրավունքներն ունենք կասկածելու, որ Հայաստանը հերթական անգամ կարող է հայտնվել, օրինակ, ԵՄ հետ-ի ասոցացվող երկրների հերթի վերջում, քանի որ Արեւելյան գործընկերության առաջամարտիկ համարվող Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան, ահա, զենք են վերցնում Ռուսաստանի դեմ, իսկ Հայաստանը չի միանում նրանց այդ «ճիշտ» ընթացքին: Ու նաեւ հետաքրքիր է, թե ինչու են ԵՄ մեր գործընկերներն այդքան ոգեւորված ՎՈւԱՄ-ի քաղաքականացմամբ եւ Թբիլիսիի, Քիշնեւի եւ Կիեւի արկածախնդրությանն Ադրբեջանի հնարավոր մասնակցությամբ:

Այո, եթե հարկ է, ապա պետք է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի մտադրությունը որակել արկածախնդրություն, իսկ Ադրբեջանի ներգրավումն այդ գործընթացին` Հայաստանի անվտանգության համար մեծագույն սպառնալիք: Մեզ ոչ ոք չի կարող կշտամբել դրա համար, որովհետեւ առաջինը մենք ենք մեզ վրա զգում տարածաշրջանի ամենափոքր ցնցումներն անգամ: Առավել անհանգստացնողն էլ այն է, որ Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Ադրբեջանում մոլեգնող կոռուպցիայի մասին ահազանգող Արեւմուտքը պատրաստ է ներել այդ երկրների ղեկավարներն, միայն թե նրանք բլոկ կազմեն Ռուսաստանի դեմ: Ինչ է, աշխարհում բոլոր հարցերը պետք է լուծվեն Ռուսաստանի դեմ պայքարո՞վ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X