Մեր ԵՏՄ-ստանում պաշտոնյան պետք է գողական պանյատները հարգի

Երևի շատերն են ձեզանից ականատես եղել դեպքերի, երբ մեր բարձրաստիճան պաշտոնեաները հանդիպելով հանցագործ աշխարհի ինչ որ հեղինակության հետ, ողջագուրվել են ու ընդգծված հարգալից վերաբերմունքով նրան լավ ախպեր կամ անգամ մեծ ախպեր են անվանել: Այսպիսի աբսուրդ երևույթներ միայն Ռուսաստանում ու ռուսահպատակ երկրներում կարող են լինել, երբ օրինակ, իրավապահ կոչվածն ու հանցավոր աշխարհի ներկայացուցիչը սերտ ընկերական հարաբերություններ ունենան ու դա թերևս ոչ մեկին չզարմացնի:

Աշխարհի բոլոր երկրներում էլ կան հանցագործներ, կան մաֆիոզ կառույցներ, այսինքն, կազմակերպված հանցավոր խմբերի ու որոշ պետական մարմինների սերտաճումից առաջացած կլաններ, որոնք ծավալում են հանցավոր գործունեություն, բայց նորմալ երկրներում, սովորաբար երբ պարզվում է, որ տվյալ պաշտոնյան երբևէ կապ է ունեցել հանցավոր աշխարհի հետ, դա իսկական սենսացիա է դառնում, որի արդյունքում այդ պաշտոնյան վերջնականապես վարկաբեկվում է ու, որպես հետևանք, հայտնվում է անազատության մեջ:

Իսկ մեր ԵՏՄստանում, ընդհակառակը, եթե մարդը պաշտոնյա է, ուրեմն պիտի գողական պանյատները հարգող լինի, գոնե մի քանի օրենքով գողի հետ ախպերություն արած լինի, այլապես մարդիկ խիստ կզարմանան, եթե իմանան, որ նա գողականից լրիվ հեռու է ու իր «հարիֆ հալով» հանկարծ հայտնվել է իշխանության վերին էշելոններում: Հենց այն օրը, երբ Հայաստանում ընդունվի օրենք, համաձայն որի ռուսական Կազմակերպված Հանցավոր Հանրությունը (որի մաս է կազմում հայկական գողական աշխարհը) հայտարարվելու է ահաբեկչական կազմակերպություն, ու դրա բոլոր ներկայացուցիչները անխտիր ենթակա են լինելու ազատազրկման, այդ օրը ես կասեմ, որ Հայաստան պետությունը վերջապես կայացավ:

Ոչ միայն օրենքով գողերը, այլև յուրաքանչյուր ոք, ով կհայտարարի, որ ինքը գողական է կամ հարգում է գողականին, որ ինքը գողական մարդուն լավ տղա է համարում, ուրեմն պիտի համարվի ահաբեկիչ ու անհապաղ պատասխանատվության ենթարկվի, իսկ դրանց մեջից եթե կգտնվեն ոմանք, որոնք կհասցնեն փախչել հանրապետությունից, պիտի ինտերպոլի միջոցով օտար երկրներում ձերբակալվեն ու հանձնվեն Հայաստանի արդարադատությանը։

Մեկնաբանություն
X