Եթե Ռուսաստանում պուտինիզմը չհաղթահարվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի

Ազգի միասնության մասին բաժակաճառեր արտասանողներին ի գիտություն. Ազգը միասնական է միայն այն դեպքում, երբ բոլոր խավերն ու դասակարգերը ունեն իրենց արջև դրած ընդհանուր խնդիրներ, դրան հասնելու միասնական տեսլական, և երբ որ այդ դասակարգերի ներքին (կորպորատիվ) շահերը միմյանց չեն հակասում: Սակայն Հայաստանի դեպքում ունենք 3-ից 5%-անոց վերնախավ` քրեաօլիգարխիա, դրանք այն մարդիկն են, որոնք օրենքից վեր են կանգնած. այդ մարդկանց իրավունք է տրված մնացածի հետ անել ամեն ինչ` կեղեքել, հարստահարել, անմարդկային ձևերով շահագործել, ստորացնել, ծաղրել, նույնիսկ սպանել ու այդպես շարունակ:

Այդ խավը արդեն վաղուց կտրվել է հասարակությունից ու ապրում է բոլորովին ուրիշ, ինչ-որ վիրտուալ աշխարհում: Սրանցից հետո գալիս են բնակչության 15-ից 25%-ը կազմող պետական կառավարման համակարգում ներգրավված բյուրոկրատական նոմենկլատուրան, ուժայիններն ու «վերևներ»-ի սազանդար «մտավորականությունը», որոնք սպասարկում են բացառապես քրեաօլիգարխիկ վերնախավի շահերը, և որի դիմաց ընդհանուր կերակրատաշտից բաժին են ստանում, ինչպես նաև սեփական բիզնես ունենալու իրավունք:

Իսկ մնացած ժողովուրդը ապրում է սարսափելի պայմաններում, թշվառության մեջ, որոնք բոլորովին իրավազուրկ են, թողնված ճակատագրի քմահաճույքին: Այս վիճակն է պատճառը, որ մեր ազգը միասնական չի կարող լինել, որովհետև ազգի բացարձակ մեծամասնության ամենագլխավոր պրոբլեմի լուծումն իրենց մարդկային ու քաղաքացիական իրավունքների վերականգնումն է, որը ուղիղ հակասության մեջ է մտնում վերնախավի ու նրանց սպասարկող չինովնիկների շահերի հետ:

Այսինքն՝ մեր հասարակության դասակարգային անտիգոնիզմը այնքան մեծ է, որ նրանց միջև համագործակցությունը կարող է լինել միայն ու միայն տեր և ծառա հարաբերությունների տրամաբանության մեջ, այլ տարբերակ գոյություն չունի: Իսկ մի բուռ տերերի ու համատարած ստրուկների վերածված հայ ազգը ի վիճակի չի լինելու դիմագրավել արտաքին, օր օրի ահագնացող վտանգները, ու եթե ևս մի քանի տարի արմատական փոփոխություններ տեղի չունենան, ապա հայությունը դատապարտված է բնաջնջման:

Ոմանք պնդում են, որ փրկությունը ապստամբության միջոցով քրեաօլիգարխային վտարել կամ ֆիզիկապես բնաջնջելն է, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել իրավական և ժողովրդավար երկիր, սակայն այդ տարբերակի իրողություն դառնալու հավանականությունը շատ քիչ է ու կախված է բացառապես մեր մետրոպոլիայի` Ռուսաստանի ներքաղաքական զարգացումներից: Եթե Ռուսաստանում պուտինիզմը չհաղթահարվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X