Խայտառակ իրավիճակ Երևանի երկաթուղային կայարանում (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը այսօր Երևան-Գյումրի պետք է ուղևորվեր անվճար հիմունքներով: «Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս ակցիան իրականացնում է գնացքի շահագործման առաջին մի քանի չվերթների համար: Սակայն այն, ինչ կատարվեց Երևանի երկաթուղային կայարանում, անկանխատեսելի էր ոչ միայն երկաթուղու աշխատակիցների, այլև քաղաքացիների համար:

124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ցանկություն ունեին 1000 –ից ավելի քաղաքացիներ: Թե երբ էին հասցրել սպառվել տոմսերը, շատերի համար հանելուկ էր: Անվճար տոմս ձեռք բերելու համար կայարանում առավոտյան ժամը 7-ից մարդկանց մեծ խումբ է հավաքվել, սակայն նրանցից շատերին էլ չի հաջողվել տոմս ձեռք բերել: Կանանցից մի քանիսը բողոքում էին, որ տեսել են, թե ինչպես ինչ-որ տուրիստական կազմակերպության ղեկավար միանգամից ձեռք է գցել 40-50 տոմս , իսկ ոմանք էլ պնդեցին, թե ինչ-որ մեկը կայարանից դուրս տոմս էր վաճառում:

Այս առիթով անգամ մի խումբ քաղաքացիներ վեճի բռնվեցին կայարանապետի հետ: Տոմսավաճառը որևէ բացատրություն չուներ: Միայն ասաց, որ տոմսերը սկսել են տրամադրել գնացքի շարժվելուց 40 րոպե առաջ, իսկ գնացքը մեկնում է ժամը 10:00-ին: Գնացքի ժամանման պահին իսկական խայտառակ վիճակ էր:

Հսկիչներին մի կերպ էր հաջողվում ներս թողնել այն ուղևորներին, ովքեր տոմսեր ունեին: Երիտասարդների մի խումբ էլ պնդում էր, որ տեսան, թե ինչպես մի խումբ քաղաքացիների՝ առանց տոմսի, հսկիչները գնացք նստեցրին՝ խնդրելով հեռու կանգնել եւ մի քիչ սպասել: «Հարավկովկասյան երկաթուղու» պատասխանատուները պնդում են, որ անկանխատեսելի էր ստեղծված իրավիճակը, որպեսզի նույն խայտառակությունը չկրկնվի, ստիպված են վերանայել հաջորդ օրերի հայտարարությունները, ըստ որոնց գնացքը կրկին անվճար սպասարկելու է մարտի 8-ին եւ 11-ին:

Ավելին՝ աշխատակիցները զարմացած էին «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի հաղորդագրությունից, թե ինչպես է գնացքը մարտի 8-ին մեկնելու, եթե այդ օրը չվերթ չունի: Ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեցինք անձամբ խոսել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ: Վերջինս երբ հասկացավ լրագրող է իր հետ զրուցում, միանգամից հրաժարվեց խոսել:

Նշենք, որ նոր էլեկտրագնացքի մեկ տոմսի արժեքը 2500 դրամ է սահմանված: էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ,կիրակի օրերին, էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե: Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

Արևիկ Հակոբյան

Տեսանյութը՝ սլայդում։

Մեկնաբանություն
X