Եթե Անանիա Շիրակացուն հաջողվեց տիեզերքը բերել Հայաստան, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել մեր սերունդը

Օրեր առաջ տեղեկացա, որ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը Հայաստանում աստղացուցարան և գիտական կենտրոն ստեղծելու ծրագիր է նախաձեռնել: Իհարկե սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, քանի որ այն հաստատապես պարարտ հող է նախապատրաստելու Հայաստանում գիտության զարգացման համար: Ինչպես Արմենն է նշում, տիեզերքը պետք է բերել Հայաստան, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է աստղացուցարան ունենալ: Այս ամենի համատեքստում կարևոր է նկատի ունենալ այն փաստը, որ պատմական զարգացման տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանն ունեցել է գիտության զարգացման լավագույն ավանդույթները: Հայ գիտնականների հետաքրքրությունների տիրույթում են գտնվել գիտության գրեթե բոլոր ոլորտները և աստղագիտությունն էլ այդ տեսանկյունից բացառություն չէ:

Բավական է առանձացնել միայն Անանիա Շիրակացուն և Հովհաննես Սարկավագին, որոնք տիեզերքի ուսումնասիրման գործում բավականին ուշագրավ արդյունքներ են արձանագրել: Ավելորդ չի լինի հիշատակել նաև Վիտոր Համբարձումյանին, որը աստղաֆիզիկան դարձրեց հայկական գիտական միջավայրի անբաժանելի մասնիկներից մեկը: Այսինքն՝ եթե միջնադարյան գիտնականներին և Վիկտոր Համբարձումյանին հաջողվել է տիեզերքը բերել Հայաստան, ապա ինչու՞ ներկայումս նույնը չի կարող անել մեր սերունդը: Կարծում եմ խնդրի արդիականության տեսանկյունից տեղին կլինի հակիրճ շարադրանքով ներկայացնել և արժևորել Անանիա Շիրակացու գիտական ժառանգությունը, ինչը կարող է հավելյալ ազդակ դառնալ մեծ գործի նախաձեռնման ճանապարհին՝ շեշտադրելով գիտության զարգացման հրամայականը:

Լուսնի վրա կան բազմաթիվ խառնարաններ: Բայց հայաստանցիներին կարող է հետաքրքրել հատկապես մեկը, որն անվանակոչվել է 7-րդ դարի խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու անվամբ: Իսկ նախաձեռնությունը պատկանում է Վիկտոր Համբարձումյանին: Իհարկե դժվար չէ գուշակել Համբարձումյանի այդ նախաձեռնության շարժառիթը: Ամենայն հավանականությամբ նա փորձել է աշխարհի համար ճանաչելի դարձնել հայ ժողովրդի գիտական ժառանգությունը, որի սյուներից մեկն է հանդիսանում Անանիա Շիրակացին: Ո՞վ էր ի վերջո Շիրակացին: Նա այն եզակիներից էր, որն ամբողջ կյանքը նվիրել էր գիտությանը, պայքարել էր գիտության համար՝ կանգ չառնելով տարատեսակ փորձությունների և անշրջելի թվացող արգելքների առջև: «Ստացիր զիմաստութիւնն, և յաւել արգել զտգիտութիւնն՝ խաւար կոչելով զծնողն» (Ստացիր իմաստություն և առավել պարսավիր տգիտությունը՝ իբրև խավարի ծնունդ): Ահա այս իմաստասիրական կոնցեպտն էր առաջնորդում Շիրակացուն իր որոնումների մեջ՝ դառնալով նրա ամբողջ կյանքի ուղեկիցը:

Նրա համար գիտությունը ամեն ինչից վեր էր և չիմացության խավարից փրկվելու միակ ճանապարհը: Դրանից ելնելով Շիրակի Անանիա գյուղում ծնված երիտասարդը իր գիտական գործունեության առաջնային հիմնասյունն է դարձնում քննական մտածողությունը՝ դեմ դուրս գալով կրոնական ֆանատիզմին և կարծրացած միստիկ ճշմարտություններին՝ «Դու զգիտութիւն մերժեցեր, մերժեսցից և ես զքեզ»: Հաշվի առնենք, որ խնդրո առարկան ի վերջո վերաբերում է 7-րդ դարին, և մոտեցումներն այս կարող էին շատ թանկ արժենալ Շիրակացու համար: Նա կարող էր պիտակվել որպես հերետիկոս և զրկվել ամեն ինչից՝ ընդհուպ կյանքից: Պատահական չէ, որ նրա գիտական որոնումները զայրութ և ատելություն են առաջացրել ժամանակի խավարամիտ հոգևորականների մեջ: Վերջիններս հետապնդել են Շիրակացուն՝ զազրախոսելով և կեղծ տեղեկություններ հաղորդելով նրա մասին: Կան վկայություններ, որ նույնիսկ Շիրակացու մահվանից հետո, նրա աշխատությունները երկար ժամանակ գտնվել են արգելանքի տակ:

Արգելանքի գոյության փաստը ակնհայտորեն տեսնում ենք 11-րդ դարի գիտնական Գրիգոր Մագիստրոսի մի նամակում՝ ուղղված Պետրոս կաթողիկոսին, որտեղ վերջինիս խնդրում է փոխանցել Անանիա Շիրակացու աշխատությունները և տարակուսանք է հայտնում դրանց նկատմամբ գոյություն ունեցող անփույթ վերաբերմունքի համար:

Իհարկե միտքը և հատկապես լուսավոր միտքը երկար ժամանակ հնարավոր չէ արգելանքի տակ պահել, ի վերջո այն հաղթանակում է՝ դուրս գալով երկաթյա կապանքներից: Պատահական չէ, որ Շիրակացուց հետո բնական գիտությունների ոլորտում հանդես եկող բացառապես բոլոր մատենագիրները՝ Հովհաննես Սարկավագից մինչև Հակոբ Ղրիմեցի, խորապես ազդվել և օգտվել են հենց նրա աշխատություններից: Շիրակացին անկասելի էր նաև կենդանության օրոք: Իր ինքնակենսագրության մեջ նա գրում է, որ ոչ ոք չգտնվեց մեծարող և շնորհակալ իր աշխատանքի նկատմամբ, այլ կեղծավորներն ու սնափառները, որոնք ուզում էին գիտնականի կեցվածք ընդունել, իրենց տգիտությամբ պարսավանքի խոսքեր էին ասում: Բայց դա չի խանգարել նրան մեծազոր գիտությունը բերել Հայաստան` առանց որևէ մեկի աջակցության, այլ իր անձնական ջանքերի շնորհիվ: Եթե փորձենք վերլուծել Շիրակացու ինքնակենսագրության առանձին հատվածները, ապա պարզ է դառնում է, որ եղել է լրջագույն կոնֆլիկտ, և այդ համատեքստում նրա գիտական տեսությունները բախվել են քրիստոնեական պաշտոնական վարդապետության հռչակած սկզբունքերի հետ:

Հետևելով անտիկ գիտնականներին՝ Շիրակացին համոզված էր, որ երկիրը գնդաձև է: Նա այն համեմատել է ձվի հետ՝ դեղնուցը կլոր մեջտեղումն է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից: Այդ նույն տրամաբանությամբ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը, և երկինքը շրջապատում է չորս կողմից: Իսկ Աստվածաշնչի համաձայն երկիրը տափարակ մի հարթություն էր: Նա բնությունը տեսնում էր շարժման և փոփոխության մեջ, և երկրի վրա գտնվող ամեն ինչ կազմված է չորս նախասկիզբ տարրերից՝ հողից, ջրից, օդից և կրակից: Կտրականապես հերքելով Ծիր Կաթինի մասին առասպելները, հիմնավորում է, որ դա մանր, աղոտ լույս ունեցող աստղերի կուտակումն է, այլ ոչ թե Վահագնի կողմից գողացված Բարշամ աստծո հարդը, Հերա աստվածուհու ստինքից թափված կաթը կամ էլ Պերսիֆոնիա աստվածուհու առագաստը: Շիրակացին կտրականապես մերժում է եկեղեցական հայրերի այն տեսակետը, իբրև թե լուսինը ունի իր սեփական լույսը: Նա պնդում էր, որ այն իր լույսը ստանում է արեգակից և արտացոլվում` ինչպես արևի լույսը հայելու մեջ: Խոսում է նաև արևի ու լուսնի խավարումների մասին՝ հերքելով երկնային վիշապի շարժումների անհեթեթ տեսությունը, որի պատճառով իբրև թե խավարում էր լինում: Ավելին, փորձում է բացատրել, որ արեգակն իր շարժման ընթացքում գտնվում է հյուսիսային կիսագնդում, իսկ լուսինը՝ հարավային, երկիրն ընկնում է նրանց միջև ու արգելակում արեգակի լույսի թափանցումը դեպի լուսին, իսկ երբ լուսինն է ընկնում արեգակի և երկրի միջև, ապա արգելակվում է արևի լույսի թափանցումը դեպի երկիր: Բացի այդ նա նշում էր, որ արեգակը շատ ավելի մեծ է, քան երկիրը, բայց հեռավորության վրա փոքր է երևում, դրանից ելնելով փորձել է հասկանալ, թե երկնային լուսատուները ինչ հեռավորության վրա են գտնվում երկրից: Ուշագրավ է, որ Շիրակացին մանրամասն քննության է առել նաև լույսի և ձայնի արագության խնդիրը: Մասնավորապես բերում է կայծակի օրինակը, ինչպե՞ս է, որ մենք նախ լույս ենք տեսնում, հետո միայն որոտը լսում: Դրանից եզրակացնում է, որ լույսն ավելի արագ է, քան ձայնը: Նա նաև Մետոնի նշանավոր աղյուսակների հիման վրա հետևել է լուսնի ընթացքին և դրանից կարելի է ենթադրել, որ ունեցել է իր աստղադիտարանը ու դիտարկումներ իրականացրել:

Ավելի քան օրինաչափ է, գիտական հետաքրքրությունների այս շղթան և դրա հիման վրա կառուցվող աշխարհայացքն ու աշխարհընկալումը չէին կարող կոնֆլիկտի մեջ չհայտնվել եկեղեցու, ինչպես նաև առհասարակ ձևավորված հասարակարգի հետ: Բայց տեղի է ունենում այն, ինչը բնորոշ է բոլոր հանրույթներին: Գիտությունն ու բանականությունը մի կողմ դրած, խավարն ու ամբոխահաճ դոգմատիկան առաջնային սնունդ դարձրած միջավայրը՝ հայտնվելով ճգնաժամի մեջ, վերստին կարիքն է զգում գիտական մտքի և բանականության: Միշտ այդպես է լինում: Հայոց շարժական տոմարը խառնաշփոթի էր ենթարկվել և անհրաժեշտ էր բարենորոգել այն, քանի որ եկեղեցին չէր կարողանում որոշել Հիսուս Նազովրեցու Հարության տոնի հիշատակման օրը, որը շարժական էր: Հարության տոնը Քրիստոնեության առանցքն է, այն հիմնասյունը, որի վրա կառուցվում է ամբողջ կրոնական համակարգը: Դրանից ելնելով տոնի հիշատակման օրը չգտնելը լրջագույն մարտահրավեր է քրիստոնեական հասարակության համար, հատկապես, որ բոլոր մնացյալ տոների օրերը որոշվում են դրա հետ համապատասխանեցված: Ովքե՞ր պետք է որոշեին դրա օրը, Շիրակացուն հայհոյող խավարամիտ հոգևորականները, թե՞ բախտագուշակները: Իհարկե ո՛չ, զի գործ ունենք մաթեմատիկական բարդագույն հաշվարկների հետ, որի համար անհրաժեշտ են տիեզերագիտական լրջագույն գիտելիքներ: Եվ այդ գործը վստահվում է համարողական արվեստի գիտակ Անանիա Շիրակացուն: Անաստաս կաթողիկոսի պատվերով նա գրում է իր հայտնի տոմարական աշխատությունը, որը կոչվում է Քննիկոն:

Փաստորեն Շիրակացին կազմել է տոմարական մատյան, որտեղ բարեկարգել է հայոց շարժական տոմարը և սահմանել է տոների ճշգրիտ օրերը: Տոմարական մատյանը կազմված է մի քանի բաժիններից և սկսում է ժամանակագրությունով: Դա է պատճառը, որ Շիրակացու աշխատությունը հաճախ շփոթել են Եվսեբիոս Կեսարացու Քրոնիկոնի (ժամանակագրություն) հետ և տվել են հենց այդ անվանումը: Արդի հայագիտության համար այդ խնդիրը արդեն վաղուց պարզ է և հստակ ապացուցված է, որ աշխատության անվանումը Քննիկոն է, այլ ոչ թե Քրոնիկոն: Վերջինս զուտ ժամանակագրություն է, իսկ Քննիկոնը ավելի լայն շրջանակներ ունեցող աշխատություն է, որը պարունակում էր նաև ժամանակագրություն:

Քննիկոնի առանձին բաժիններն են եղել նաև Ծննդյան ու Զատկի ճառերը: Առաջինի մեջ Շիրակացին մանրամասն հիմնավորում է Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին նշելու անհրաժեշտության մասին: Տոմարական մատյանի բաժիններից մեկում, որտեղ նա գրում է տարբեր ազգերի տոմարների, ամսանունների մասին, հարուստ տեղեկություններ է հաղորդում նաև աղվանների մասին: Ինչպես գիտենք, հարևան Ադրբեջանում բուռն «վերելք» է ապրում աղվանագիտությունը` հիմնավորելու համար Ադրբեջանի պատմական Աղվանքի հետնորդը լինելու փաստը: Ադրբեջանցի գիտնականները երևի թե տեղյակ չեն, որ աղվանների տոմարի, ամսանունների և սոցիալ-մշակութային այլ դրսևորումների մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվել միայն հայերեն, այն էլ Անանիա Շիրակացու Քննիկոնում:

Չխորանալով այլ մանրամասների մեջ, միայն նշենք, որ սխալվելու չնչին հավանականությամբ եկեղեցու համար գրված հենց այս տոմարական մատյանի շնորհիվ Շիրակացին փրկվեց դատաստանից: Անանիա Շիրակացու գիտական գործունեության գլուխգործոցը թերևս թվաբանության դասագիրքն է: Ընդհանրապես մաթեմատիկան (համարողական արվեստ) նա համարում էր գիտությունների մայրը, հիմքը ամեն ինչի: Եվ հենց այդ նպատակով էր նա մեկնել արտերկիր, որպեսզի հմտանար թվաբանության մեջ և գիտելիքներով զինված վերադառնար հայրենիք: Երկար դեգերումներից հետո ի վերջո Կ. Պոլսի ճանապարհին նրան խորհուրդ են տալիս մեկնել Տրապիզոն, որտեղ գիտա-մանկավարժական գործունեություն էր ծավալում հայտնի գիտնական Տյուքիկոսը: Վերջինս բյուզանդական զորքերի հետ միասին եղել էր Հայաստանում և փայլուն տիրապետում էր հայերենին: Շիրակացին դառնում է Տյուքիկոսի սիրելի աշակերտը և առաջացնում է արքունի երեխաների նախանձը, որոնք նույնպես սովորում էին այդ դպրոցում: 8 տարվա ուսումնառությունից հետո համարողական արվեստի մեջ մասնագիտացած Շիրակացին վերադառնում է Հայաստան: Հայրենիքում նա դպրոց է հիմնում՝ փորձելով տարածել գիտական իր կենսափորձն ու իմացությունը:

Վերստին վերադառնալով Թվաբանության դասագրքին ներկայացնենք դրա մեջ տեղ գտած բազմաթիվ խնդիրներից մեկը: Այդպես ավելի հեշտ պատկերացում կկազմենք նրա դասավանդման մեթոդիկայի և ընդհանրապես աշխատության մասին:

«Ես հորիցս այսպես լսեցի. Պարսիկների դեմ հայերի մղած պատերազմի ժամանակ մեծ քաջագործություններ է կատարվում Զորակ Կամսարականի կողմից, որպես թե մեկ ամսվա մեջ երեք անգամ հարձակվում է պարսկական զորքերի վրա: Առաջին անգամ նա կոտորում է զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ հարձակման ժամանակ կոտորում է քառորդ մասը, երրորդ անգամ հարձակվելիս` տասնմեկերորդը, իսկ մնացածները, թվով երկու հարյուր ութսուն, փախչում են Նախիջևան: Արդ՝ մնացածների հաշվով մենք պարտավոր ենք իմանալ, թե կոտորածից առաջ որքա՞ն էր պարսկական զորքը»: Հետաքրքիր կլինի, եթե ընթերցոցները փորձեն լուծել այս խնդիրը, միայն նշենք, որ համանման առաջադրանքները մեզ համար արժեքավոր են ոչ միայն մաթեմատիկայի տեսանկյունից, այլ նաև պարունակում են հարուստ պատմագիտական նյութ՝ ինչպես այս դեպքում: Ինչպես տեսանք, խնդրի մեջ հիշատակվում է Կամսարական իշխանը, ի դեպ` դա միակ դեպքը չէ և դրանից ելնելով կարող ենք ենթադրել, որ Թվաբանության դասագիրքը պատվիրել են հենց Կամսարական իշխանները:

Անանիա Շիրակացու գիտական ժառանգության մասին անվերջ կարելի է խոսել: Նա իրավամբ համարվում է բնական գիտությունների սկզբնավորողը հայ իրականության մեջ և դրանից ելնելով գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում տարատեսակ գիտակարգեր՝ աստղագիտությունից մինչև մաթեմատիկա և աշխարհագրությունից մինչև տոմարագիտություն: Նա արժեքավոր տեղեկություններ է հայտնում նաև բուսականության, կենդանատեսակների և չափ ու կշռի միավորների մասին: Իհարկե չենք կարող չխոսել մյուս կոթողային նշանակություն ունեցող աշխատության մասին, որն է` «Աշխարհացույցը»: Դրա մեջ առանձին բաժիններ են հատկացված Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի երկրներին: Երկրները հիմնականում նկարագրված են էթնիկական կազմի հիման վրա: Դա չափազանց կարևոր աղբյուր է հին աշխարհի էթնիկական ատլասը կազմելու համար: Աշխարհացույցի մեջ Շիրակացին մեծ տեղ է հատկացրել գետերին և լճերին, մասնավորապես՝ մանրամասն նկարագրված է Մերձավոր Արևելքի գետային համակարգը: Աշխատության ամենից կարևոր և բացառիկ բաժինը Մեծ Հայքի 15 նահանգների նկարագրությունն է, որը կառուցված է Արշակունյաց Հայաստանի վարչաքաղաքական բաժանման հիմքի վրա: Ճշգրիտ պատմա-աշխարհագրական տեղեկություններից զատ, դրա միջոցով ուրվագծվում և խճանկարի տրամաբանությամբ հավաքվում է նաև հոգևոր հայրենիք կոչվածը: Բավական է միայն նշել, որ մինչև օրս հայ երեխաները դպրոցներում իրենց պատմական հայրենիքը ճանաչում և սովորում են հենց այդ վերականգնված քարտեզի միջոցով: Հոդվածի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս առանձին-առանձին, առավել խորքային մոտեցմամբ անդրադառնալ Անանիա Շիրակացու կյանքին և աշխատություններին: Ինչպես տեսաք, գործ ունենք անվերջանալի տիեզերքի հետ, որի միայն աննշան ու փոքրիկ հատվածը փորձեցինք ներկայացնել այստեղ:

Վերջաբանի փոխարեն միայն հույս հայտնենք, որ իմ շատ լավ բարեկամ Արմեն Գրիգորյանը կկարողանա կյանքի կոչել իր երազանքը, այն է՝ տիեզերքը բերել Հայաստան՝ Շիրակացու համառությամբ և անզիջում նպատակասլացությամբ: Ինչպես նշեցինք արդի Հայաստանի հետագա ընթացքը անհնար է պատկերացնել առանց գիտության և հատկապես բնական գիտությունների զարգացման:

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X