Օրենքի տառին ու բառին հավատարիմ

Մարդկայնորեն հասկանում եմ բոլոր այն անձանց դժգոհությունները, թե ի՞նչ եք կպել Արմեն Սարգսյանից, ի՞նչ կարեւոր է՝ երբ է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից․ 2012, թե՞ 2014 թվերին։

Մենք սփյուռք ունեցող ազգ ենք, սփյուռքը մեր հարստությունն է, եւ հիմարություն կլիներ սփյուռքի ներուժը Հայաստան պետության շենացման համար չօգտագործելը։ Ժամանակին հենց այս նկատառումներով ընդունվեց «Երկքաղաքացիության մասին» օրենքը, այս նկատառումներից ելնելով էլ՝ ոմանք պնդում են, որ երկրի կառավարմանն ավելի լայնորեն պետք է ներգրավել սփյուռքահայերին՝ ընդհուպ մինչեւ խորհրդարանը երկաստիճան դարձնելով եւ դրա մի պալատում սփյուռքից ներկայացուցիչներ ընտրելով։ Դեմ չեմ՝ ազգօգուտ առաջարկներ են։ Անգամ կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը բավականին լավ տարբերակ է՝ որպես ՀՀ հաջորդ նախագահ, մանավանդ՝ երբ դիտարկում ես մյուս «տարբերակները»։ Բայց մի հարցում մենք, այնուամենայնիվ, պետք է կողմնորոշվենք՝ օրենքը պարտադի՞ր է կիրառման համար, թե՞ օրենքները գրում ենք՝ դրանք խախտելու նախապես որոշված մտադրությամբ։ Եթե մենք ունենք սփյուռքն ավելի լիարժեք օգտագործելու նպատակ, եւ դրան խանգարում են Սահմանադրությամբ որոշված ցենզերը, գուցե արժե՞ր հրաժարվել այդ ցենզերից, հենց Սահմանադրության մեջ գրել մեր՝ զուտ հայկական պահանջները։ Որ արդյունքում չամրագրվեր Սահմանադրությունը խախտելու այս արատավոր ավանդույթը։

Իսկ եթե գրել ենք, եւ դրանից խուսափել հնարավոր չէր, Վենետիկի հանձնաժողով, Եվրախորհուրդ, միջազգային ստանդարտներ կան՝ ի վերջո, ուրեմն բարի եղեք հավատարիմ մնալ օրենքի տառին։ Կիրառել ու կատարել այն, ինչքան էլ բարդ ու տհաճ լինի դա։ Դա մեզ կպաշտպանի ցանկացած այլ դեպքերում եւ ցանկացած անձի կողմից օրենքը խախտելու գայթակղություններից։

Մեկնաբանություն
X