Սերժ Սարգսյանը վարչապետ կընտրվի անզուսպ ծափահարությունների և սիրո խոստովանությունների ներքո

Այսօր խորհրդարանն ընտրեց Հայաստանի Երրորդ Հանրապետության չորրորդ կամ էլ՝ Չորրորդ Հանրապետության առաջին նախագին։ Ինչպես ուզում եք անվանեք, միևնույնն է, իրերի էությունը դրանից չի փոխվում։ Սահմանադրական փոփոխությունների երկարատեւ գործընթացն ի վերջո հասավ իր տրամաբանական ավարտին, Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է։ Մնացել է միայն արարի վերջին գործողությունը՝ վարչապետի ընտրությունը, որն էլ շուտով կյանքի կկոչվի՝ հարթ ու սահուն ընթացակարգով, ինչպես նաև՝ անզուսպ ծափահարությունների և սիրո կրքոտ խոստովանությունների ներքո։

Մեծ հաշվով ժամանակաշրջանը կարող ենք բնորոշել որպես «ծույլ» նախագահների շրջափուլ՝ Մերովինգների ժամանակաշրջանի Ֆրանկական պետության օրինակով։ Նախագահը պետության գլուխն է, բայց իրականում նա անմասն է առանցքային որոշումների կայացման պրոցեսներից։ Իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է վարչապետի ձեռքում։ Մերովինգների շրջանում իրավիճակը բնորոշվում էր որպես «ծույլ» թագավորների ժամանակաշրջան, քանի որ թագավորները մեկուսացված էին պետության կառավարման գործից եւ այդ գործընթացները ստանձնել էին մայորդոմները։ Կամ էլ՝ նախագահին տրվել է միջնադարյան գերմանական կայսեր կարգավիճակ։ Ֆորմալ առումով կայսրն ուներ կատարյալ իշխանություն, իսկ մնացյալ իշխաններն ու թագավորները վասալական կախվածության մեջ էին գտնվում նրանից։ Բայց փաստացի նա որեւէ իշխանություն եւ ազդեցություն չուներ եւ սահմանափակված էր միայն իր տիրույթներում եւ ոչ ավելին։ Հայաստանի նախագահը նույնպես սահմանափակված է միայն իր նստավայրով և գեղեցիկ ծիսակարգերով։

Վերադառնանք Սերժ Սարգսյանին։

Փիլոն Ալեքսանդրացին իր «Երկրագործություն» աշխատության մեջ առանձնացնում է երկու կարեւորագույն եզրույթ՝ երկրագործ եւ հողի մշակ։ Հողի մշակը չունի խորը գիտելիքներ եւ դրանք նրան ոչ էլ պետք են, քանի որ իր գործը նա անում է հանուն վարձատրության։ Պետության կառավարման տեսանկյունից հողի մշակին համապատասխանում է թույլ կառավարիչը կամ էլ բռնապետը։ Իսկ երկրագործը ամեն ինչ անում է, որպեսզի իր հողը ծաղկի, նա ցանկանում է տեսնել իր ստեղծած բարիքը։ Երկրագործի հիմնական հատկանիշը արդարադատությունն է, քանի որ բնությամբ նրան տրված է առաջնորդ լինել բույսերի եւ մահկանացու կենդանիների համար։ Այսինքն` երկրագործը համապատասխանում է օրինական եւ առաքինի առաջնորդին, որը հանրության ընտրյալն է։ Հիմա ընտրեք, թե սրանցից որ մեկն է Սերժ Սարգսյանը, հողի մշա՞կը, թե՞ երկրագործը։ Կարծում եմ նա ընդամենը հողի մշակ է, որը մի ամբողջ պետության սահմանադրություն փոխեց՝ հավերժ ու անվերջ իշխանություն ունենալու ակնկալիքով։

Ներկայումս նա փորձում է ներկայանալ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, իսկ «պետականամետ» վերլուծաբանները հանրությանը համոզում են, որ, այո՛, Սարգսյանը վատն է, բայց փոխարենը այլընտրանք չունի, քանի որ նա միակն է, որը կարողանում է Հայաստանը պաշտպանել թուրք-ադրբեջանական սպառնալիքներից։ Իհարկե սա ցնորք է, ցնորք, որի միջոցով մոլորեցնում են մարդկանց։ Սերժ Սարգսյանի, ինչպես բոլոր բռնապետների, տիրապետության շարունակականության պահպանման առաջնային գործիքը soft power-ի (փափուկ ուժ) կիրառումն է։ Այսինքն` ստեղծելով ժողովրդավարության եւ ազատությունների պատրանք, իրականում հենց ժողովրդավարությունն ու ազատությունը վերահսկելի են եւ կառավարելի։ ՀՀԿ-ին եւ նրա առաջնորդին քննադատելը չի արգելվում, նույնիսկ խրախուսվում է, բայց այդ քննադատությունը նման է գլխով հաստ պատին հարվածի։ Պատը չի վնասվում, իսկ գլուխը կոտրվում է։ Կոտրվել, իհարկե, խոսքի արժեզրկման իմաստով, քանի որ գործի չփոխակերպվող ճշմարիտ խոսքը ի վերջո հալվում է՝ կորցնելով արժեքն ու ճշմարտացիությունը։ Շատերն են հայտարարում, թե Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրել, կա խոսքի ու մամուլի ազատություն։ Իհարկե կա, եթե չլիներ, ապա այս տողերի հեղինակն այդքան ինքնավստահ դեմքի արտահայտությամբ չէր գրի այս տեքստը։ Բայց ժողովրդավարությունը առաջընթաց է արձանագրել ոչ թե որպես օրինաչափ եւ սահուն զարգացող գործընթաց, այլ պարզապես Սերժ Սարգսյանն է այդպես ցանկացել։ Այսինքն, երբ ժողովրդավարության ինստիտուտները դրսեւորվում են էմիրի բարեհաճությամբ եւ կամքով, ապա դա այլեւս ժողովրդավարություն չէ, այլ պատրանք, փոշի, որը կարող է ամեն վայրկյան անհետանալ ու անէանալ։ Այսինքն` նա դեմոկրատ էմիր է՝ ասիական աշխարհաճանաչողությամբ եւ դեմոկրատ է խաղում զուտ արտաքին ճնշումներից ելնելով, բայց ամեն պահ կարող է դեմոկրատից փոխակերպվել արյունարբու տիրակալի, ինչպես Խորենացու փողոցում։ Այս իրողությունը արժեզրկում է ժողովրդավարությունը, սա փուչիկ է, որն ամեն պահ կարող է պայթել։ Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, երբ անկախ էմիրների կամքից ժողովրդավարությունը կլինի որպես ամրապնդված ճշմարտություն, եւ էմիրի բարեհաճությունը կսահմանափակվի ինստիտուտներով եւ ոչ թե հակառակը։

Ասիական տիրակալի բնազդներով տառապող հայ ղեկավարները այդպես էլ չհասկացան, որ սահմանված ժամկետում հեռանալը պետության համար շատ ավելի մեծ ծառայություն է, քան իրենց գործունեության ողջ ընթացքը ամբողջության մեջ վերցրած։ Նրանք չեն հասկանում, որ պետություն գաղափարի ի հայտ գալու հետ զուգընթաց երեւան է եկել նաեւ իշխանության սահուն փոփոխման հիմնախնդիրը։ Եթե Սարգսյանն իր կամքով հեռանար, ապա նա մեծ ծառայություն կմատուցեր հայ ժողովրդին, իսկ հիմա վաղ թե ուշ ժողովուրդը նրան հեռացնելու է, բայց հեռացման այդ ակտը, պարզ է, որ ծանր է նստելու առաջին հերթին հենց պետության համար։ Կենսունակ են այն երկրները, որոնք կարողացել են այդ հիմնախնդրին պատշաճ լուծումներ տալ՝ հնագույն ժամանակներից, միջնադարից մինչեւ մեր օրերը։

Մոսկվայից և արևմուտքից վասալական կախվածության մեջ գտնվող և էմիրի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանի հավերժ իշխանության մնալու անհագ ճիգը լրջագույն մարտահրավերներ են Արցախի եւ Հայաստանի համար, որոնք կայացման 26 տարվա ճանապարհ են անցել։ Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կործանարար հարված հասցնի Ադրբեջանին, միեւնույն է, նա անցել եւ անցնում է պետության վրայով, տրորել եւ տրորում է պետության գաղափարը։ Նա փոշիացնում է պետությունը, եւ դա էլ ի վերջո կփոշիացնի ռազմաճակատում տոնած նրա հաջողությունների պատրանքը։ Պետք է հստակ ասել, որ երրորդ ժամկետով իշխանության պահպանումն ու հավերժ կարգավիճակի ամրագրումը կործանարար հարվածներ են Հայաստանի համար։

Ափսո՜ս, որ հայաստանցիներն ու արցախցիները չեն հասկանում այս ամենը, չեն հասկանում, որ պատերազմի քարոզչական ազդեցության տիրույթում իրենց երեխաների դիակների վրա կառուցված պետությունը տանում են արկածախնդրության։ Չեն հասկանում, որովհետեւ իշխանությունների իրականացրած ազգայնական-միլիտարիստական դեմագոգիան կուրացրել է նրանց։

Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանի ապագա վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, բայց եթե նա անակնկալ մատուցի և հեռանալու որոշում կայացնի, ապա ես կհրաժարվեմ իմ այս հոդվածից և մի ինքնաքննադատական ակնարկ կգրեմ՝ ներողություն հայցելով Սերժ Սարգսյանից։

Մեկնաբանություն
X