Պարոն Ծառուկյանի հիմնարկը չի կարող պարտքեր ունենալ․ Կենտրոն TV-ի տնօրեն

«Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ են տեղի ունենում, նախ փակվել են մի քանի «երկարակյաց» հաղորդումներ եւ հետո «Կենտրոն» է վերադարձել նախկին տնօրեններից Սերգեյ Ադումյանը, ով դարձյալ ստանձնել է հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը։

Ադումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անսպասելի էր մամուլում կարդալ, որ հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, եւ դրա համար են փակվում հաղորդումները, նա ընդգծում է՝ երբեք ֆինանսական խնդիրներ չեն ունեցել, եւ բոլոր աշխատողներն իրենց աշխատավարձը ստանում են ժամանակին․ «Հակառակը՝ պարոն Ծառուկյանը հիմա նոր ներդրումներ է անելու եւ արդեն անում է, ձեռք ենք բերել նոր տեսախցիկներ, նոր տաղավարներ ենք պատրաստում, ուզում ենք նոր եթերացանց սարքել, նոր եթերաշրջան անել։ Աշնանից կունենանք նոր հաղորդումներ, նախագծեր, սպասում ենք նաեւ նոր առաջարկների։ Հետո գիտեք, լինում են հաղորդումներ, որ սպառում են իրենց, եւ պետք է թարմացնել դրանք, չի կարելի որ շարունակեն այդպես գնալ եթեր, եկել է ժամանակը թարմացնելու եթերացանցը։ Պարոն Ծառուկյանի հիմնարկը չի կարող պարտքեր ունենալ, հատկապես, երբ նոր ներդրումներ է անում, մեծ քանակությամբ տեխնիկա է պատվիրվել, նոր տաղավարներ ենք պատվիրում եւ սպասում ենք նոր եթերաշրջանին, շատ լուրջ նախագծեր ենք անելու»,-ասում է նա։

Ճի՞շտ է, որ 10 հաղորդում է փակվել, Ադումյանը նշեց, թե չգիտի՝ ինչու է հենց 10-ը թիվը շրջանառվում, ամեն դեպքում չի հաշվել․ «Փակվում են այն ծրագրերը, որոնք լճացել են ու չեն դիտվում, օրինակ՝ «Բարի լույսը» պետք է թարմացվի, կա «Մուլտիկնիկ», «Դրայվ նյուզ», «Ավտո դրայվ», կա երաժշտական պրոյեկտ, որը փակվում է, «Դիպված» հաղորդումը․․․ տարբեր ուղղություններից են՝ ժամանցային, սոցիալական, դրանք փակվում են, եւ սկսվում են նոր նախագծեր, մի քիչ մեր ուղղվածությունն ենք թարմացնում, որը նորմալ է, ուզում ենք նոր եթերաշրջանում նոր ձեւի ներկայանալ»։

Ինչ վերաբերում է Արմեն Դուլյանի «Անցում Դուլյանի հետ» հաղորդմանը, ո՞րն էր այն փակելու պատճառը, Ադումյանն ասաց․ «Մենք պարոն Դուլյանին շատ հարգում ենք, եւ պարոն Ծառուկյանն էլ է նրան շատ հարգում, ինքը 2 տարի մեզ մոտ նույն պրոյեկտն է արել, որը չուներ այդքան մեծ ռեյտինգ, այստեղ անձի հետ կապված խնդիր չկա, եթե լիներ՝ 2 տարի այստեղ չէր աշխատի։ Ես առաջարկել եմ պարոն Դուլյանին, որ եթե նոր մտքեր, նոր նախագիծ ունենա՝ մենք մեծ հաճույքով այն կվերցնենք եւ աշնանը կմտնենք նոր եթեր»,-ասում է նա ու հավելում, որ փակված հաղորդաշարերի բոլոր հեղինակներին է առաջարկել նոր նախագծերով վերադառնալ եթեր․«Բայց հինը էլ չի կարող, պետք է փոխվեն գույները հեռուստատեսությունում, ռեբրենդինգի ինչ-որ տարբերակներ ենք մտածում, շատ լուրջ ձեւով ուզում ենք ներկայանալ աշնանը, որովհետեւ պարոն Ծառուկյանը բոլոր պայմանները ապահովել է»։

Թե նոր եթերաշրջանում ի՞նչ բնույթի հաղորդումներ են գերակշռելու՝ քաղաքական, վերլուծական, ժամանցային, թոք շոուներ, սերիալային քաղաքականությունն ինչպե՞ս են տանելու, եւ այդ ամենում կոնկրետ հաղորդումների ռեյտինգն ինչքա՞ն են կարեւորելու, Ադումյանն ասաց․ «Լինելու է եւ ժամանցային, եւ սոցիալական, եւ սերիալ, բայց՝ լավը, տոկոսայինը կնայենք, ժամանցայինը հաստատ շատ չի լինելու, քան սոցիալականն ու քաղաքականը։ «Կենտրոնը» իր դեմքը չի կորցնելու, ուղղակի ավելի լավ ձեւով է ներկայանալու»։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X