Իրավունք

ԱԱԾ-ն ոչ թե երկրի անվտանգությունն է հսկում, այլ իշխանության պաշտպանությամբ է զբաղված

>

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօր պաշտպանական ճառով հանդես կգան վերջին երեք փաստաբանները, ինչպես նաեւ ամբաստանյալները։ Առաջինը ճառով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Վերջինս նշեց՝ ճառը վերնագրել են «Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու ապացույցները»։

Պապիկյանը նաեւ հայտարարեց, որ գործի առաջին իսկ օրից բոլորի համար պարզ էր՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ «ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն գործել են անօրինական կերպով։ ԱԱԾ-ն ոչ թե երկրի անվտանգությունն է հսկում, այլ գործող իշխանությունների պաշտպանությամբ է զբաղված»,- հայտարարեց փաստաբանը:

Ի դեպ, նշենք, որ Արայիկ Պապիկյանը ճառը ներկայացնում է պրոյեկտորի միջոցով, որն էլ ավելի ընկալելի է դարձնում այն։

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X