Իմ գարունը փչացրել են Մարտի 1-ով, աշունը՝ Հոկտեմբերի 27-ով

Մարտի 1-ը 10 տարի է՝ արդեն ասոցացվում է ոչ թե գարնան գալստյան, այլ մեր նորագույն պատմության ամենաողբերգական դեպքերի՝ Մարտի 1-ի ոճրագործության հետ, որի ժամանակ ունեցանք 10 զոհ։

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը հիշում է՝ այդ օրերին Մոսկվայում էր գտնվում եւ շատ ծանր տարավ մարտիմեկյան դեպքերը․ «Երեւանն ալեկոծված էր, ու անհասկանալի էր, թե ինչ է կատարվում քաղաքում։ 10 տարի անց՝ մարտի 1-ին, էլի բոլորս մտքերով այդ ամեն ինչի հետ ենք, որովհետեւ անարդարությունն այս ժողովրդի համբերության բաժակը լցրել է։ Մենք ասում ենք՝ ջղային ենք, մարդիկ ապատիկ վիճակի մեջ են, բայց ոչ մի անարդարացի բան, այս ժողովրդի հետ կապված, մինչեւ օրս չի բացահայտվել․ արդեն 100 տարուց ավել է՝ Ապրիլի 24, հեղափոխություն, հեղաշրջում, բոլշեւիկներ, Հոկտեմբերի 27...։ Ինձ թվում է՝ ինչ-որ տեղ մենք անընդհատ սխալ ենք գործում, չենք կայանում, որովհետեւ Հոկտեմբերի 27-ի դեպքում էլ չպարզվեց, թե ով էր դա պատվիրել։ Այս անարդարության շարանը հոգնեցուցիչ է, ու երբ այսքանից հետո էլի այս ժողովուրդը հույս է փափագում, երեխա է ունենում, ապրում է իր հողի վրա, փորձում է ստեղծագործել, պետք է այս ժողովրդի ոտքերը լվան ու ջուրը խմեն։ Այսքան չբացահայտված անարդարությունների մեջ ոչ մեկը պատիժ չի կրում, թուրքը պատիժ չի կրում, բոլշեւիկը պատիժ չի կրում, կառավարությունը, որ հրաման է տվել կրակելու, պատիժ չի կրում, հետո խոսում են կոռուպցիայից ու անարդարությունից։ Այսօրվա իմ գարունը փչացրել են Մարտի 1-ով, աշունը՝ Հոկտեմբերի 27-ով, այսինքն՝ բնության զարթոնքով այսօր չենք կարողանում ուրախանալ, որովհետեւ մարդիկ սգի մեջ են, իսկ ինչո՞ւ պետք է այսպես լիներ։ Եթե չարագործները, մարդասպանները դատվեին, պատժվեին, մենք այսօր մարտի 1-ը որպես գարնան տոն կնշեինք, իսկ պատմության մեջ այն կնշվեր որպես անարդարության համար զոհված քաղաքացիների արժանապատվության օր»։

Ռեժիսորի կարծիքով՝ այսօր մեր ցավն այդքան մեծ չէր լինի, եթե մեղավորները պատժված լինեին, որովհետեւ անարդարությունը, անպատժելիությունը վաղը նորից դա ունենալու վախն է, կասկածը․ «Դա խորը եւ անբուժելի հետք թողեց բոլորիս վրա։ Մենք այստեղ ենք ապրում՝ այստեղի ամեն օրով, ժողովրդի ներվը բաց է, այդ ներվի վրա ամեն մի շշուկ, թրթիռ շատ արագ է ազդում, մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեկս մյուսին բարեկամ ենք գալիս, ո՞նց կարող է կողքիս մարդուն փողոցում սպանեն, եւ դա իմ վրա չազդի։ Եթե մեր վրա ազդում են Աֆրիկայում, Սիրիայում սովամահ եղող երեխաները, ուր մնաց թե մեր արյունակցի մահը չազդի մեզ վրա։ Ափսոս է այն ժամանակը, որ մենք վատնում ենք մեռելահիշողության վրա, երբ այսօր ամեն ինչ պետք է անեինք, որ երիտասարդությունն ուրախության մեջ ապրեր, արվեստագետն իր գործով զբաղվեր, բայց ամեն ինչն աղավաղված է, եւ այդ անպատժելիությունը շատ վատ է ազդում մեզ վրա, դրա համար շատ բաների մարդիկ այլեւս չեն հավատում, որովհետեւ բլբլոցը շատ է, իրական ասողը՝ քիչ։ Վաղուց գործեր անելու ժամանակն է, ամեն բան կարելի է փոխել, եթե խոսքերից անցնենք գործողության ու փառահեղ երկիր կառուցենք»։

Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ Մարտի 1-ն այն դեպքն էր, որ կարող էր չլինել, եթե մենք մի քիչ հանդուրժող լինեինք իրար նկատմամբ․ «Անցել է 10 տարի, բայց ես ինձ այդ ցավի մեջ եմ զգում, հայ մարդու արյուն է հոսել, եւ առայսօր չի բացահայտվել՝ պաշտոնապես, բայց ներքին կարգով բոլորս գիտենք, թե ինչ է կատարվել եւ ում օրոք է կատարվել։ Դա, ի վերջո, նախորդ նախագահի օրոք կատարվեց։ Պետք է յուրաքանչյուրս դողանք ամեն մեկի վրա, ոչ թե զոհ տանք։ Անդրանիկն ի՞նչ էր անում՝ թուրքերից, քրդերից հայ որբերի էր վերցնում, որ հայ մեծացնի՝ չդառնան թուրք, բայց մենք անփույթ ենք մեր ժողովրդի հանդեպ։ Մեր արյան կաթիլը թանկ է, այն էլ՝ հայոց հողի վրա, որովհետեւ այս զարհուրելի արտագաղթն արդեն սահման չի ճանաչում, որ ուղղությամբ շուռ ես գալիս, նույն խոսակցությունն է։ Մենք պիտի կարողանանք մեր երկիրը ճիշտ կերտել, որպեսզի այս կարգի անախորժ քաղաքացիական ընդհարումներից խուսափենք։ Չի կարելի, հայ մարդը հայ մարդ սպանելու իրավունք չունի։ Պետք է խորհել ու հանգիստ քաղաքականություն վարել, ոչ թե ճակատ ճակատի դուրս գալ։ Ցավով եմ հիշում այդ քաղաքական դեպքերը, ես այդ մասերում էի, տեսել եմ իմ աչքով, գիտեմ ինչ է կատարվել։ Այդ զոհերի հիշատակը թանկ է, խորապես ցավում եմ, ափսոս էին, չպետք է լիներ նման բան, եւ Մարտի 1-ից հետո պետք է մտածենք, որ հանկարծ նման բան էլի տեղի չունենա։ Ասածս վերաբերում է նաեւ սահմանային գծին, չպետք է ասենք՝ մեկ զոհ, ու անցնենք, պետք է մանրակրկիտ բոլորը պատասխան տան, թե ինչու եւ ինչպես է եղել, անմիջական հրամանատարից սկսած մինչեւ մյուսները։ Պետք է հասկանան, որ մարդկային կյանքի հետ գործ ունեն, մարդն իր երեխային երազանքով պահել-մեծացրել է, բերել տվել է ձեզ, որ կյանքը վերցնե՞ք։ Շատ զգույշ պետք է լինենք իրար հանդեպ եւ կրակն ուղղենք միայն թշնամու դեմ»։

Թե քանի իշխանություն պետք է փոխվի, որ Մարտի 1-ի ոճրագործները պատժվեն, Գասպարյանն ասաց․ «Տեսեք, 1918-ից ինչքան տարի է անցել, նոր-նոր ինչ-որ գաղտնիքներ են բացահայտվում, 37-ի ոճրագործությունից 80 տարի է անցել, նոր են որոշ բաներ բացահայտվել, հավանաբար՝ դարձյալ ոչ լրիվ, երեւի պետք է կարգը փոխվի, անմիջական գործի մասնակիցների հիշողությունը թուլանա, որ մի օր մի ազնիվ մարդ բացահայտի ու գրի, բայց հիմա ժամանակներն արագ են առաջ գնում, այնպես չէ, որ 100 տարի պետք է սպասես, եթե ցանկանան՝ կանեն, ամենակարեւորը՝ ցանկություն լինի»։

Դավիթ Գասպարյանը տեղյակ չէ՝ Մարտի 1-ի դեպքերը գրական անդրադարձ ունեցե՞լ են, թե՞ ոչ, համենայնդեպս, իր կարդացած գրականության մեջ չի հանդիպել․ «Իսկ այն, որ ընդհանրապես մեր անկախության տարիների կյանքը՝ Խորհրդային Միության փլուզումից, անկախության հռչակումից, Արցախի ազատագրումից մինչեւ կայացման ձգտող այս վիճակը պետք է դառնա մեծ գրականություն՝ դա փաստ է։ Կոստան Զարյանը գրեց «Նավը լեռան վրա», որն առաջին հանրապետության 3 տարիներն էր ներկայացնում։ Մեծ աչք է պետք, տիտանական գրող, որ գա եւ մեր կյանքը դարձնի գրականություն, ոնց որ Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպով Կարսի անկումն արձանագրեց։ Այսօր, դժբախտաբար, մեդալային, շնորհանդեսային գրականությունը չի ուղղորդում այս դաժան իրականությանը»։

Մեկնաբանություն
X