Հասարակություն

Վարդենիսի համայնքապետարանը կոծկում է թանկարժեք մեքենա գնելու փաստը

>

Մենք պարբերաբար դիտարկում ենք ՀՀ համայնքների պաշտոնական կայքերն ու տեղեկանում համայնքներում տեղի ունեցող միջոցառումների, ավագանիների նիստերի, համայնքների ղեկավարների որոշումների մասին: Հերթական մոնիտորինգի ժամանակ մեր ուշադրությունը գրավեց խոշորացված Վարդենիս համայնքի ավագանու փետրվարի 21-ի նիստի օրակարգի հարցերից մեկը: Չէինք պատկերացնում, որ կառնչվենք համայնքապետարանի կողմից թույլ տրվող ժուլիկությանը (այլ բառով բնորոշել հնարավոր չէ)` փաստը կոծկելուն: Նախ նշենք, որ մեր ուշադրությունը գրաված հարցը վերնագրված էր՝ «Վարդենիսի համայնքապետարանի համար Toyota Camry մակնիշի ծառայողական տրանսպորտային միջոց ձեռք բերելու մասին», իսկ հարցին կից ներկայացված էր նաեւ համապատասխան որոշման word փաստաթուղթը, ինչպես նաեւ ավագանու քվեարկությունը. ավագանին միաձայն (13 հոգով) կողմ էր քվեարկել հարցին: Ուշագրավն այն է, որ խնդրո առարկա մեքենան պետք է գնվի, այսպես ասած՝ «բանկով», գինն էլ էժան չէ՝ 13 մլն 550 հազար ՀՀ դրամ:

Ավագանու որոշման նախագծում մասնավորապես նշված է. «Վարդենիսի համայնքապետարանի ընթացիկ գործունեության հետ կապված հիմնական միջոցի համալրման նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից 60 ամիս մարման ժամկետով, ֆինանսական վարձակալության միջոցով ձեռք բերել 2018թ․ արտադրության Toyota Camry մակնիշի ծառայողական տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքն է 13,550,000 ՀՀ դրամ: Կանխավճարի չափը՝ 20% - 2,710,000 ՀՀ դրամ: Բանկի կողմից ֆին. սահմանաչափ` 80% - 10,840,000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույք - 13%-14%: Գործարքի իրականացման միանվագ միջնորդավճար - 1% ֆինանսավորվող գումարից, բայց ոչ ավել, քան 600,000 ՀՀ դրամ: Միջնորդավճարը գանձվում է միանվագ` ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի կնքման պահին: Ապահովագրություն-պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ ԿԱՍԿՈ ապահովագրություն: Լիզինգի առարկաները ենթակա են պարտադիր տարեկան ապահովագրության «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից, ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ողջ ժամկետի համար:

Ընդ որում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանը պարտավորվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից գրավոր պահանջը` ապահովագրական պոլիսի (ապահովագրական պոլիսների) պատճենն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցել լիզինգի առարկայի ապահովագրության գծով ծախսերը` այդ պահանջի մեջ նշված հաշվեհամարի վրա անկանխիկ փոխանցում իրականացնելու միջոցով: Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման, ծրագրերի կազմման եւ համակարգման բաժնին, ֆինանսական վարձակալության դիմումին համաձայն, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված եւ հաստատված պայմաններով, որոնք կարող են շեղվել վերը նշված պայմաններից, կնքելու վերոնշյալ գործարքի հետ կապված անհրաժեշտ բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը, ինչպես նաեւ գործարքի հետ կապված բոլոր անհրաժեշտ այլ փաստաթղթերը»: Մենք զանգահարեցինք համայնքապետարան՝ պարզելու, թե ինչու է համայնքի ավագանին որոշել նման պայմաններով տրանսպորտային միջոց գնել, մի՞թե հնարավոր չէր այլ պայմաններով ու համեմատաբար ավելի համեստ մեքենա գնել՝ տնտեսելով համայնքի բյուջետային միջոցները:

Համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց: Համայնքապետարանի աշխատակցուհին, որին հայտնել էինք, թե ինչ խնդրով ենք զանգահարել, առաջարկեց կապվել համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ, ով համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 2017 թ․ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում, սակայն ընտրապայքարի կեսից հանեց իր թեկնածությունը, իսկ Ա. Հարությունյանի՝ համայնքապետ դառնալուց հետո ստացավ նրա տեղակալի պաշտոնը: Հեռանկարային ու կառուցողական գործարք էր, ինչ խոսք: Կ. Մկրտչյանը մեզ մի ֆանտաստիկ պատմություն պատմեց առեղծվածային մեքենայի մասին եւ, որ ամենազավեշտալին է, նշեց, թե մեր ասածը թյուրիմացություն է, ոչ մի մեքենայի մասին որոշում էլ ավագանին չի կայացրել, մեզ թվացել է: «Նախ ասեմ, որ մեքենան համայնքապետարանինը չէ, այլ համայնքի ղեկավարի համար անհրաժեշտությունից ելնելով պետք է գնվեր, բայց դա ընդամենը քննարկում է եղել, բացարձակ որոշում չի կայացվել նման… Քանի որ իր հիմիկվա մեքենան ավելի շատ ծախսեր է պահանջում, մենք էդ քննարկել ենք, բայց դեռ համայնքի ղեկավարը վերջնական որոշում չի կայացրել, հլը դա դեռ, եթե կյանքի կոչվի, պետք է դրվի ավագանու նիստին, ավագանին եթե հավանություն տա, կգնենք, բայց դա ուղղակի քննարկում է եղել, չկա նման հստակ բան, որ պետք է մեքենա գնվի»: Մենք պնդեցինք, որ ավագանու նիստի համապատասխան որոշումը ու քվեարկությունը զետեղված են կայքում, ինչին ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց. «Վարդենիսի համայնքապետարանի մեջ նման արձանագրություն չկա բացարձակապես, կարող է դա սխալմունք է եղել, ինչ է եղել…»: Մկրտչյանը, ի դեպ, մի քանի անգամ կրկնեց «սխալմունքի» մասին՝ հերքելով անհերքելին: Հարցրինք՝ համայնքի ղեկավարի ծառայողական մեքենան ի՞նչ մեքենա է, ի՞նչ մակնիշի, արդյոք հնարավոր չէ՞ այն շահագործել: Մկրտչյանը չհիշեց մեքենայի մակնիշը, միայն նշեց, թե դրա տեխնիկական սպասարկումը շատ թանկ է նստում:

Պարզեցինք, որ մեքենան սովետական արտադրության չէ, այլ՝ «ինոմարկա»: Նաեւ՝ որ համայնքի ղեկավարի տեղակալին հատկացված չէ ծառայողական մեքենա, եւ Մկրտչյանն իր անձնական օգտագործման մեքենան է շահագործում՝ համայնքի հազար ու մի խնդիրների հետքերով դեսուդեն անելիս: Ի դեպ, Մկրտչյանի հետ մեր զրույցից հետո ավագանու օրակարգում ընդգրկված այդ հարցն ու ավագանու որոշումն անհետացան կայքից: Ըստ երեւույթին՝ մեր զրույցի ընթացքում կայքի պատասխանատուներին հրահանգվել էր ոչնչացնել հարցը, եւ ենթադրում ենք, որ Մկրտչյանն այդ պատճառով էր վստահ պնդում, որ «համայնքապետարանի մեջ նման արձանագրություն չկա բացարձակապես»: Երբ լրացուցիչ կապվեցինք համայնքապետարանի հետ, մեր հարցին, թե արդյո՞ք հարցը ջնջվել է, հեռախոսավարուհին հրաժարվեց պատասխանել, ասաց, որ կայքով ինքը չի զբաղվում՝ առաջարկելով կրկին դիմել Մկրտչյանին: Նա էլ վերստին վերը բերած իր խոսքերը շարադրեց: Համայնքապետարանի կայքի պատասխանատուներին հայտնենք, որ թեեւ հարցը ջնջված է կայքից, սակայն այն հասանելի է արխիվային տարբերակով («փաստաթուղթը հեռացվել է հեղինակի կողմից» գրառմամբ): Փաստաթղթի հեղինակն էլ Կարո Զարոյանն է՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ՀԳ. Ի դեպ, համայնքապետ ընտրված Արամ Հարությունյանի մասին մամուլում պարբերաբար գրվում է, որ նա Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ղեկավար աշխատած տարիներին, տիրապետելով ֆինանսական աճպարարությունների, յուրացումների նրբություններին, միլիարդներ է դիզել՝ տուն-տեղ դրել, բիզնես հիմնել ՌԴ-ում եւ այլն: Սակայն նրան ամեն անգամ հաջողվել է «մաղարիչի» միջոցով պլստալ պատասխանատվությունից: Մենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռեեստրում փնտրեցինք Հարությունյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, սակայն պարզվում է՝ նա դեռեւս ոչ մի հայտարարագիր չի ներկայացրել՝ այն դեպքում, երբ դա օրենքն է պահանջում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X