Կոտայքի մարզի երիտասարդ դատավորների «համեստ» ունեցվածքը

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մեր երկրի տարբեր պաշտոնյաների ունեցվածքի, գույքի և ֆինանսական միջոցների հերթական տարեկան հայտարարագրերը՝ նկատեցինք, որ Կոտայքի մարզի հարուստ դատավորների շարքին են դասվում մարզի երիտասարդ դատավորները՝ Աննա Արզումանյանը, Գոռ Շահբազյանը եւ Գեղամ Մարգարյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանը պաշտոնը ստանձնելու տարին հայտարարագրել է 2 բնակարան, 2 հողամաս եւ բազմամյա տնկիներ: Դատավորի տարեկան եկամուտը կազմում է 3մլն. 561հազար 875 ՀՀ դրամ է, որից՝ 2մլն. 582հազար. 520 ՀՀ դրամը աշխատավարձի վարձատրությունն է, իսկ այլ եկումուտները կազմում են ՝ 979 հազար 355 ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ դատավոր Աննա Արզումանյանը 2006-2012թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական: 2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր: 2016 թվականի հուլիսի 14-ին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Դատավոր Գոռ Շահբազյանը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին: Մինչ այդ աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետ դատախազի օգնական, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ: Այս տարիների ընթացում նա հասցրել է բավականին ունեցվածքի տեր դառնալ: Գոռ Շահբազյանը հայտարարագրել է 118 հազար 300 ԱՄՆ դոլար, 14 հազար եվրո, 23մլն. 155հազար ՀՀ դրամ, ինչպես նաեւ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA COROLLA 1.6: Նրա տարեկան եկամուտ կազմում է 1մլն. 316 հազար 652 ՀՀ դրամ:

Հաջորդ երիտասարդը՝ 32-ամյա դատավոր Գեղամ Մարգարյանը վերջին տարիներին ահռելի ունեցվածք է կուտակել: Նա հայտարարագրել է 12 կտոր հողամաս, բազմամյա տնկիներով, 1 բնակարան, 2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ BMW 730 եւ MERCEDES-BENZ A170 մակնիշի: Հայտարարագրել է 10մլն. ՀՀ դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար վրացական լարի: Օտարած գույքից ունեցել է 8. մլն ՀՀ դրամ եկամուտ: Էթիկայի հանձնաժողովում ներկայացրած աշխատավարձի չափը ամսական կազմում է՝ 296 հազար ՀՀ դրամ է:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X