Հայկական բանակը կկռվի ռուսական զորքերի դեմ, թե՞ ոչ

Հայաստանի բանակի ամենամեծ թերություններից մեկը բարձր սպայական անձնակազմի ռուսական դաստիարակությունն է: Եթե մի օր Ռուսաստանը որոշի զորք մտցնել Հայաստան, ապա բանակը ամբողջովին կկազմաքանդվի և ռուսներին ոչ ոք դիմադրություն ցույց չի տա:

Այս մտավախությունը տեղին չէր լինի, եթե չլիներ Առաջին Հանրապետության ողբերգական պրակտիկան. Մայիսյան ապստամբության ժամանակ սպայակույտի մի զգալի հատվածը հարում էր բոլշևիկներին, իսկ երբ կառավարական զորքերը ճնշեցին իշխանությունը գրավելու այդ փորձը, բանակը զգալիորեն բարոյալքվեց: Դա էր այն հիմնական պատճառներից մեկը, որի արդյունքում կանոնավոր 25 հազարանոց բանակը չկարողացավ իրեն ըստ պատշաճի դրսևորել Հայ-թուրքական պատերազմի ընթացքում: Զինվորականների մոտ տիրում էր այն մտայնությունը, թե իրենք կռվում են քեմալա-բոլշևիկյան միացյալ ուժերի դեմ: Իսկ ռուսների դեմ կռվելու միտքն անգամ սարսափեցնում էր բանակի հրամանատարներին։ Բացի այդ հյուսիս-արևելյան կողմից Հայաստան ներխուժած խորհրդային 11-րդ կարմիր բանակի ստորաբաժանումները նույնպես որևէ դիմադրության չհանդիպեցին:

Հայ պատմագրությունը 20-րդ դարի սկզբին Ղարաբաղի կորստի ամբողջ մեղավորությունը բարդում է բոլշևիկների վրա՝ հմտորեն շրջանցելով այն փաստը, որ Հայաստանի դաշնակցական կառավարությունը Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցրել էր դեռևս իշխանությունը վայր դնելուց առաջ։ Եվ նորից հիմնական պատճառն այն է եղել, որ հայկական ուժերը ըստ պատշաճի չեն կարողացել դիմագրավել Ղարաբաղը օկուպացնող խորհրդային զորքերին։ Դրոն պարզապես թողեց և դուրս եկավ Ղարաբաղից։ Հավաստի պատմական տեղեկություններ կան, որ գեներալը այսպիսի մի միտք է արտահայտել այդ իրադարձությունների վերաբերյալ․ «Ռուսների դեմ դեռևս գնդակ արձակած չկամ»։ Եթե գեներալ Դրոն այսպիսի աշխարհայացք ուներ, ապա ինչպե՞ս մեղադրել շարքային զինվորին։ Ի՞նչ կլիներ Ղարաբաղի հետ, եթե Դրոն չթողներ այն, հնարավոր է և այն շարունակեր մնալ Հայաստանի կազմում, ինչպես՝ Զանգեզուրը Նժդեհի պայքարի արդյունքում։

Հենց այս իրադարձությունների պատճառով է, որ Նժդեհը Դրոյին մեղադրել է դավաճանության մեջ, իսկ վերջինս էլ նրան մենամարտի հրավիրել։

Ներկայումս հայ բարձրաստիճան զինվորականները՝ գեներալները վերապատրաստվում և ընդհանրապես կրթություն են ստանում Ռուսաստանում, նրանց մեծ մասը մտածում, խոսում և նույնիսկ հայհոյում են ռուսերեն: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ռուսները այլևս երբեք Հայաստան զորք չեն մտցնի, կամ էլ՝ տեղակայված ռազմաբազան երբեք չի տեղաշարժվի: Կկռվի արդյո՞ք բանակը ռուսական զորքերի դեմ, թե Ռուս-վրացական պատերազմի օրինակով տանկային շարասյունները կհայտնվեն Երևանի մատույցներում։

Մեկնաբանություն
X