Ընդդիմությունը կասկածի տակ դրեց Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը

>

Այսօր Ազգային ժողովում սկսվեց ՀՀ նախագահի ընտրության հետ կապված քննարկումը։ Նախ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀԿ-ՀՅԴ համատեղ թեկնածուին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին։ Խորհրդարանին ներկայացվեց թեկնածուի կենսագրությունը եւ բոլոր առավելությունները՝ սկսած գիտությամբ զբաղվելու հանգամանքից, վերջացրած լեզուների տիրապետմամբ։

Ապա, ինչպես եւ սպասվում էր, խոսքի իրավունք խնդրեց Նիկոլ Փաշինյանը, ով վկայակոչելով մամուլի հրապարակումները, ընդգծեց, որ իրենց ուշադրությանը չեն ներկայացվել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ քաղաքացիության ցենզը հաստատող փաստաթղթերը՝ երբ է հրաժարվել ՄԹ քաղաքացիությունից, երբ է ստացել ՀՀ քաղաքացիության, պահպանվել են արդյոք բոլոր ընթացակարգային պահանջները։

Փաշինյանը դժգոհեց, որ այդ փաստաթղթերը նախապես չեն ներկայացվել իրենց, պահանջեց, որ դրանք անհապաղ ներկայացվեն։ Խոսեց նաեւ «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ կրկին մամուլում հրապարակված փաստերը ներկայացնելով, ըստ որոնց մի ՍՊԸ-ի ղեկավարների ցանկում Արմեն Սարգսյանի գտնվելն արդեն իսկ վկայում է, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է եղել 2012 թվականից հետո, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ նա վերջին 6 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի։ Թվաց՝ ընդդիմությունը կարող է ձախողել իշխանության պլանները եւ այս թեման կարող է խոչընդոտել Արմեն Սարգսյանի ընտրությանը, սակայն, հավանաբար, իշխող մեծամասնությունը այս սցենարն էլ էր հաշվի առել։ Նախ, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ այն փաստաթղթերն, ինչ պահանջվում են կանոնակարգ-օրենքով ԱԺ գրասենյակը տնօրինում է՝ կներկայացվի ընդդիմությանը, «եթե դրանք չբավարարեն ձեզ կարող եք դիմել պատկան մարմիններին»։

Ինչին ի պատասխան Արտակ Զեյնալյանը նկատեց՝ ինչի՞ց գիտեք, որ չեն բավարարելու, խնդիրն այն է, որ որեւէ կասկած չլինի թեկնածուի լեգիտիմության հետ կապված եւ իրենց խնդրանքը դրանով է բացատրվում։ Ապա Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քարտուղարությանը խնդրել են տրամադրել բոլոր փաստաթղթերը եւ այդ մասին կխոսի Արփինե Հովհաննիսյանը, որը հայտարարեց, որ իրենց տնօրինության տակ առկա է պատկան մարմնի կողմից տրված տեղեկանք, որը հավաստում է, որ «Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում միայն Հայաստանի քաղաքացի է եւ բնակվում է Հայաստանում», իսկ ընդդիմության պահանջի սուբյեկտը Ազգային ժողովը չէ՝ դիմեք պատկան մարմնին։

Հիշեցնենք, որ պատկան մարմինը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն է, որն էլ տրամադրում է նման տեղեկանքները։ Այս կարճ քննարկումից հետո դահլիճից հնչող ռեպլիկների ներքո Արա Բաբլոյանը ձայնը տվեց Արմեն Սարգսյանին։

Մեկնաբանություն
X