Ես սերունդն եմ Մարտի 1-ի

Ինձ եւ հասակակիցներիս հաճախ ներկայացնում են որպես անկախության սերունդ։ Մենք ծնվել ենք 1991 թ․, եւ մեր ծերանալն ուղիղ համեմատական է անկախության ընթացքին։ Մեզ նաեւ ասում են․ «Դուք այս երկրի ապագան եք, քանի որ անկախության սերունդն եք»։ Իրականում ես համաձայն չեմ այս ձեւակերպումների հետ, քանի որ դրանք ոչ միայն չափազանց վերամբարձ են, այլ նաեւ բովանդակային տեսանկյունից չեն համապատասխանում կյանքի վերաբերյալ մեր պատկերացումներին։ Ես չեմ ուզում լինել Հայաստանի պայծառ ապագան, քանի որ ես Հայաստանի թշվառ ներկան եմ։ Ես չեմ կարող լինել անկախության սերունդ, քանի որ չեմ զգացել դրա շունչը։

Ավելի շուտ` ես սերունդն եմ Մարտի 1-ի, որովհետեւ 2008-ն իմ ջահելության մեկնարկն էր, երբ ես ընդամենը 10-րդ դասարանի աշակերտ էի։ Եվ հարցն անկախության հռչակումը չտեսնելու եւ Մարտի 1-ը տեսնելու մեջ չէ, պարզապես մեր հասուն կյանքի սկիզբը համընկավ 2008-ի իրադարձությունների հետ։

Ինչ-որ արժեքային կապ կա այդ պատահական համընկնման մեջ, քանի որ մեր կյանքի ճանաչողության հասուն փուլի մեկնարկն ուղղակիորեն խաչվեց հետմարտիմեկյան նոր Հայաստանի հետ։ Արժեքային փոխներթափանցման տրամաբանությամբ մեր սերունդը այդ նոր միջավայրի կրողն է, իսկ վերջինս էլ արդյունքն է մեր գոյության․․․ Ներկայումս տասը տարվա հեռավորությունից այն համոզմունքն ունեմ, որ 2008-ի շարժումն անհրաժեշտություն էր, իրականությունը խցանվել էր եւ պետք է պայթեր, եթե չպայթեր, ապա հիմա կապրեինք ամբողջատիրական ու գորշ երկրում, որտեղ նմանատիպ ակնարկներ հնարավոր չէր լինի գրել։ Խաղաղություն մարտի 1-ի զոհվածներին եւ համերաշխություն համաժողովրդական պայքարին մասնակից դարձած ու մինչեւ վերջ պայքարած քաղաքացիներին։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X