Պատկերացրեք՝ գայլերի ոհմակում ներդրվի մի գայլի տեսքով բիոռոբոտ, որը կստանձնի ոհմակի առաջնորդությունը

Մարդ արարածը նույնպես կենդանի է և նրա վարքագիծը նույնպես պայմանավորված է հոտային բնազդով: Ու իշխանավորները և՛ անցիալում, և՛ ներկայում, ու նաև ապագայում հենց այդ բնազդի վրա մանիպուլյացիաներ անելու շնորհիվ են մասսաներին կառավարել, կառավարում են հիմա ու նաև կառավարելու են հետագայում: Հոտային բնազդի օգնությամբ կենդանիները միավորվում են խմբերի մեջ, որպես մեկ ամբողջականություն: Դա կենդանիներին տալիս է միասնաբար և համաձանեցված գործելու հնարավորություն, որը ապահովում է իրենց կենսունակությունը:

Հոտերը սովորաբար ունենում են իրենց առաջնորդները, որոնք հոտի մնացած անդամներին առաջնորդում են դեպի առավել ապահով և կյանքի համար ավելի բարենպաստ վայրեր, իսկ երբ հոտը թշնամու կողմից հարձակման է ենթարկվում, ապա առաջինն են նետվում պայքարի մեջ, իրենց հետևից տանելով հոտի մեջ կռվելու ունակություն ունեցող մյուս անդամներին նույնպես: Երբ այդ առաջնորդները ծերանում են, հիվանդանում են կամ ինչ որ այլ պատճառով չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիաները, ապա հոտը մերժում է դրանց և իրենք ստիպված են լինում իրենց տեղը զիջել նոր առաջնորդներին: Մարդիկ բացի բնազդներից ունեն նաև գիտակցություն, որի միջոցով շատերը կարողանում են կառավարել իրենց կենդանական բնազդները:

Նրանք մանիպուլյացիաների ենթարկելով պակաս գիտակից մարդկանց բնազդները, արդյունքում ամրապնդում են սեփական մրցակցային դիրքերը` ապահովելով իրենց առավելությունը մնացածի նկատմամբ: Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը հենց այդ պակաս գիտակիցներն են, որոնք առաջնորդվում են հոտային բնազդով և միամտորեն հավատում են, որ իրենց առաջնորդները նրանք են, որոնք իրենց պիտի տանեն դեպի ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք, իսկ երբ տեսնում են, որ այդ առաջնորդներն այնուամենայնիվ դա չեն անում, ապա հոտային բնազդի դրդմամբ սկսում են ապստամբել դրանց դեմ, նոր առաջնորդներ ունեալու պահանջով, բայց, ի զարմանս իրենց, միշտ խաբված են դուրս գալիս:

Իսկ բանը նրանումն է, որ այդ կեղծ առաջնորդների ֆունկցիան ոչ թե հոտի համար բարեկեցիկ կյանք ապահովելն է, այլ այդ հոտի հաշվին սեփական կորպորատիվ շահը սպասարկելն է: Ու քանի որ իրենք գիտեն հոտի բնազդները, հոտի առաջնորդի իմիտացիա են անում և արտաքնապես ցուցադրելով այդ հոտային առաջնորդների վարքագիծը` հերթական անգամ խաբում են հոտային բնազդով առաջնորդվող պակաս գիտակից մարդկանցից բաղկացած մասսաներին: Պատկերացրեք, օրինակ, գայլերի ոհմակում ներդրվի մի գայլի տեսքով բիոռոբոտ, որը կստանձնի ոհմակի առաջնորդությունը, սակայն ծրագրավորված կլինի ոչ թե ի շահ ոհմակի գործելու, այլ ոհմակը ոչնչացնելու ծրագրով: Եվ քանի որ այդ բիոռոբոտը ունի առաջնորդին բնորոշ վարք, ապա ոհմակի բոլոր գայլերը չեն հասկանալու, որ դա իրենց առաջնորդը չի ու, հետևելով և ենթարկվելով նրան, գնալու են դեպի կործանում:

Հիմա հայ հասարակությունը նման է այդպիսի գայլերի ոհմակի, որը կարծում է, թե իր մեջ օտարի կողմից ներդրված «բիոռոբոտներն» իր առաջնորդներն են, և միամտաբար հույսեր է կապում դրանց հետ, կարծելով որ դրանք այնուամենայնիվ ոհմակի շահերի համար են գործում ու եթե ոչ հիմա, ապա գոնե մի գեղեցիկ օր, վերջապես իրենց կառաջնորդեն դեպի բարօրություն: Այդպես չի լինում հարգելի հոտային բնազդով օժտված սահմանափակ գիտակցությամբ ոհմակի անդամներ, օտարի կողմից ձեր գլխին կարգված «բիոռոբոտ» առաջնորդները ծրագրավորված են Հայաստանը ոչնչացնելու համար, այլ ոչ թե շենացնելու ...

Մեկնաբանություն
X