Երուսաղեմի քաղաքապետարանը նահանջել է, Սբ. Հարության տաճարի դռները բացվել են

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից փետրվարի 25-ին գոցված Սբ. Հարության տաճարի դռները այսօր բացվել են: Երուսաղեմի քաղաքապետարանը բավարարել է Սբ. Հարության տաճարի երեք իրավատերերի` Հայոց, Հունաց եւ Լատին պատրիարքների` եկեղեցապատկան կալվածքները հարկման չենթարկելու պահանջը:

Երուսաղեմի քաղաքապետարանի` քրիստոնեական եկեղեցիների կալվածքների հարկման որոշումը, եթե չկասեցվեր թույլ կտար Երուսաղեմի իշխանություններին հարկեր գանձել քրիստոնեական պատրիարքարաններին պատկանող կալվածքների վրա կառուցված հյուրատներից, վաճառասրահներից, ռեստորաններից եւ այլ ոչ կրոնական հաստատություններից: Դա անհանդուրժելի ոտնձգություն էր քրիստոնեական եկեղեցիների սեփականության հանդեպ:

Եկեղեցապատկան կալվածքները հարկելու շուրջ իսրայելյան իշխանությունները հավանաբար միշտ էլ մտմտացել են` դեռ 1980-ականներից, սակայն ծրագրերը կյանքի կոչելուց ձեռնպահ են մնացել: Այժմ Երուսաղեմի գործող քաղաքապետ Նիր Բարկատը, ով մի կողմից հավանաբար 2018-ին իր պաշտոնում երրորդ անգամ ընտրվելու ծրագրեր է փայփայում, մյուս կողմից էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմին առնչվող որոշումներից էր անիմաստ ոգեւորվել, որոշեց վա բանկ գնալ եւ փորձել քրիստոնեական եկեղեցիներին հարկել:

Ի պատիվ Երուսաղեմի Հայոց, Հունաց եւ Լատին պատրիարքների՝ համակարգաչային մասնագետ եւ բիզնեսմեն Նիր Բարկատը այնպիսի հուժկու հակահարված ստացավ, Սբ. Հարության տաճարի գոցումով այնպիսի ֆինանսական կորուստների սպառնալիքի առջեւ հայտնվեց եւ Իսրայելին համաշխարհային դատապարտման վտանգի առջեւ կանգնեցրեց, որ տաճարի դռները փակելուց ընդամենը երեք օր անց ձեռքերը վայր իջեցրեց (հավանաբար ականջները նույնպես) եւ եկեղեցապատկան կալվածքները հարկելու ծրագիրը նորից ուղարկեց գզրոցը:

Մեկնաբանություն
X