Վերջ տվեք այս մեծապատիվ մուրացկանությանը

Ես անչափ ուրախ կլինեմ, եթե Վիգեն Սարգսյանն ու Շուշան Պետրոսյանը կարողանան ինձ ապացուցել, որ իրենք մեր բանակն ավելի շատ ու ավելի լավ են սիրում, քան ես: Այդ մարդիկ և նրանց համախոհները, ահա, ամեն առիթով դրամահավաք են կազմակերպում բանակի մի հարց հոգալու, զինվորին բուժման ուղարկելու, չգտեմ՝ բանակի համար լվացքի մեքենա առնելու համար: Երբ նրանց որևէ դիտողություն էլ անում ես, թե բանակն, ի վերջո, մեր աղքատ բարեկամը չէ, որին խղճանք ու մի բան տանք մերկությունը ծածկելու կամ ստամոքսը լցնելու համար, նրանք հարձակվում են վրադ՝ դու ի՞նչ մարդ ես, եթե դու ինքդ ոչինչ չես անում, ուրեմն անողին բան չասես: Ու չգտես ինչպես պատասխանել այս գրոհող հայրենասիրությանը:

Հիմա էլ պարզվում է՝ բանակին 20 հազար հատ տուֆի աղյուս է պետք, որը բանակին հասցնելու և այդ աղյուսով խրամատ ամրացնելու համար պետք է 4 միլիոն դրամ: Կարծում եմ՝ սխալ չեմ հիշում, ուղիղ 4 միլիոն, որը եթե բաժանես քարերի վրա, ամեն քարը, տրանսպորտային ծախսերով հանդերձ, կարժենա 200 դրամ: Ես անձամբ չեմ նեղվի իմ, այսպես ասեմ՝ պատվավոր 200 դրամը ներդնել այդ հայրենանվեր գործում, բայց, շատ ներողություն, ինձ սպանում է այն բանի գիտակցումը, որ բանակին 4 միլիոն դրամ է պետք, ու բանակը չունի այդ գումարը: Ձեռ ե՞ք առնում մեզ: Եթե մեր բանակն այդ գումարը չունի, հետն էլ շնորհք՝ այս քարի երկրում 20 հազար աղյուս հայթայթելու, ի՞նչ սպասես այդ բանակից:

Ո՞վ կարող է բացառել, որ վաղը բանակի համար հացի փող հավաքող չի հայտնվի և, ինչպես Շուշան Պետրոսյանը, վրա չի քշի, թե գիտեք ինչ կա, լավ եմ անում՝ հավաքում եմ, բանակի համար է, դու էլ հավաքիր, եթե կարող ես: Գուցե իսկապե՞ս նրանք մեր բանակը մեզնից, դիցուք՝ ինձնից ավելի շատ են սիրում... Իսկ գուցե սա նոր դա՞ս է Հայաստանում՝ մեծապատիվ մուրացկանների դաս: Ազնվորեն ասեմ՝ ոչինչ չեմ հասկանում:

Տիկին Պետրեսյան, ինձ կասե՞ք, թե ովքեր են այն զինվորական մասնագետ-հանճարները, որոնք ձեզ համոզել են, որ այդ գործի համար տուֆը ավելի լավ է, քան պարկերով ավազը: Մենք քանի՞ զինվոր ունենք թիկունքի զորամասերում: Ամեն մեկի ձեռքը մի պարկ տվեք և հանձնարարեք՝ ավազ լցնել մեջը: Հետո այդ պարկերը բարձեք բեռնատարներն ու տարեք առաջին գիծ: եթե բլինդաժի համար եք ուզում այդ տուֆի աղյուսը, ապա կրկին պետք է հիասթափեցնեմ, տուֆը այդ գործի համար լավագույն շինանյութը չէ: Տանկի արկը կործանում է նույնիսկ երկշար տուֆի պատը, և զինվորը, Աստված չանի, երբ գրոհ լինի հակառակորդի կողմից, տասնյակ անգամներ ավելի լավ պաշտպանված կլինի իր ձեռքով փորված նեղլիկ խրամատում, քան տուֆի պատի տակ: Բլինդաժի համար բետոնե պատ ու տանիք է պետք, դարձյալ ավազապարկերով պաշտպանված:

Ասում են՝ գոնե մասնակիորեն լուծենք խնդիրը: Ոչ, բանակի խնդիրները լուծում են մեկ անգամ և հիմնավոր: Ընդ որում բանակի խնդիրը լուծում են ոչ թե մատաղի համար փող ավաքելու նմանվող այսպիսի ծամածռություններով, այլ պետության հստակ որոշումով ու քայլերով: Եթե բանակին քար է պետք, ուրեմն հանքերը պետք է դնես բանակի տրամադրության տակ այնքան ժամանակ, քանի դեռ այդ քարը պետք է: Եթե բանակին հաց է պետք, ուրեմն պետությունը պետք է հաց ցանի այն բոլոր հողերում, որոնք սեփականաշնորհվել ու անապատացվել են վայ-սեփականատերերի երեսից: Բանակին մի՞ս է պետք, կարտոֆի՞լ, խնդրեմ, Հայաստանում տասնյակ հազարներով անգործ մարդ կա, աշխատանքի ընդունեք, թող բանակի անասունը պահեն, կարտոֆիլ ցանեն բանակի համար: Բերեք մի ֆաբրիկա կառուցեք, թող հատուկ բանակի համար շոր ու կոշիկ կարեն: Ամեն ինչ հաստատ ավելի էժան կստացվի ու ճարպիկներն էլ գոմեշի միս չեն ուտեցնի մեր երեխաներին:

Իսկապես ծիծաղելի է՝ ժողովուրդ, բանակի համար 200 դրամ ենք հավաքում: Հաշվե՞լ եք, թե մեկ վիլլայի ցանկապատի համար քանի տուֆի աղյուս է առնում մեկ գեներալը: Բա չեք հարցնո՞ւմ, թե այդ գեներալը, որ բանակից է փող ստանում, ինչպես է ճարում իրեն պետք եկած միլիոնները: Միայն թե չասեք՝ Շուշան Պետրոսյանի պես 200-200 դրամ հավաքելով:

Բանակի համար փող հավաքելը (ժամանակին տաք գուլպա, ձեռնոց, սվիտեր էին գործում) քարոզչության իմաստով գեղեցիկ երևույթ է, գեղեցիկ, բայց ոչ պատվաբեր պետության ու բանակի համար: Երբ Ժողովուրդը տեսնի, որ պետությունն ամեն ինչ անում է բանակի ու զինվորի համար, ինքն անտարբեր չի մնա, որովհետև այդ բանակն ու զինվորը պետությանը լինելուց զատ նաև իրենն են:

Եվ ավարտելով նկատենք՝ չե՞ք զգում, որ ամեն անգամ բանակի համար փող հավաքելու այսպիսի նախաձեռնություններով մարդկանց դնում եք անհարմար դրության մեջ, ստիպում, որ նրանք անլիարժեքության զգացում ունենան, նույնիսկ սխալ արձագանքեն ամենահայրենանվեր գործերին: Վերջ տվեք, ամոթ է, չի կարելի հայ մարդուն տրամադրել հայոց բանակի դեմ:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X