Միացյալ Թագավորության դեսպանատունը, ըստ էության, հաստատեց Արմեն Սարգսյանի 2012-14թթ. բրիտանական քաղաքացիությունը

>

«Հրապարակում» շուրջ 10 օր առաջ, փետրվարի 16-ին լույս տեսած «Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության ոդիսականը» հոդվածում հայտնել էինք, որ Միացյալ Թագավորության Home Office-ի FOIRequests բաժանմունքից սպասում ենք պատասխանի` պրն. Սարգսյանի բրիտանական քաղաքացիության հնարավոր դադարեցման ամսաթվի վերաբերյալ: Եվ հոդվածը ավարտել էինք ֆրազով, որ լրագրությամբ հնարավոր է առավելագույնը փաստի մասին տեղեկություն հանրայնացնել, մինչդեռ փաստը հաստատում են փաստաթղթերը:

Ազնվորեն այդ տողերը գրելիս մտքովս չէր անցել, թե պրն. Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը կամ դրա դադարումը հաստատող փաստաթղթերը, որն ըստ իս կարող էին լինել միայն պրն. Սարգսյանի մոտ, հնարավոր կլինի ձեռք բերել եւ դրանք կհայտնվեն նաեւ ինձ մոտ:

Արմեն Սարգսյանի պատասխանատվությամբ եւ ստորագրությամբ

Փետրվարի 16-ի հոդվածը տպագրելուց մի քանի օր հետո` փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայում ապրող ընկերներիցս մեկի հուշումով հնարավոր եղավ ձեռք բերել Արմեն Սարգսյանի կողմից հիմնադրված Eurasia House International-ի (գրանցված Անգլիայում եւ Ուելսում, 2002թ-ին, 04451865 համարի ներքո) պաշտոնապես հասանելի հարկային փաստաթղթերը, որոնք միարժեքորեն հաստատում են պրն. Սարգսյանի` առնվազն 2012-14թթ. բրիտանական քաղաքացիությունը:

Կարճ էքսկուրսով` Eurasia House International-ը ՍՊ ընկերություն է, որը 2002թ. մայիսի 30-ին հիմնադրել է Keith Kahan անուն ազգանվամբ մի անձ` ստանձնելով դրա տնօրենի եւ քարտուղարի պաշտոնները: Նույն օրը` 30/05/2002-ին Eurasia House International-ի տնօրեններ են նշանակվել Դեգիրա Նազարբաեւան (Նորսուլթան Նազարբաեւի դուստրը), պրն. Արմեն Սարգսյանը եւ Հրաչ Չիլինգարյանը: Այնուհետեւ նույն 30/05/2002-ին Keith Kahan-ը հրաժարվել է իր ստանձնած պաշտոններից: Ինչու այդքան մեքենայությո՞ւն: Որովհետեւ 2002-ի մայիսի դրությամբ Նազարբաեւան եղել է Ղազախստանի քաղաքացի, Սարգսյանը` Հայաստանի, Չիլինգարյանը` ԱՄՆ-ի, մինչդեռ ՍՊԸ հիմնադրման համար հավանաբար հարկավոր է եղել ՄԹ քաղաքացիություն:

Համարյա դատարկ ցուցանակ ծառայած Eurasia House International ՍՊԸ-ն գոյություն է ունեցել մինչեւ 2015թ. եւ քանի որ գոյություն է ունեցել, ապա ամեն տարի փաստաթղթեր է ներկայացրել ՄԹ հարկային իշխանություններին` Her Majesty’s Revenue & Customs եւ Companies House: Հաշվետվություները գոնե 2010-ից ի վեր բոլոր տարիներին ներկայացվել են տնօրեն Արմեն Սարգսյանի կողմից` իր կատարյալ պատասխանատվությամբ: HMRC-ին, ներառյալ Companies House-ին սահմանված ժամկետից ուշ փաստաթղթեր ներկայացնելը մասնավորապես, Confirmation Statement (Annual return) ուշացումով ներկայացնելը պատժվում է 5000 ֆունտ ստերլինգի տուգանքով։ Այդ փաստաթուղթը չներկայացնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն: Confirmation Statement-ում կամ Annual return-ում կեղծ տվյալ հայտնելու կամ ընկերությանն ու տնօրենին վերաբերող տվյալների փոփոխությունները չհայտնելու համար HMRC-ին եւ Companies House-ը կարող են լուծարել ՍՊԸ-ն եւ տնօրենի դեմ հետաքննություն սկսել:

Հետեւաբար, Eurasia House International-ի տնօրեն պրն. Արմեն Սարգսյանը բոլոր տարիներին, ներառյալ երկքաղաքացիության առումով հետաքրքրություն ներկայացնող 2011, 2012, 2013, 2014թթ. պարտաճանաչորեն բրիտանական հարկային իշխանություններին ներկայացրել է Confirmation Statement (Annual return) կոչվող հաշվետվությունները։ Նույն պարտաճանաչությամբ եւ բարեխղճությամբ բոլոր 2011-12-13-14թթ. հաշվետվություններում պրն. Սարգսյանը որպես իր մշտական բնակության երկիր (Country/State Usually Resident) նշել է UNITED KINGDOM, քաղաքացիությունը (Nationality)` BRITISH։

Փաստաթղթերը պաշտոնական են, դրանց հրապարակումը պաշտոնական է. ինչն էլ նշանակում է, որ պրն. Արմեն Սարգսյանը բրիտանական քաղաքացիություն է ունեցել, հետեւաբար երկքաղաքացի է եղել առնվազն մինչեւ 2015թ., հետեւաբար չի համապատասխանում ՀՀ սահմանադրությամբ նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջներին:

Հրապարակվող փաստաթղթերը

Իբրեւ վերը շարադրվածի փաստական հաստատում սույն հոդվածին կից հրապարակում ենք լուսապատճեններ՝ Eurasia House International-ի հետեւյալ պաշտոնական փաստաթղթերից, որոնք պրն. Արմեն Սարգսյանի կողմից եւ իր պատասխանատվությամբ ներկայացվել են ՄԹ հարկային իշխանություններին (փաստաթղթերի ամբողջական տարբերակները գտնվում են խմբագրությունում)․

1.Annual return made up to 30 May 2011 no member list

2.Total exemption small company accounts made up to 31 May 2011

3.Annual return made up to 30 May 2012 no member list

4.Total exemption small company accounts made up to 31 May 2012

5.Annual return made up to 30 May 2013 no member list

6.Total exemption small company accounts made up to 31 May 2013

7.Annual return made up to 30 May 2014 no member list

8.Total exemption small company accounts made up to 31 May 2014

9.New director appointed 30 May 2002

10.Incorporation 30 May 2012

11.Registered office address changed from 25 Evelyn Mansions Carlisle Place London SW1P 1NH on 20 June 2012

12․Director's details changed for Dr. Armen Sarkissian on 30 May 2013

13.UK Home Office Guide RN Declaration of Renunciation

14.UK Home Office Declaration of Renunciation Form RN

Առաջին ութ փաստաթղթերում առկա են պրն. Սարգսյանի ձեռագիրը, ստորագրությունը, Մեծ Բրիտանիայում մշտակեցության եւ բրիտանական քաղաքացիության հավաստումները համապատասխան տարեթվերին:

9-րդ փաստաթղթում երեւում է որ մինչեւ բրիտանական քաղաքացիության ձեռքբերումը պրն. Սարգսյանը նշել է ՀՀ քաղաքացիության, այնուհետ մշտապես եւ անփոփոխ կերպով, ընդհուպ մինչեւ 2014թթ. Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

10-րդը Eurasia House International-ի հիմնադրման փաստաթուղթն է:

11-րդ եւ 12-րդ փաստաթղթերը վկայում են թե ՍՊԸ-ի կամ պր. Սարգսյանի տվյալներում կատարված որեւէ փոփոխություն ինչպես է ճշտությամբ զեկուցվել ՄԹ հարկային իշխանություններին:

Վերջին` 13 եւ 14-րդ փաստաթղթերը` հրապարակվում են ի սատարում եւ ի գիտություն ՀՀ ոստիկանապետի, Գլխավոր դատախազի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի: Նշյալ պաշտոնյաները, հարգելով ՀՀ միջազգային պարտավորությունները, հարկ է, որ իրենց աշխատակիցներին (ովքեր պրն. Արմեն Սարգսյանի երկքաղաքացիությանն առնչվող տեղեկանք են տրամադրելու, այն ընդունելու են կամ դրա օրինականությանն են հետեւելու) պատշաճ կերպով ծանոթացնեն ՄԹ Home Office-ի պաշտոնական ուղեցույցին, որը պարզաբանում է ՄԹ քաղաքացիության դադարման կարգը եւ ՄԹ քաղաքացիության դադարման RN ձեւաթղթին, որը անձի ՄԹ քաղաքացի չհանդիսանալը հաստատող միակ պաշտոնական փաստաթուղթն է:

Ինչպես ամրագրված է հրապարակվող ուղեցույցում. After the declaration has been registered, the ‘Applicant’s Copy’ of the RN form, officially signed and stamped, will be returned to you, together with the documents that you sent. This copy will be formal evidence that your declaration of renunciation has become effective.

ՄԹ դեսպանատան հաստատումը

HMRC-ի եւ Companies House-ի փաստաթղթերը ձեռք բերելուց հետո հաջորդ օրը` փետրվարի 21-ին այդ մասին գրավոր տեղյակ պահեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, հաջորդ օրը նաեւ ՀՀ նախագահականին: Դեսպանատուն ուղարկված իմ գրությունը թարգմանաբար մեջբերում եմ.

«Խորին շնորհակալություն պատասխանի համար:

Հուսով եմ տիկ. դեսպանը նկատել էր, որ ես հարցնում էի 2014-ից առաջ` 2011-13 թվականներին պրն. Արմեն Սարգսյանին տրված հնարավոր մուտքի վիզաների մասին, երբ վիզաներին առնչվող գործառնությունները իրականացվում էին դեսպանատան շենքում, հյուպատոսական ծառայության հարկաբաժնում: Հետեւաբար ինձ թվում է բոլոր փաստաթղթերն էլ այնտեղ էին պահվում կամ արխիվացվում:

Ամեն դեպքում, սակայն, այդ ամենն այլեւս կարեւորություն չունի, որովհետեւ վերջապես ինձ հաջողվեց ձեռք բերել HMRC-ին եւ Companies House-ին ներկայացված պաշտոնական փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ պրն. Արմեն Սարգսյանը առնվազն մինչեւ 2014թ. ունեցել է բրիտանական քաղաքացիություն: Հաշվի առնելով, որ HMRC-ի եւ Companies House-ի առջեւ ստելը առաջացնում է քաղաքացիական, անգամ քրեական հետապնդում, չեմ կարծում, թե պրն. Սարգսյանը կարող էր ոտնահարել օրենքը եւ իր մասին սխալ տվյալներ ներկայացնել: Այստեղ կցում եմ ինձ մոտ առկա շուրջ երկու տասնյակ փաստաթղթերից մի քանիսը, որոնք ըստ իս բացահայտում են պրն. Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը:

Եթե իմ դատողության կամ եզրակացություն մեջ կա սխալ, խնդրում եմ ինձ դրա մասին հայտնեք մինչեւ շաբաթ օրը, որովհետեւ կամ շաբաթ, կամ ամենաուշը առաջիկա երեքշաբթի ես հոդված եմ տպագրելու` մեջբերելով նշյալ փաստաթղթերը»:

Որբաթ օրը երեկոյան ՄԹ դեսպանատնից պատասխան ստացվեց. «Լուսինե, ի պատասխան քո փետրվարի 21-ի հարցման ցանկանում ենք տեղեկացնել, որ 2014-ին վիզայի տրամադրման գործառնությունների դադարեցումից հետո դեսպանատունը վիզաներին առնչվող որեւէ փաստաթուղթ չի պահում»:

Ակներեւ է, որ դեսպանատնից հատուկ պատասխանել էին մինչեւ իմ խնդրած ժամկետը, անդրադարձել էին այն հարցին, որն այլեւս կարեւորություն չուներ եւ որեւէ թերություն չէին նշել HMRC փաստաթղթերով պրն. Արմեն Սարգսյանի 2012-13-14թթ. քաղաքացիության հաստատման առնչությամբ, ինչի մասին հատուկ խնդրել էի:

Այդպիսով դեսպանատունը ըստ էության հաստատել էր, որ ամեն ինչ ճիշտ է: HMRC-ի եւ Companies House-ի փաստաթղթերը հաստատում են պրն. Արմեն Սարգսյանի 2012-13-14թթ. բրիտանական քաղաքացիությունը:

Պրն․ Սարգսյանի դժվարին ընտրությունը

Այսպիսով, HMRC-ի եւ CH-ի փաստաթղթերի հրապարակմամբ այժմ պրն. Արմեն Սարգսյանը կանգնում է իր 2011-12-13-14թթ. երկքաղաքացիությունը ընդունելու կամ ժխտելու դժվարին երկընտրանքի առջեւ: Hard Choices, ինչպես ասում է Հիլարի Քլինթոնի հայտնի գրքի վերնագիրը:

Եթե պրն. Սարգսյանը հրապարակավ հայտարարի, որ ինքը տարիներ շարունակ միտումնաբար եւ գիտակցաբար իր մասին կեղծ տվյալ է հայտնել բրիտանական իշխանություններին, ՄԹ քաղաքացի չհանդիսանալով ներկայացել է իբրեւ ՄԹ քաղաքացի, դա ոչ միայն ծանրագույն հարված կլինի իր ենթադրելի հեղինակությանը կամ վարկին, բարոյապես կնսեմացնի իրեն, այլեւ կարող է կեղծարարության համար հետապնդում սկսելու ֆորմալ առիթ ստեղծել:

Եվ ընդհակառակը, եթե պրն. Սարգսյանը հայտարարի, որ ինքը ՄԹ իշխանությունների առջեւ կեղծարարությամբ չի զբաղվել, այլ 2011-12-13-14թթ. ունեցել է բրիտանական քաղաքացիություն, ապա դա կնշանակի, որ ինքը չի համապատասխանում վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու սահմանադրական պահանջին եւ չի կարող լինել 2018թ. ՀՀ նախագահի թեկնածու:

Մնում է տեսնել, թե պրն. Սարգսյանը ինչը կհամարի «չարյաց փոքրագույն» եւ որ տարբերակը կընտրի:

Փաստաթուղթ-1

Փաստաթուղթ-2

Փաստատութղթ-3

Փաստատուղթ-4

Փաստաթուղթ-5

Փաստաթուղթ-6

Փաստաթուղթ-7

Փաստաթուղթ-8

Փաստաթուղթ-9

Փաստաթուղթ-10

Փաստաթուղթ-11

Փաստաթուղթ-12

Փաստաթուղթ-13

Փաստաթուղթ-14

Մեկնաբանություն
X