Շոու, միայն շոու եվ ոչինչ` շոուից բացի

Հայաստանում այս օրերին ընթացող աղմկոտ դատավարությունները, շինծու կամ ոչ այնքան, շատ լավ միջոց են մեր ուշադրությունը երկրում նոր տիպի իշխանության ձեւավորման գործընթացից շեղելու համար: Տպավորություն է, որ մեզանում ավելի շատ դատական գործընթացներ են զարգանում, քան քաղաքական:

Որ թերթը բացում ես, կա՛մ Սամվել Բաբայանի դատն է, կա՛մ Ժիրայր Սեֆիլյանի, կա՛մ «Սասնա ծռերի»: Կարելի է կարծել, որ հենց թերթը գրեց, դատավորն այլ որոշում է կայացնելու: Մինչեւ մեկ ստորակետի ճշտությամբ հանրությանը տեղեկացվում է, թե ինչ ասաց դատավորը, ինչ պատասխանեց մեղադրվողը, դատախազն ինչպես մջամտեց զրույցին, ինչ պատասխան ստացավ, փաստաբանին ինչպես խուզարկեցին, ինչ կար նրա պայուսակում: Այս նյութերի շարանն ընթերցելիս հաճախ նույնիսկ խառնում ես` ում դատն էր, ով էր դատում, ինչու էր դատում: Ընդհուպ դատավորի սանրվածքն է քննության նյութ դառնում: Իսկ լեզվի մասին, որով դատական պրոցեսները պատմում են լրագրողները, կարելի է ընդհանրապես չխոսել, որովհետեւ դատարաններում հնչած հայհոյանքներն ու պիտակավորումները նույնությամբ թերթի էջ բերելու լիակատար ազատություն է տրվել նրանց: Եվ ուզում եք, որ մարդիկ էդ թամաշան թողնեն, իրենց ապագայի մասի՞ն մտածեն:

Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը: Երեւի վերջում կզարթնենք ու կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը բարեհաջող կերպով վարչապետ է դարձել, Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, իսկ երկրի առաջիկա տարիների ճակատագիրը, մերն էլ հետը, վճռվել է առանց մեզ:

Ասեք ինձ մի լուրջ քաղաքական գործչի անուն, որ չի հոգնել եւ շարունակում է քաղաքական գնահատականներ հնչեցնել ընթացող դատական պրոցեսի մասին: Միշտ է այդպես լինում: Սկզբում հայտարարում են, որ ձերբակալվածը քաղաքական բանտարկյալ է, հետո մի քիչ խոսում են այն մասին, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց հենց մի քանի փաստ է ջրի երես ելնում (կապ չունի` սուտ թե ճիշտ), քաղաքական գործիչները լռում են, որովհետեւ դատվողի հաշվին ինքնագովազդվելու փորձերը դառնում են մի տեսակ անիմաստ զբաղմունք: Քաղաքականությունը միշտ պետք է հեռու մնա իրավապահների գործունեության դաշտից, չփորձի ազդել նրանց աշխատանքների վրա: Եվ կապ չունի` մարդուն հենց նո՞ր են ձերբակալել, թե՞ սրանից մեկ տարի առաջ: Երբ քաղաքական գործիչն իր սխալ գնահատականներով մտնում է իրավական դաշտ, հետո շատ դժվար է լինում վերականգնել այն մարդու հեղինակությունն ու անունը, որին, թեկուզ անարդարացի, ներքաշել են որեւէ գործի մեջ: Դատական գործերի շուրջ այս աժիոտաժը մեծապես պայմանավորված է նաեւ մեր օրապակաս քաղաքական գործիչների շտապողական գնահատականներով, որոնց առատությունից հասարակության օգուտն այն է, որ նա կորցնում է գլուխը:

Մամուլը դատական գործընթացների շուրջ տժժացնողներից մեկն էլ փաստաբաններն են, այսպես կոչված՝ պաշտպանները: Իրենց եթե լսես` կպարզվի, որ կյանքի ու մահու կռիվ են տալիս դատարաններում: Բայց ասեմ, որ նրանց այդ պատմությունների մեջ շոուից բացի ոչինչ չկա: Մանավանդ՝ քաղաքական երանգավորում ունեցող գործերի քննության ժամանակ նրանք ունեն մի սահման, որից այն կողմ անցնելու ո՛չ քաջություն ունեն, ո՛չ էլ մտադրություն: Տիպիկ եվրոպական թիթիզություն է փաստաբանությունը Հայաստանում: Բայց փոխարենը մեր փաստաբանները լավ աղմուկ հանել գիտեն, եթե այդպես է պահանջում քաղաքական մոմենտը: Բոլորը պետք է ամեն ինչ մոռանան ու հետեւեն, թե փաստաբանի պայուսակից ինչ հանեցին, թե փաստաբանն ինչպիսի խիզախությամբ հակադարձեց դատավորին (նա այդ իրավունքը չունի), թե նա ինչպես առանց որեւէ մեկին զգուշացնելու նիստի չեկավ կամ ինչպես հեռացավ նիստից, երբ իր «պաշտպանյալին» դուրս հրավիրեցին` դատարանի նկատմամբ անհարգալից գտնվելու համար:

Դատավարական բումերով հասարակության տարվածությունն այնքան էլ ճիշտ չէ միայն իշխանությունների միտումնավոր քաղաքականությամբ բացատրելը, թեեւ հենց այդ քաղաքականության հետեւանք է: Մեզնից յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ անում է (հաճախ ակամա) այս վիճակին նպաստելու համար: Մանավանդ՝ Facebook-ը հրաշալի հարթակ է այդ տեսանկյունից: Գրում է` ով ուզում է, գրում է` ինչ ուզում է, տակից-գլխից, բենզին լցնում, ավելի բորբոքում, այսպես ասած՝ «սրտամոտ թեմաները»:

Բայց կյանքն առաջ է գնում իր հունով, այս աղմուկ-աղաղակին ու իրարանցումին, ասես, անհաղորդ: Օրենքներ են փոխվում, նոր նիստուկաց է մտնում, սերունդների ուսերին մնալիք արտաքին պարտքն է մեծանում, մարդկանց քթի տակից հափռում, սեփականաշնորհում են հանրային տարածքները, կոռուպցիան խեղդում է, պաշտոնյաները շարունակում են գողանալ ու բարգավաճել… Մե՞նք: Մենք ժամանակ չունենք այդ ամենի հետեւից ընկնելու: Հանկարծ շոուն բաց կթողնենք, իսկ դա մեզ համար բառիս բուն իմաստով կատաստրոֆա կլինի:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X