Եվ ես եկա, քանզի չգալ չէի կարող

Եվ այսպես, Արթուր Բաղդասարյանը, երկարատեւ եւ ծանր բաժանումից հետո, կրկին վերադառնում է մեզ: Ով աչք ուներ, տեսավ, եւ ով ականջ ուներ, լսեց՝ Բաղդասարյան հարեավ ի ննջեցելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս…

Բախտավոր ենք, հո զոռով չէ…

Մեծ աղմուկով լուծարված ու չգիտես ինչ արագությամբ վերակազմավորված ՕԵԿ-ի համագումարը հաստատեց, որ նախապես տարածված խոսակցություններն ՕԵԿ-ի հարության մասին այնքան էլ հեռու չէին իրականությունից: Տխրահռչակ ՀՎԿ-ն հօդս ցնդեց, մեռավ Արթուր Բաղդասարյանի հոգեզավակը, որպեսզի ապրի հարազատ ՕԵԿ-ը: Քանի-քանի կուսակցություններ, ՀԿ-ներ, քաղաքական միայնակ այրեր ու միանձնուհիներ, որոնք ընկան Բաղդասարյանի սարդոստայնը, գնացին, հավասարվեցին հարյուր տարվա իրենց քաղաքական անցավորներին: Նրանց վրա էլ հողը թեթեւ թող լինի, ու թող մխիթարվեն նրանով, որ սրանից ավելի վատ բան իրենց հետ այլեւս չի կարող պատահել:

Կցանկանայի մի երկու խոսք ասել այն շենշող երեկոյի մասին, որի ժամանակ, մայրամուտի գեղեցիկ լույսերի մեջ, Արթուր Բաղդասարյանը մեծ լռությունից հետո իր առաջին ճեպազրույցը պարգեւեց լրագրողներին: Ինչպես ՕԵԿ-ականներն են սիրում նրան նկարագրել՝ գեղեցկադեմ, բարձրահասակ, երիտասարդ… Ահա՝ կանգնած է նա, ու նրան են ուղղված բազում ձայնագրիչներ եւ տեսախցիկներ, այդ ամենի հետ էլ՝ ժողովրդի ականջն ու աչքը: Մեր առջեւ այն նույն Արթուր Բաղդասարյանն էր, բարոյականության այն նույն էտալոնը, որ մի ժամանակ հայտարարեց, թե կյանքում երբեք չի պայքարելու Սերժ Սարգսյանի դեմ: Ձեզ համար ո՞նց է, եթե ասեմ, որ 5 րոպե տեւած ճեպազրույցում նա հասցրեց 5 անգամ մտնել, պարդոն, 5 անգամ դուր գալ Սերժ Սարգսյանին: Ու ոնց էր ջանում, ոնց էր ջանում Բաղրամյան 26-ի դիրեկտիվը կյանքի կոչել, այն է՝ մեր «բթամիտ» հանրությանը հասկացնել, որ ապագա վարչապետի անձի հետ կապված իլյուզիաներ փայփայելու բոլոր ժամկետներն այլեւս սպառվել են: «Որպես քաղաքական գործիչ՝ ձեզ ասում եմ, որ ավելի լավ է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ եւ այդպես կառավարի, քան թե ձեւականորեն մեկ ուրիշին նշանակեն վարչապետ, բայց նրա փոխարեն ստվերից կառավարի Սերժ Սարգսյանը»,- ի շարս այլ սիլիբիլիությունների՝ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Բաղրամյան 26-ում, ամենայն հավանականությամբ, հաճույքից «ճմլկոտացին»՝ Արթուրի հերթական մուտքը թատերգության վերջին արարում «լազաթ տվեց»:

Եվ ի՞նչ է անելու Արթուր Բաղդասարյանն այս արարում: Որպեսզի հասկանանք, թե ինչու հանկարծ քանդվեց ննջեցյալ ՀՎԿ-ն, եւ կրկին հրապարակ ելավ ՕԵԿ-ը, պետք է մի կարճ ժամանակ հետ գնանք մինչ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը պետք է լինի ընդունված եւ պետք է ընտրվի քաղաքական ուժերի լայն համաձայնությամբ: Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի թեկնածուն հաջողված մարդ դուրս եկավ այդ առումով: Մենք դա տեսանք նրա բազմաթիվ հանդիպումներից ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական եւ նույնիսկ՝ գիտական շրջանակներում: Բայց այժմ հերթը Սերժ Սարգսյանինն է, եւ նա պետք է նույնքան ընդունված եւ պահանջված ներկայանա, ինչպես Արմեն Սարգսյանը: Իսկ ո՞վ պետք է հայտարարի, որ ապագա վարչապետը պետք է լինի այսպիսի ու այսպիսի մարդ, հմուտ քաղաքական եւ տնտեսական գործիչ, մեծ կուսակցություն ունենա, որ նա պետք է վարչապետ դառնա լայն համաձայնությամբ: Հենց սրա մեջ է հիմա ողջ ինտրիգը: Սերժ Սարգսյանն ինքն իրեն գովել չի կարող (սիրուն չի լինի), ՀՀԿ-ն եւ գործընկեր Դաշնակցությունը նույնպես չեն կարող անցնել համեստության սահմանը, ԲՀԿ-ն եւ «Ելքը», որպես ընդդիմություն, անհարմար են զգում: Մնում են արտախորհրդարանական ուժերը, իսկ խորհրդարանից դուրս ուժեր գրեթե չեն մնացել: Եվ, ահա, վերածնվում է ՕԵԿ-ը: Այս ընթացքում, հավանաբար, էլի վերածնվողներ կլինեն, կխոսեն կոմունիստները վերջապես, 100-ավոր ՀԿ-ներ, որոնց ներբողներն էլ ՀՀԿ-ին «կստիպեն», այլընտրանք չտեսնելով, վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանին:

Չմոռանանք, սակայն, որ Սերժ Սարգսյանը, ի վերջո, հակասահմանադրական որեւէ բան չի անում: Մեռնեմ օրենքին, ինչպես ասում են, նրա կուսակցությունն այնքան մեծամասնություն ունի խորհրդարանում, որ նա կարիք էլ չունի ուրիշի օգնությանը դիմելու: Ուրեմն, ո՞րն է նպատակը՝ Արթուր Բաղդասարյանին մեջտեղ հանելու, մի՞թե միայն սազանդարների թիվն ավելացնելը: Չենք կարծում: Այս հարցի պատասխանն իմանալու համար պետք է մի քանի օր սպասել: Հենց Արթուր Բաղդասարյանն սկսի քննադատել գործող կառավարությանը եւ պահանջել փոփոխություններ, որոնք, վախ, վախ, վախ, շատ են ուշանում, ուրեմն հենց այդ է, որ կա՝ նա գալիս է, որ, նսեմացնելով կառավարությանը, վսեմացնի Սերժ Սարգսյանին: Ուրիշ անելիք չունի այս պահին Արթուր Բաղդասարյանը: Մնում է միայն իմանալ, թե այս անգամ «քանի ոսկիով է համաձայնել» հասարակության համար բարոյականության տիպարի դերակատարություն ստանձնել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X