Կամիլին՝ հիվանդանոց, Մհերին՝ տուն, Սեւակին՝ հաղթանակ

Նախօրեին տեղի ունեցած «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակիչը բալագանի չվերածվեց․ շոուն իրականացվեց բարձր մակարդակով, թերություններն արագ շտկվեցին, կուլիսներում էլ վերջին բամբասանքների կողքին պայթեց հաղթական «շոմպայնը»։ Սեւակ Խանաղյանի համակիրները տոնեցին երգչի հաղթանակը, որը մայիսին Հայաստանը կներկայացնի Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ում։

Ու քանի դեռ Սեւակը պալատական հանդարտությամբ ու սառնասրտությամբ «ընդունում-ճանապարհում» էր երկրպագուներին, սոցցանցերը ողողվում էին սաղմնային մակարդակի բամբասանքներով, որոնցում կարմիր թելի պես անցնում էր հերթական «սենսացիան»․ «Սեւակը վաղուց գիտեր հաղթանակի մասին, տաղավար բերված շոմպայնը՝ վառ ապացույցը»։ Այս մասին հայտարարեց նաեւ մասնակիցներից Մհեր Արմենիայի պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը, որը tert. am-ի հետ զրույցում նշել էր․ «Սեւակի դեմ ոչինչ չունենք, տաղանդավոր արտիստ է, տաղանդավոր երգիչ, սակայն այս դեպքում ավելի քիչ երեւաց Սեւակի 12/12-ը, քան Մհերի 1-ը, որովհետեւ Մհերի 1 միավորը բացեց բոլորի աչքերը։ Վերջում պայուսակից հանած շամպայններից պարզ դարձավ, որ գիտեին, թե ով է անցնելու»։

Նշենք, որ թե՛ միջազգային ժյուրիի եւ թե՛ հեռուստադիտողի քվեարկությամբ Սեւակը բացարձակ առաջատարն էր։ Իսկ մրցույթի միակ վաստակավորին միջազգային ժյուրին տվեց նվազագույն միավորը։ Արդյունքում այս տարի Մհեր Արմենիան կրկին ֆիասկո ապրեց։ Ի դեպ, նա մեկ անգամ եւս մասնակցել է եվրատեսիլյան նախընտրական փուլին, սակայն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Պատկերն այլ էր Կամիլ շոուի պարագայում։ Միջազգային ժյուրին նրան տվեց 2 միավոր, մինչդեռ հանդիսատեսի քվեարկությամբ Կամիլը 2-րդն էր։ Անսպասելի արդյունք գրանցեց հանրությանը ոչ այնքան հայտնի «Նեմրա» խումբը, որն ընդհանուր միավորներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

Ինչպես քվեարկեց միջազգային ժյուրին

1 միավոր - Մհեր Արմենիա

2 միավոր - Կամիլ Շոու

3 միավոր - Գեւորգ Հարությունյան

4 միավոր - Ռոբերտ Քոլոյան

5 միավոր - Մարիամ

6 միավոր - Հասմիկ Շիրոյան

7 միավոր - Լուսինե Մարդանյան

8 միավոր - Ամալյա Մարգարյան

10 միավոր - «Նեմրա»

12 միավոր - Սեւակ Խանաղյան

Ինչպես քվեարկեց հեռուստադիտողը

1 միավոր - Լուսինե Մարդանյան

2 միավոր - Ռոբերտ Քոլոյան

3 միավոր - Հասմիկ Շիրոյան

4 միավոր - Մարիամ

5 միավոր - Գեւորգ Հարությունյան

6 միավոր - Մհեր Արմենիա

7 միավոր - Ամալյա Մարգարյան

8 միավոր - «Նեմրա»

10 միավոր - Կամիլ Շոու

12 միավոր - Սեւակ Խանաղյան

Ինչ խոսք, դեռ երկար ժամանակ եվրատեսիլյան թեման կշարունակի տիրապետող լինել, դեռ հնչելու են չհնչած կարծիքներ, պատերի տակ ծնվելու են նոր բամբասանքներ։ Ու երաժշտասեր հանրությունը շարունակելու է որոնել «Եվրատեսիլի» ալֆան ու օմեգան, որը 12 տարի փնտրում ենք ապարդյուն։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցի 42 երկիր: «Եվրատեսիլ 2018»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Վով ՄՈՒՇԵՂՅԱՆ

Մեկնաբանություն
X