Բարդ խնդիր

Հայաստանում կուսակցություն կայացնելը, կուսակցական գործունեություն ծավալելը շատ բարդ գործ է։ Մանավանդ՝ եթե այդ կուսակցությունն իշխանական ռեսուրսներից չի օգտվում, ընտրություններում հաղթելու նրա շանսերը շատ փոքրանում են, կուսակցական կադրերի հոսունությունն աճում է, եւ պառակտվելու հավանականությունը խիստ մեծանում։ Դա է պատճառը, որ ոչ իշխանական կուսակցությունների պատմությունը, որպես կանոն, վայրիվերումների պատմություն է՝ անհաստատ ու երերուն։

Նրանք հուսահատ ճիգեր են գործադրում՝ միավորվում ու դաշինքներ ստեղծում, անվանափոխվում եւ կուսակցության նախագահ-վարչություն փոխում, հանրությանը հայտնի մարդկանց գայթակղում՝ անդամագրում, պասիվանում ու ակտիվանում, փողոցային պայքարի մեթոդները զուգակցում կաբինետային աշխատանքի հետ, լրատվամիջոցներ ստեղծում, իշխանության հետ երկխոսում եւ իշխանությանը քննադատում։ Բայց լուրջ արդյունքներ արձանագրել ոչ մի կերպ չի հաջողվում, քանզի ֆինանսական ռեսուրսներն ու հանրային հարթակները հիմնականում ծառայում են իշխանական ուժերին, իսկ իշխանությունը «ոչ մի սայի թշնամուն» կարգախոսով է առաջնորդվում՝ ո՛չ պետական պաշտոններում, ո՛չ ընտրովի մարմիններում, ո՛չ էլ անգամ հրապարակներում այլախոհներին չհանդուրժելով։

Հանգստյան օրերին 2 կուսակցություն, որոնք ժամանակին բավականին ծանրակշիռ դերակատարում ունեին քաղաքական դաշտում, համագումար-նիստ են արել․ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կրկին անվանափոխվել է ՕԵԿ-ի, իսկ «Ժառանգությունը» վարչության նոր ղեկավար է ընտրել Արմեն Մարտիրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատվավոր նախագահի նման մի պաշտոն է ստանձնել։ Արդյոք այս փոփոխությունները կօգնե՞ն երկու կուսակցություններին՝ վերագտնել իրենց նախկին դերն ու հեղինակությունը, դժվար է ասել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X