Նույն ջուրն ու նույն ջրաղացը․ Վտանգ կա, բայց քայլեր ձեռնարկող չկա

>

Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի բնակիչները կրկին ահազանգում են, որ 309 շենքի մոտ գտնվող վերամբարձ կռունկը իրենից վտանգ է ներկայացնում բնակիչների համար, սակայն պատկան մարմինների կողմից խնդիրը դեռ լուծում չի ստացել. «Ամեն տարի նույն բանն են ասում, հանձնարարականներ են տալիս, գրություններ ուղարկում, բայց քայլեր չեն ձեռնարկում: Հիմա այնպես է դարձել, որ մի թեթեւ քամի է լինում, վերամբարձ կռունկը այնպես է ճռռում ու ահավոր ձայն է գալիս, մեզ թվում է՝ ուր որ է շուռ կգա: Բազմաթիվ անգամ դիմել ենք տարբեր ատյաններ, մեկը մյուսի վրա է գցում եւ ոչ մեկ տեղից չի շարժվում: Վախը սրտներումս օր ենք անցկացնում, որ մի բան չպատահի»,-բողոքում էին բնակիչները:

Խնդրին՝ Հրազդանի քաղաքապետարանում ծանոթ էին.

«Այդ հարցը այսօր քննարկվել է, գրություն ենք ուղարկել ԱԻՆ: Սեփականատիրոջը չեն կարողանում գտնել: Մենք նախկինում էլի գրություն ենք ուղարկել ԱԻՆ, որ քայլեր ձեռնարկեն: Ենթադրենք սեփականատերը անպատասխանու մարդ ա, թող գան, քանդեն, տանեն: Բնակիչների խաթր պետք է էդ հարցը լուծվի»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Շոթա Խաչատրյանը:

Մինչ քաղաքապետարանը «մեղքը» բարդում է ԱԻՆ-ի վրա, որ չեն ապամոնտաժում, ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչություն պետ Էդիկ Գալստյանն էլ հակառակն է ասում. «Մենք քաղաքապետարանից գրություն այսօր չենք ստացել, միայն քաղաքապետի հետ եմ խոսել: Քաղաքապետը՝ որպես իշխանության մարմին, ինչ որոշում կայացնի, մենք պատրաստ ենք օգնել ամեն հարցում: Ես չգիտեմ՝ ով պետք է ապամոնտաժի, այդ հարցերը թող քաղաքապետարանը իր բնակչի հետ լուծի: Կրկնում եմ, մենք՝ որպես ԱԻՆ, պատրաստ ենք ամեն կերպ աջակցելու եւ օգնելու, մենք շինարարական կազմակերպություն չենք, որ ապամոտաժենք, չհաշված, որ մենք էդ լիազորությունները չունենք, որ սեփականատիրոջ գույքին կպնենք»,- ասաց Էդիկ Գալստյանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X