Մաքսայինի «չորս երանգները» (տեսանյութ)

Պետեկամուտների կոմիտեին կառավարության որոշմամբ որոշել է լուծարել նախաբացթողումային վարչությունը, դրա փոխարեն նախատեսել են ներդնել «կապույտ ուղու» ընթացակարգը։ Այժմ ունեն «կարմիր», «դեղին» և «կանաչ ուղու» ընթացակարգեր, որոնց կավելանա նաև «կապույտը»՝ արդեն հետբացթողումային փուլում։ Մի խոսքով, բեռ մաքսազերծողներին «գունագեղ» ընթացակարգ է սպասվում։

«Կապույտ ուղու» ընթացակարգի նպատակը, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի, հսկողության տվյալ փուլում ավտոմատ տեղափոխումն է հետագա հսկողական փուլ։ «Այսինքն՝ հայտարարագիրն ընդունվելու պահին համակարգն իր ռիսկերի հիման վրա ավտոմատ կորոշի, եթե փաստաթղթերը նորմալ են, բայց կան որոշակի հարցեր, որոնք կարող են պարզվել միայն հետագայում, կընտրի «կապույտ ուղու» ընթացակարգը։ Այսինքն՝ նախաբացթողումային հսկողության վարչության լուծարման արդյունքում կուժեղացվի հետբացթողումային հսկողության վարչությունը, որը արդի ժամանակների պահանջն է, ինչպես նաև միջազգային փորձի ներդրման արդյունք է»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդպիմանն ասաց Ավետիքյանը։

Ինչ վերաբերում է մյուս գույներին, ապա Ավետիքյանն ասաց, որ «կանաչ ուղու» ընթացակարգի ժամանակ տեղի չի ունենում ո՛չ փաստաթղթային ստուգում, ո՛չ էլ ապրանքի փաստացի ստուգում։ «Դեղին ուղու» ըթնացակարգը ենթադրում է փաստաթղթային ստուգում, իսկ «կարմիր ուղին» արդեն փաստաթղթային և ապրանքների մանրակրկիրտ ստուգումն է։ «Կապույտ ուղին» էլ, ինչպես նշվեց, ավտոմատ հետբացթողումային ստուգման փուլում է տեղի ունենում։

Ավետիքյանը խոսեց նաև հայտարարագրերի լրացման ամբողջական էլեկտրոնային համակարգի ներդրման մասին, որը զերծ կպահի փաստաթղթային ձևակերպումներից։ Սա Ավետիքյանը համարում է բարեփոխում՝ միաժամանակ նշելով, որ տնտեսվարողների կողմից որոշակի դժգոհություն կա այս հարցում, քանի որ համարում են, որ ավելի բարդանալու է գործընթացը։

«Իհարկե, գործըթնացը դժվար է լինելու, որովհետև նույն մաքսային միջնորդների ու տնտեսվարողների կողմից էլ լուռ դիմադրություն կա ցանկացած բարեփոխման նկատմամբ, դա էլ ընդունում եմ, կարող է լինել, օբյեկտիվ է, որովհետև բոլորս էլ, որ մի ոճով, մի ձևով աշխատում ենք, ցանկացած փոփոխություն, թեկուզ լավը, մի քիչ դժվար ենք ընդունում»,- ասաց Ավետիքյանը՝ նշելով, որ փաստաթղթերն ընդունվելու են սքանավորված տարբերակով, մինչև բեռի ներկրումը կամ արդեն երկրի ներսում, երբ բեռը կգտնվի տերմինալում՝ մաքսային հսկողության ներքո։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն այնուհետև իր համակարգչի վրա ցուցադրեց էլեկտրոնային համակարգի նախնական տարբերակը, թե ինչպես է այն աշխատում։ Համակարգը նախատեսում են գործարկել ապրիլի 1-ից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X