Արսեն Գրիգորյանը պետք է պահպանի Կամիլի կերպարը

Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր Եվրատեսիլի մասին հոդված կգրեմ: Պարզապես գլուխ չեմ հանում Շոու-բիզնեսից և առանձնապես երբևէ հետաքրքրված չեմ էլ եղել: Թերևս բացառություն է եղել միայն 2014 թ. Կոպենհագենում տեղի ունեցած Եվրատեսիլը, որի ընթացքում Կոնչիտա Վուրստն իր Rise Like a Phoenix երգով պարզապես ցնցեց ողջ Եվրոպան: Իսկապես գեղեցիկ կատարում էր, բայց ինձ ավելի շատ տպավորել էր ոչ թե երգը, այլ այն մշակութային տրանսֆորմացիան, որը տեղի է ունեցել Եվրոպայում վերջին 300 տարիներին: Իսկապես չափազանց հետաքրքիր ընթացք է, որը պայմանականորեն կարելի է վերնագրել «Հաբսբուրգներից մինչև Կոնչիտա» կամ էլ՝ «Կոնչիտան կապույտ Դանուբի վրա»:

Լավ, վերադառնանք Հայաստան, քանի որ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն իր հետաքրքրությամբ և արժեբանական ազդակներով ամենևին էլ չէր զիջում Կոնչիտայի «Կոպենհագենյան հաղթարշավին»: Երևի թե գուշակում եք, որ խոսքը Կամիլի մասին է: Մնացյալ մասնակիցները հետաքրքիր չեն և առհասարակ Եվրատեսիլն էլ այլևս հետաքրքիր չէ, քանի որ Կամիլը չանցավ կիսաեզրափակիչ փուլ:

Կամիլի կերպարն իսկապես հեղափոխական էր հայկական շոու-բիզնեսի համար, ավելին՝ այն դուրս է գալիս դրա նեղ շրջանակներից՝ թիրախավորելով մշակութային ամբողջ միջավայրն ու հիշեցնելով այն խորը ճգնաժամի մասին, որն առկա է ժամանակակից արվեստում: Կամիլի կերպարը ծաղր էր պոստմոդեռնիստական իրականության նկատմամբ, նա ծաղրում էր պարզունակ կոմերիցայի գերի դարձած այն միջավայրը, որը մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ անվանում են շոու-բիզնես: Այդ կերպարի մեջ պոստմոդեռնիստական ինքնահեգնանք կար, այն հեգնում էր բոլորին և ամեն ինչ՝ ընդգծելով արվեստագետների մեծ մասի քաղքենիությունն ու ստեղծագործական ունայնությունը:

Ցավոք սրտի, շատերը չկարողացան հասկանալ ու ընկալել Կամիլի կերպարի ողջ էությունն ու իմաստը: Երևի թե պատճառն այն է, որ Հայաստանում Եվրատեսիլին չափազանց մեծ նշանակություն են տալիս, ավելին՝ վերաբերմունքն այդ էթնիկական պարզունակ հպարտության կարգավիճակ է ստացել: Նորից առաջնային պլան է մղվում պրովինցիալի նեղ աշխարհայացքը, իբրև թե՝ մեգապոլիսում եվրոպական «քաղաքակիրթ» ազգերի առջև հայերը պետք է ապացուցեն, որ իրենք բացառիկ մշակույթ ունեցող ժողովուրդ են: Ահա թե ինչու են ամեն տարի այդքան լուրջ պատրաստություն տեսնում՝ երկրորդական նշանակություն ունեցող այդ մրցույթին տալով համահայկական նշանակություն: Այսքանից հետո Կամիլն ինչպե՞ս պետք է գնար Եվրատեսիլ, չէ՞ որ ամեն երկրորդն իր պարտքն էր համարում կրկնել. «Կամիլն ամբողջ աշխարհի առջև խայտառակում է ազգը» չափազանց հետադիմական ու քաղքենի նախադասությունը:

Ահա այսպիսի պայմաններում Եվրատեսիլ կուղարկվի լուրջ ինչ-որ մեկը, որպեսզի բարձր պահի «ռեսպուբլիկայի» պատիվը: Դե արի ու օրիենտալիզմի գերի դարձածներին փորձիր բացատրել, որ այդ լուրջ կատարումներն իրականում չափազանց տաղտուկ են ու ոչ ոքի հնարավոր չէ դրանցով տպավորել: Ճոխության անսահմանության մեջ սահմանափակված, գունազարդ, քաղքենի աշխարհին առօրեական մոտեցումներով այլևս հնարավոր չէ տպավորել, միայն ոչ ստանդարտ մշակութային լուծումներով է հնարավոր ցնցել հանդիսատեսին և այդ առաքելությունը կարող էր ստանձնել Կամիլը, հատկապես՝ հենց Կամիլը, որովհետև նա իր վայրենի կերպարով հիշեցնում էր այն վայրենի չգոյությունը, որը կա ու դեռ շարունակելու է լինել։

Արսեն Գրիգորյանը պետք է պահպանի Կամիլի կերպարը, քանի որ այն ապտակ է բոլոր այն միջակությունների համար, որոնք լուրջ դեմքի արտահայտությամբ զանգվածային աղբ են սփռում շուրջ բոլորը։

Մեկնաբանություն
X