Հայոց պատմության ամենաողբերգական էպիզոդներից մեկի ժամանակ եկեղեցին անտեր է թողել ժողովրդին

Թերևս Հայոց պատմության ամենածանր և ողբերգական հետևանքներով լեցուն շրջաններից մեկը իրավամբ կարող ենք համարել 17-րդ դարի սկզբների պարսկա-թուրքական պատերազը և հատկապես 1604 թվականին Երևանի գրավումից հետո Շահ Աբասի կողմից կազմակերպված հայ ազգաբնակչության բռնագաղթը: Ինչպես ժամանակակից պատմիչն է վկայում, պարսկական զորքերին հանձնարարված էր. «Ուր և կարասցեն ձեռնարկել, արտասահման արարեալ վարեսցեն, և ոչ թողուցուն ամենևին շունչ կենդանի»:

Եվ իրոք, Պարսկաստանի հեռավոր շրջաններ քշվեցին հարյուր հազարավոր հայեր՝ առևտրականներ, արհեստավորներ, գյուղացիներ: Արևելյան Հայաստանի բազմաթիվ գավառներ հրի ու սրի մատնվեցին և դարձան անմարդաբնակ: Չխորանանք բռնագաղթի հետ կապված տարաբնույթ մանրամասների մեջ և միայն ընդգծենք, որ դա երբևիցե տեղի ունեցած ամենախոշոր դեմոգրաֆիական հարվածներից մեկն էր Արևելյան Հայաստանի համար: Բռնագաղթն էր այն հիմնական պատճառներից մեկը, որը տևական ժամանակ թույլ չտվեց հայ ժողովրդին ինքնակազմակերպվել և բռնել ազատագրական պայքարի ուղին: Պատմության տվյալ ժամանակաշրջանը ուսումնասիրողների և առհասարակ պատմությամբ հետաքրքրվողների մոտ օրինաչափորեն առաջանում է այն հարցադրումը, թե ըստ էության ինչ հակաքայլեր է իրականացրել ժողովրդին առաջնորդող վերնախավը վերահաս աղետը կասեցնելու, չեզոքացնելու կամ էլ մեղմելու ուղղությամբ: Ինչպես գիտենք, մոնղոլական և Լենկ Թեմուրի կործանարար արշավանքներից հետո հայ քաղաքական էլիտան գրեթե ամբողջությամբ գլխատվեց, ի տարբերություն Վրաստանի, որտեղ թեկուզև վասալական կախվածության պայմաններում, բայց այնուամենայնիվ պահպանվեց թագավորական և իշխանական ինստիտուտների գոյությունը:

Այսպիսի պայմաններում որպես ժողովրդին առաջնորդող, համակարգող քաղաքական ինստիտուտ մնացել էր միայն Հայ Առաքելական եկեղեցին, որն էլ ոչ մի գործնական քայլ չիրականացրեց հայ ժողովրդի գլխին ծառացած այդ մարտահրավերը չեզոքացնլու համար: Եկեղեցու նման կրավորական կեցվածքը հիմնականում բացատրվում է կաթողիկոսական աթոռին անգործունյա, թուլամորթ և անվճռական անձի գտնվելու հանգամանքով: Այդպիսին էր Դավիթ Դ Վաղարշապատցին, որը կաթողիկոս է օծվել 1590 թվականին: Որոշ տեսակետների համաձայն, կաշառքով ընտրված անգործունյա կաթողիկոսը եկեղեցու ընթացիկ գործերը վարելու նպատակով նշանակել է մեծահարուստ աթոռակիցներ: Նրանք ոչ միայն չեն միջամտել պարսկական զորքերի կողմից իրականացվող հարստահարություններին, այլև ժողովրդին մատնել են բարձիթողի վիճակի՝ կոչ անելով կատարել թշնամյաց զորքերի բոլոր հրահանգները. այն է՝ թողնել հայրենի տները և բռնել գաղթի ճանապարհը:

Ի դեպ, Վեհափառը նույնպես տարվել է Սպահան: Շահ Աբասի հրամանով եկեղեցու սրբությունները, Լուսավորչի աջը, Մայր Աթոռի 15 նշանավոր քարերը տարվել են Սպահան, թալանվել են հայոց եկեղեցիներն ու վանքերը: Նոր Ջուղայի հայերը խստորեն քննադատել են Դավիթ Վաղարշապատցուն և հորդորել վերադառնալ Էջմիածին, տեր կանգնել եկեղեցու գործերին և ժողովրդին, ինչպես նաև հեռացնել կաթողիկոսական աթոռը անօրեն կերպով զավթած իր Մելքիսեդեկ աթոռակցին: Վերադառնալով Էջմիածին նա չի կարողանում որևէ գործուն քայլ իրականացնել և ստիպված վերստին վերադառնում է Սպահան՝ կործանման եզրին թողնելով Էջմիածինը:

Պատահական չէ, որ այս ամենաթող իրավիճակում սկսվեց Լեհաստանի հայ համայնքի կաթոլիկացման գործընթացը: Ի վերջո Նոր Ջուղայի հայերը գահընկեց են անում կամազուրկ կաթողիկոսին: Կաթողիկոսական աթոռին Դավիթ Վաղարշապատցուն հաջորդում է Մովսես Գ Տաթևացին, որը կարողանում է շտկել եկեղեցու այս ողորմելի իրավիճակը, բայց ինչ վերաբերում է բնակչությանը, ապա նրան հասցված կորուստները այլևս անդառնալի էին: Փաստորեն արևելահայերը իրենց բուն հայրենիքում այլևս փոքրամասնություն էին կազմում և միայն 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրից հետո Ռուսաստանի կողմից կազմակերպված ներգաղթի արդյունքում ժողովրդագրական հավասարակաշռությունը որոշակիորեն վերականգնվում է:

Կազմակերպված բռնագաղթից հատկապես մեծապես տուժեց Նախիջևանի դեմոգրաֆիական պատկերը, որի արդյունքում երկրամասում հայերը այլևս այդպես էլ չկարողացան մեծամասնություն կազմել, ինչն էլ հանգեցրեց արդեն 20-րդ դարի սկզբներին դրա օտարմանը և վերջնական հայաթափմանը:

Արդի իրականությունում հաճախ են պնդում, թե պետականության բացակայության պայմաններում դրա գործառույթները ստանձնել է Հայ առաքելական եկեղեցին և իբրև թե փրկել հայ ժողովրդին կործանումից: Ահա այս փոքրիկ ակնարկը կարդալուց հետո շատերի համար պարզ կլինի, արդյո՞ք եկեղեցին իսկապես կարողացել է իրականացնել այդ գործառույթները, թե՞ գործ ունենք եկեղեցու հերթական քարոզչական կամպանիայի հետ:

Փաստորեն հայոց պատմության ամենաողբերգական էպիզոդներից մեկի ժամանակ եկեղեցին անտեր է թողել ժողովրդին՝ զբաղված լինելով մանր-մունր նեղ անձնական հարցերով:

Մեկնաբանություն
X