Ավտոմեքենաների մաքսազերծման գներն իջել են, «ջիպերն» էլ` դարձել ամենագնաց

Պետեկամուտների կոմիտեն փոփոխություններ է մտցրել ավտոմեքենաների մաքսազերծման պայմանների հարցում։ Եթե նախկինում գրեթե համատարած «հսկիչ գնով» էին անում ու անհասկանալի գներով, ինվոյսները չէին ընդունում, կամ եթե մեկը նույն մեքենան թանկ էր մաքսազերծում, մյուսը՝ էժան ու հստակ չափորոշիչներ չկային, ապա հիմա փորձել են հստակեցումներմցնել այս գործընթացում։ Մեզ ավտոներկրողներից ասացին, որ էլի հսկիչ գներով են անում, բայց հունվարի 1-ից արդեն հստակ գնացուցակ կա, թե որ մեքենայի մաքսազերծման վճարը որքան արժե, բացի այդ՝ մի շարք մեքենաների մաքսազերծման գներն էապես իջել են։ Գումարած՝ արանքից դուրս են եկել բրոքերներն ու տարատեսակ միջնորդները, որոնք «լևի» գումարներ էին աշխատում մաքսազերծման գործընթացի շղթայում։

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագայի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանն այս թեմայով Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ավտոներկրողներն իրավունք ունեն նաև պահանջել ինվոյսային արժեքով մաքսազերծել մեքենան, եթե ներկայացնեն համոզիչ փաստարկներ՝ փաստաթղթերի տեսքով։ «Մենք նպատակ չունենք անպայման «հսկիչ գին» կիրառելու, որովհետև մաքսային օրենսգիրքը նաև նախատեսում է, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք տեսնենք, որ տվյալ մեքենայի համար տրված ինվոյսային արժեքը տվյալ երկրում վաճառվող համանման մեքենաների արժեքներից էականորեն տարբերվում է, մենք իրավունք ունենք չընդունել ինվոյսային արժեքն ու կիրառենք մեր կողմից առաջարկվող գինը»։

Ավետիքյանի խոսքով՝ այդ, այսպես կոչված, «հսկիչ գներն» այժմ էականորեն նվազել են և մոտեցվել իրական գներին․ «Նույնիսկ ավելին ասեմ, մենք երևի թե մի քանի օրից petekamutner.am կայքում (որտեղ հրապարակված է «հսկիչ գների» ցուցակը) կկիրառենք նաև ավտոմատ էլեկտրոնային հաշվիչը, որպեսզի մարդիկ տեղում բանաձևով հաշվեն իրենց հետաքրքրվող մեքենայի վրա կիրառվող մաքսային արժեքը։ Ի դեպ, մաքսազերծման գները նշված կլինեն դոլարով, բայց կգանձվեն դրամով՝ կախված տվյալ օրվա կուրսից։ Այսինքն՝ մեկի բախտը կարող է բերել և էժան մաքսազերծել, մյուսին՝ ոչ, քանի որ այդ օրը դոլարի կուրսը կարող է բարձր լինել։

Ավետիքյանին հիշեցրինք, որ երբ նոր էին հրապարակել այդ «հսկիչ գների» ցուցակը, այնտեղ մեծ թվով կիքսեր էին նկատել մարդիկ, այդ թվում՝ հայտնի ավտոժուռնալիստ Երվանդ Ղարիբյանը, ով իր ֆեյսբուքյան էջում մատնանշել էր զավեշտի հասնող բացթողումներ։ Օրինակ՝ նշված է մաքսազերծման արժեքը, բայց գրված է չէ արտարժույթը՝ դոլարով է, դրամով է, եվրոյով, թե, ասենք, բիթքոյնով։ Բացի այդ՝ մեքենաների անուններն էին տեղ-տեղ սխալ գրել, կամ, օրինակ, գրել էին Lamborghini Gallardo, որից տասնյակ տարատեսակներ կան՝ Gallardo LP560-4 Spyder, Gallardo Super Trofeo, Gallardo LP570-4 Superleggera և այլն, որոնցից ամեն մեկը տարբեր արժեք ունի։ Հիմա սրանցից ո՞ր մեկին է վերաբերում այդ հրապարաված «հսկիչ գինը»։

Ավետիքյանն ընդունում է, որ կային թերություններ, որոնց մասին նաև բարձրաձայնվել է հրապարակավ, բայց չի ընդունում, երբ «մի լավ բան է արվում, ու էդ լավ բանի մեջ սկսում են վատը ման գալ»։ Նա նեղսրտել էր հանրության արձագանքներից, որ իրենց թույլ տված բացթողումները փորձել են զավեշտի վերածել կամ ծաղրել։

«Մենք ունեինք էդտեղ խնդիր, որը շատ արագ ուղղեցինք։ Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք մեզ հուշեցին, որ ունենք թերություններ։ Բայց էդ ամեն ինչը, կարծում եմ, կարելի էր ներկայացնել այլ կոնտեքստում։ Մենք ասել ենք, ասում ենք ու հետագայում էլ հետամուտ ենք լինելու, որ մեր կոնտակտը՝ ազգաբնակչության ու բիզնեսի հետ, լինի անընդհատ։ Ընդունում եմ, մենք գրել էինք ամենագնացի փոխարեն՝ «ջիպ», չեմ էլ կարծում, որ էն մարդիկ, որոնք դրա վրա մեծ ուշադրություն էին դարձնում ու նույնիսկ մեզ փնովում էին, ինչ-որ տեղ էլ երևի ծիծաղում էին մեր վրա, էդ մարիկ իրենց տանը իրենց ծնողներին հայրիկ, մայրիկ են ասում։ Վստահ եմ՝ իրենք ասում են՝ պապա, մամա։ Ու պապա, մամա ասողը նեղվի, որ ամենագնացի փոխարեն «ջիպ» է գրված»,-ասաց նա։

Նկատեցինք, որ ՊԵԿ-ում, ամեն դեպքում, պետք է իմանային, որ այդ «ջիպ» ասվածն, իրականում, ամերիկյան Jeep մակնիշն է, իսկ իրենց գրած «ջիպը» ամենագնացներին է վերաբերում և պետք էր այդպես նշել։ Բացի այդ, Հայաստանում «ջիպ» կարող է համարվել և՛ փոքրածավալ կիսալիաքարշակ քրոսովեր Nissan Juke-ը, և՛ աժդահա ամենագնաց Toyota Land Cruiser-ը, և՛ Dodge Ram պիկապը, և՛ իրական «ջիպերից» Jeep Wrangler-ը։ «Գիտեմ, ես դրա համար ասում եմ՝ աշխատանքային սևագրերից սարքած մաքրագրերն էին գնացել կայք, կար թերություն, իհարկե, շնորհակալություն մեզ հուշելու համար, բայց եթե դա հուշվում է՝ ուրիշ բան է, եթե դա վերածվում է ձեռք առնոցիի, դա այլ բան է»,-նշեց Ավետիքյանը։

Ի դեպ, 2020 թվականից արդեն նոր պայմաններ են գործելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում։ Այժմ մենք արտոնություն ունենք և երրորդ երկրներից ներկրած մեքենաները մաքսազերծում ենք հին պայմաններով, 2020-ից հետո ստիպված ենք լինելու ենթարկվել ԵԱՏՄ կանոնակարգումներին, համաձայն որոնց՝ ինչքան մեքենայի տարիքը հին եղավ, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը՝ բարձր, այնքան այն թանկ գնով կմաքսազերծվի։ Արդյունքում, հին ավտոմեքենաները կթանկանան մաքսային վճարների բարձրացման հաշվին։ Սա ԵԱՏՄ-ն անում է էկոլոգիայի պահպանման համար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X