Արմեն Սարգսյանի պատվավոր պաշտոնների ցուցանակները

Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիության առնչությամբ անցնող շաբաթվա ընթացքում մեզ հաջողվեց ձեռք բերել HMRC-ին եւ Companies House-ին (Բրիտանիայի հարկային իշխանությանը) ներկայացված եւ հրապարակման արգելք չունեցող շուրջ երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր (Անգլիայում եւ Ուելսում գրանցված թիվ 04451865 ընկերությանն առնչվող, որի տնօրենը 2002-ի հիմնադրումից մինչեւ 2015-ի լուծարումը եղել է պրն Սարգսյանը): Այդ փաստաթղթերն արտացոլում ու հաստատում են, որ, ինչպես 2003-2011թթ., այնպես էլ 2012, 2013, 2014թթ. պրն Արմեն Սարգսյանն ունեցել է բրիտանական քաղաքացիություն (British nationality), մշտական բնակության վայրը եղել է Մեծ Բրիտանիան (չնայած հակառակն ապացուցելու ՀՀԿ քվազի-իրավաբանների անձնուրաց ջանքերին), եւ մասնավոր հասցեն, որտեղ հիմնականում բնակվել է նա, ունի Westminster, London, SW1P 1NH փոստային կոդը: HMRC-ին կեղծ տվյալ հայտնելն առաջացնում է քաղաքացիական կամ քրեական պատասխանատվություն, հետեւաբար, գոնե շրջահայացությունից ելնելով, պրն Սարգսյանն այդ փաստաթղթերում կեղծ տվյալ չէր հայտնի:

HMRC-ի եւ Companies House-ի փաստաթղթերով հաստատվող Արմեն Սարգսյանի 2012-14թթ. բրիտանական քաղաքացիության վերաբերյալ հոդվածը պատրաստվում է, այն կհրապարակենք առաջիկա երեքշաբթի կամ չորեքշաբթի: Սակայն մինչ հոդվածի եւ փաստաթղթերի հրապարակումը, անցնող շաբաթվա ընթացքում փաստաթղթերի մասին գրավոր տեղյակ պահեցինք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը եւ ՀՀ նախագահականին: Նախագահի մամուլի քարտուղարը հայտնեց, որ իրենք գրությունն ընդունել են ի գիտություն, իսկ ՄԹ դեսպանատունը, ըստ էության, հաստատեց Արմեն Սարգսյանի 2012-14թթ. բրիտանական քաղաքացիությունը:

Մնացյալ մանրամասները կլինեն հոդվածում: Մինչ այդ հրապարակման պատրաստ մեկ այլ նյութ ենք ներկայացնում՝ Արմեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության գրեթե կեսը զբաղեցնող «Պատվավոր եւ գործադիր պաշտոնների» վերաբերյալ: Սա հրատապ է այնքանով, որ պրն Սարգսյանը ՀՀ ԱԺ աշխատակազմ է ներկայացնելու նաեւ իր կենսագրությունը:

Աստված չի ասել` մի՛ խեղաթյուրիր

Ովքեր աչքի են անցկացրել հունվարին ՀՀ նախագահականում Սերժ Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի հանդիպման եւ նախագահ առաջադրվելու առաջարկի մասին տեղեկատվությանը զուգահեռ պաշտոնապես տարածված պրն Սարգսյանի կենսագրությունը (ի դեպ, համարյա նույն տեքստը հասանելի է նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանատան կայքից), նկատած կլինեն, որ Արմեն Սարգսյանի կենսագրական տեղեկությունների գրեթե կեսը զբաղեցնում է «Պատվավոր եւ գործադիր պաշտոններ» հատվածը: Այն մեջբերում ենք՝ ինչպես տարածվել է.

«Արմեն Սարգսյանը պատվավոր եւ գործադիր պաշտոններ է զբաղեցնում մի շարք կառույցներում.

Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահն է (WEFForum),

Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահը,

Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ),

Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (GLF) խորհրդի անդամը,

Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի խորհրդի անդամը,

Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարիսի դպրոցի խորհրդի անդամը,

Ջոն Սմիթ հիմնադրամի հոգաբարձու է,

Միջազգային տնտեսական ալյանսի համաշխարհային առաջնորդության խորհրդի անդամ, պատվավոր ավագ հետազոտող մաթեմատիկական գիտությունների դպրոցում,

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է»:

Շարքային ընթերցողի վրա այս բառային հեղեղը կարող է եւ տպավորություն գործել, մանավանդ՝ եթե մարդը չիմանա անգլերեն եւ չիմանա միջազգային կառույցները: Բայց, որքան էլ չիմացողները մեծամասնություն կազմեն, եւ նրանց վրա տպավորություն գործելու PR քայլ լինի նման կենսագրություն տարածելը, իհարկե՝ Հայաստանում ապրում են նաեւ հազարավոր, գուցե՝ տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր եւ հրաշալի անգլերեն գիտեն եւ միջազգային դրվածքներն ու կառույցները, հետեւաբար՝ չէին կարող այդ «պատվավոր պաշտոնների» սնամեջությունը չնկատել: Ընդ որում՝ այնպիսի սնամեջություն, որ դա չտեսնելու տալը եւ լռության մատնելը լրագրության ու ճշմարտության դեմ մեղանչում կլիներ: Երեւի պրն Սարգսյանը համարում է, որ Աստված չի ասել «Մի խեղաթյուրիր»: Գուցեեւ այդպես է, սակայն դրանից խեղաթյուրելը չի դադարում ճշմարտության դեմ մեղանչում լինել:

Եվ այսպես, ըստ հերթականության՝ պրն Սարգսյանի կենսագրությունում նշված պատվավոր կամ գործադիր պաշտոնները:

1. Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ (WEFForum)

Հայերեն աղավաղումից դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը` ինչ կառույցի, ինչ պաշտոնի… Անգլերեն էլ գրված է՝ Chairman of Global Council on Energy Security (WEFForum).

WEFForum-ը, որ տառասխալով է գրված, World Economic Forum-ն է (հապավումը՝ WEForum): Դա Դավոսի ամենամյա միջազգային համաժողովները կազմակերպող շվեյցարական հիմնադրամն է: Նրանք ամռանն էլ համաժողովներ են անցկացնում Վիեննայում, ուղղակի դրանք Դավոսի չափ հայտնի չեն: Իսկ տարվա մնացյալ 360 օրերին որեւէ գործունեություն ծավալելու համար WEF-ը միջազգային փորձագետների կամավորական համացանց է ստեղծել` մոտ 1000 անձի կազմով, որոնք բաժանված են 80-90 մասնագիտական խմբերի եւ տարին գոնե մեկ անգամ Դուբայում ընդհանուր հավաք-քննարկումներ են անցկացնում: Այդ փորձագիտական խմբերից որոշները 2012-16-ին կոչվել են Global Agenda Councils, հիմա վերանվանվել են Global Future Councils:

Դատելով Agenda Council-ների (օրակարգային խորհուրդների) պաշտոնական կայքից՝ պրն Արմեն Սարգսյանը 2014-ին եւ հետագայում էներգետիկային առնչվող Agenda Council-ի կազմում չի եղել։ Նա 2012-13-ի խորհրդի կազմում է եղել, որն այն ժամանակ կոչվել է Global Agenda Council on Energy Security: Այդ խմբի պատրաստած մի փորձագիտական փաստաթուղթը 6-10 էջ ծավալով հասանելի է համացանցից. Փաստաթղթում, որպես 2012-13-ի Global Agenda Council on Energy Security-ի (էներգետիկայի ոլորտում միջազգային օրակարգային խորհրդի) նախագահ, նշված է Mohammed I. Al Hammadi, Chief Executive Officer, Emirates Nuclear Energy Corporation (ENEC), United Arab Emirates (թարգմանաբար`Մոհամեդ ալ Համադի`Արաբական Միացյալ Էմիրությունների Միջուկային էներգետիկ կորպորացիայի գործադիր տնօրեն): Որպես փոխտնօրեն՝ նշված են Բադր Ջաֆար` դարձյալ Արաբական Միացյալ Էմիրություններից, եւ Լին Բոքյանգ` Չինաստանից: Այնուհետ նշված են եւս 10 փորձագետների անուններ, այդ թվում` Արմեն Սարգսյանի: Թե պրն Սարգսյանը 2012-ից էլ վաղ երբ է նախագահել էներգետիկային առնչվող Agenda Council-ում, այժմ, տարիներ հետո արդեն չի երեւում, բայց երբ էլ նախագահած լինի, դա ո՛չ գործադիր պաշտոն է, ո՛չ էլ պատվավոր կոչում: Կատարված կամավորական-փորձագիտական աշխատանք է WEF-ի հովանու ներքո:

2. Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահ

Սա երեւի թե պրն Սարգսյանի կենսագրության պատվավոր եւ գործադիր պաշտոնների ցանկում թվարկված կառույցներից միակն է, որի հետ պրն Սարգսյանի կապն այսօր էլ տեսանելի է:

Ի՞նչ է East West Institute-ը: Սա մի ամերիկյան հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1980-ականներին՝ սառը պատերազմի ժամանակներում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կուլիսային շփումներ հաստատելու համար: Այդ ժամանակ, թերեւս, նշանակալից գործ են կատարել, ինչի համար էլ Ջորջ Բուշ ավագը EWI-ի մասին դրվատանքով է արտահայտվել: Նախագահ Բուշի գնահատականը 30 տարի հետո էլ պահվում է EWI-ի կայքի ամենատեսանելի հատվածում, քանի որ հետագա 30 տարիներին, հավանաբար, ավելի կարեւոր գործ կամ բարձր գնահատական չի եղել:

Ներկայում East West Institute կոչվող ՀԿ նախագահը Տեխասի նահանգից մի նավթարդյունաբերող է, անդամների թվում երեւում են շատ գործարարներ` երեւի թե բոլոր մայրցամաքներից: Փոխարենը որեւէ լրջություն չի երեւում դիվանագիտական ոլորտի իրենց գործունեությունում, հակառակ նրան, որ հայտարարում են, թե իրենք Track 2.0 (պաշտոնյաներ չընդգրկող) եւ Track 1.5 (նախկին պաշտոնյաներ ընդգրկող) մակարդակի դիվանագիտական հաղորդակցություն են իրականացնում: Հազիվ թե հնարավոր է սթափ գիտակցությամբ հավատալ, որ Տեխասից ֆինանսավորվող մի ՀԿ կարող է, դիցուք, Թուրքիան տարածաշրջանային կենտրոն դարձնել Մերձավոր Արեւելքում, Չինաստան-ԱՄՆ դիմակայություն հաղթահարել, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ երկխոսություն հաստատել եւ այլն: Մինչդեռ EWI-ի կայքում տասնյակից ավելի նմանօրինակ հավակնությունների ու գաղափարների մասին է բարձրաձայնված, որոնց սյուր-ռեալիզմին Անրի Բրետոնն ինքը կնախանձեր:

Ի վերջո, պարզելու համար, թե EWI-ի հայտարարություններում կա՞ արդյոք լրջության հատիկ, 2.0 կամ 1.5 կուլիսային դիվանագիտության խողովակներ գործարկելու առումով EWI-ն ԱՄՆ Պետդեպի համար գոնե գոյություն ունի՞, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ընկերներիս խնդրեցի Վաշինգտոնից ճշտել, թե Պետդեպը որքանով է համագործակցում East West Institute-ի հետ: Երկու օր ուսումնասիրել-փնտրելուց հետո Պետդեպարտամենտում Հայաստանի desk-ի աշխատակիցն ասել էր, որ EWI-ի մասին տեղեկություններ չեն երեւում (չափազանց շատ հղումներ կան` նայեք այստեղ, նայեք այնտեղ), նաեւ չի երեւում ո՛չ դիվանագիտական, ո՛չ ֆինանսական հիմք, որը թույլ տար հաստատել, թե Պետդեպը շոշափելի համագործակցություն ունի EWI-ի հետ:

3. Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահը (Էներգետիկ անվտանգության նախագահ)

Euro-Atlantic Security Initiative-ը Carnegie Endowment-ի կողմից 2009-2012թթ. իրականացված, ավարտված, արխիվացված նախագիծ է: Ռոբերտ Բոշ, Գալուստ Գյուլբենկյան, Starr հիմնադրամները, Carnegie Corporation-ը եւ ուրիշներ ֆինանսավորել են այդ նախագիծը, որի նպատակը եղել է Եվրո-ատլանտյան տարածքում անվտանգության ապահովման ինտելեկտուալ հիմք ստեղծելը: Հնարավոր է ստեղծվել է, բայց Վլադիմիր Պուտինի` Ղրիմ ներխուժելուց եւ այն ՌԴ-ին բռնակցելուց հետո դժվար թե այդ հիմքից ինչ-որ բան մնացած լինի: Նախագիծը ղեկավարել են Վոլֆգանգ Իշինգերը՝ Գերմանիայից (ԳՖՀ ԱԳ փոխնախարար), Իգոր Իվանովը՝ Ռուսաստանից (նախկին ՌԴ ԱԳ նախարար) եւ Սեմ Նանը՝ ԱՄՆ-ից (ԱՄՆ սենատոր): Նախագիծն իրականացնող հանձնաժողովի կազմում եղել են շուրջ 30 անձինք, փորձագետներ, նրանց թվում՝ պրն Արմեն Սարգսյանը:

4. Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահը

Սա ամեն մեկնաբանությունից վեր է, որովհետեւ Բրիտանիայի խորհրդարանում խմբեր հիմնադրել, դրանց անդամակցել կամ նախագահել կարող են միայն Բրիտանիայի խորհրդարանի անդամները: Իսկ ՄԹ խորհրդարանի անդամ պրն Սարգսյանը երբեք չի եղել եւ չէր կարող լինել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X