Խոշորացույցի տակ

Երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ մինչ օրս ՀՀ նախագահ էր կոչվում, առաջիկայում կկոչվի վարչապետ, եւ նրա մերձավորները՝ ընտանիքը, եղբայրները, զավակներն ու ընկերները, մշտապես եղել են ու կլինեն հանրային ուշադրության կենտրոնում։ Եթե շարքային քաղաքացու մերձավորները հանցանք կամ զանցանք գործեն, հասարակությունը շատ հաճախ չի էլ նկատի, իսկ ՀՀ նախագահի մերձավորների յուրաքանչյուր արարքը, քայլը, խոսքը հասարակական հնչեղություն է ստանում։ Սրանից էլ բխում է այն պատասխանատվությունը, որը կրում են նրա մերձավորները, ի տարբերություն մեզ՝ շարքային քաղաքացիներիս։

Այսինքն՝ պետության գլուխն ու իր մերձավորները ստիպված են յուրաքանչյուր քայլ անելիս, խոսք արտաբերելիս 10 անգամ չափել, մեկ անգամ կտրել։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀ թիվ մեկ պաշտոնյան ու նրա մերձավորները չեն կարող ժարգոնով խոսել, ցանկացած հրավեր ընդունել, ցանկացած միջավայրում լինել, ինչպես սիրտներն ուզի՝ հագնվել եւ այլն։

Նրանք ապրում են կարծես խոշորացույցի տակ։ Ոչինչ գաղտնի չի մնում, ոչ մի խոսք ու քայլ աննկատ չի անցնում։ Իսկ դա նշանակում է, որ, ասենք, տաղանդավոր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը շնորհավորելը եւ գեղեցիկ խոսքեր ասելը հանրությունը ողջունում է, եւ այդ քայլի արդյունքում ՀՀ նախագահի հեղինակությունը բարձրանում է, իսկ երբ «ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւ» է հանձնում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին, որը, մեղմ ասած, բարձր հեղինակություն չունի հանրության շրջանում, դրանից իր վարկանիշն ընկնում է։ Երբ այցելում է գրախանութ, մարդիկ հարգանքով են լցվում, իսկ երբ մասնակցում է մի կիսագողականի որդու հարսանիքին, նրա հանդեպ հարգանքը նվազում է։

Մեկնաբանություն
X