Հայաստանի «փրկիչներն» ու «դավաճանները»

Պատմության վերաբերյալ ծայրահեղ ձևախեղված մոտեցումները լրջորեն կանխարգելում են ընթացիկ կյանքի կառուցման և կազմակերպման միտումները: Քանզի մոտեցումներն այդ օգտագործվում են որպես քարոզչական յուրօրինակ մեխանիզմ, որի առաջնային նպատակն է ձևախեղելու հանրության քաղաքական, մշակութային, հոգեբանական պատկերացումները պետության ներկայի և ապագայի վերաբերյալ:

Մասնավորապես, պատմական գործընթացների բնականոն ընթացքի համար որպես առաջնային շարժիչ ուժ դիտարկվում են բացառապես անհատները:

Օրինակ, հաճախ է նշվում, թե Նժդեհը կամ Անդրանիկը փրկեցին Հայաստանը և հայ ժողովրդին: Կամ հակառակը՝ Պետրոս Գետադարձը, Վասակ Սյունին, Մերուժան Արծրունին դավաճանության արդյունքում կործանեցին հայ ժողովրդին: Իսկ եթե ինչ-որ մեկը փրկել է, ապա պետք է փրկի նորից, բայց չի բացառվում, որ նորից կարող է լինել դավաճանություն, որի պատճառով հանրությունը նորից ու նորից կկորցնի պատմական պահը:

Խոստովանենք, որ պարզունակ է հնչում, երևի թե այդպես էլ կա, բայց, ինչևիցե, անցնենք բուն թեմայի քննարկմանը:

Իհարկե, անհատները մեծ դեր են խաղացել մարդկության պատմության ընթացքում և նույնիսկ ունեցել վճռական և վերջնական ազդեցություն այս կամ այն գործընթացների վրա: Առնոլդ Թոյնբին գեղարվեստական հրաշքի և անհատի մասին խոսելիս նշում է, որ այդ հրաշքն արարող մարդիկ ապահովում են իրենց հանրության աճը, նրանք ավելին են, քան պարզապես մարդ լինելը, քանզի նրանց տրված է անել այն, ինչ մյուսներն ընկալում են որպես հրաշք: Նրանք որոշ իմաստով գերմարդ են և առանց փոխաբերության: Նույն կոնտեքստում Անրի Բերգսոնը գրում է, թե ցատկը տեղի է ունենում, երբ հասարակությունը փորձարուրության որոշում է կայացնում, դա նշանակում է, որ հասարակությունը կամ տոգորվել է որևէ համոզմունքով, կամ ինչ- որ մեկը ցնցել է նրան, բայց հատկապես ինչ-որ մեկը:

Բայց որքան էլ որ անհատների դերը վճռական ազդեցություն ունենա, այնուամենայնիվ, մարդկության պատմության ընթացքն էականորեն կապված է եղել տարաբնույթ այլ գործոններով ևս, որոնք են՝ տնտեսություն, կլիմա, աշխարհագրական միջավայր, քաղաքական ինստիտուտներ և այլն: Այսինքն, մարդու գործունեության թիրախավորումը կարող է կապված կամ պայմանավորված լինել վերոհիշյալ գործոններով, որոնց առանձին կամ համալիր ներգործության արդյունքում անհատի կամքից անկախ իրադարձությունների ընթացքը անխուսափելիորեն կարող է փոփոխվել: Այսինքն, անհատի գործոնը պետք է փոխկապակցված լինի քաղաքական, տնտեսական, մշակութային ինստիտուտների ձևավորման և բնականոն գործունեության հետ, որտեղ պետք է հստակ սահմանված լինեն խաղի կանոնները, ինչպես նաև առաջադրված լինեն երկարաժամկետության և շարունակականության խնդիրները: Եթե անհատների կողմից ձևավորված վերոհիշյալ ինստիտուտները կամ խաղի կանոնները երկարաժամկետ շարունակականություն չեն երաշխավորում, ապա անհատի նշանակությունը չեզոքանում է, քանզի համակարգն այդ դատապարտված է կործանման: Այսինքն, եթե խնդիրը դիտարկենք Բերգսոնի՝ վերևում նշված մտքի տրամաբանության մեջ, ապա անհատները ձևավորում են ինստիտուտներ, սահմանում են խաղի կանոններ և հանրությունը ցատկ է արձանագրում, իսկ այդ ցատկի երկարաժամկետությունը պայմանավորված է ինստիտուտների կենսունակությամբ և պարբերաբար բարեփոխվելու միտումով: Օրինակ, Արտաշեսյան թագավորության անկումից հետո Մեծ Հայքում ստեղծվել էր այնպիսի մի իրավիճակ, երբ չկար թագավոր, բայց քաղաքական ինստիտուտները գործում էին անխափան և դրանց համալիր ներգործության արդյունքում հնարավոր եղավ չեզոքացնել արտաքին մարտահրավերները, այն է՝ Հռոմը և Պարթևստանը չկարողացան կործանել պետական համակարգը:

Թեմայի կոնտեքստում խիստ արդիական է դիտարկել ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը և նրանց համապատասխան մոտեցումները խնդրի վերաբերյալ: ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը Թ. ՋԵֆֆերսոնը, Ջ. Ադամսը, Ջ. Վաշինգտոնը ստեղծեցին այնպիսի մի համակարգ, որը, անկախ տարաբնույթ անհատների ներգործությունից, շարունակական է, ունի երկարաժամկետ հեռանկարներ և բարեփոխվելու, այլանալու շղթայական միտումներ: Մինչև օրս ԱՄՆ-ն ունեցել է 45 նախագահներ, որոնք ունեցել են սեփական մոտեցումները և ոչ միշտ պետության շահերից բխող, բայց կենսունակ ինստիտուտների առկայությամբ այդ մոտեցումները սահմանափակվել են և հնարավորություն ստեղծել ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար: ԽՍՀՄ-ում կատարվել է ճիշտ հակառակը, այսինքն, ինստիտուտների գործունեությունն է սահմանափակվել անհատներով, արդյունքում համակարգն ամբողջությամբ խարսխվել է մեկ անհատի հեղինակության և ազդեցության վրա, իսկ ինստիտուտները աստիճանաբար կորցրել են իրենց կենսունակությունը, դերն ու նշանակությունը: Վ. Լենինը, Ի. Ստալինը ապահովեցին հանրության ցատկը, բայց չսահմանեցին երկարաժամկետ խաղի կանոններ: Եվ որպես վերջնական արդյունք ուժեղ անհատի մահվանից կամ չեզոքացումից հետո համակարգն այդ աստիճանաբար լճանում է, բարեփոխվելու փորձ կատարում և ձախողվելուց հետո կործանվում: Սառը պատերազմում Խորհրդային Միության պարտության պատճառները բազմազան են և բազմաբնույթ, բայց առաջնային պատճառը թերևս երկու հակամարտող կողմերի կառավարման համակարգերի և ինստիտուտների որակական տարբերությունն էր: Փորձը ցույց է տալիս, որ անհատի հեղինակության վրա խարսխված ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգը չի կարող երկարատև պայքար մղել ժամացույցի ճշգրտությամբ գործող ժողովրդավարական համակարգի դեմ: Նույնը կարող ենք ասել Իրաքի կամ Լիբիայի դեպքում: Մ. Քադաֆին և Ս. Հուսեյնը ստեղծեցին տարածաշրջանային հզոր պետություններ, բայց վերջինների չեզոքացումից հետո Իրաքն ու Լիբիան հայտնվեցին կործանման եզրին, քանի որ չկային ինստիտուտներ, չկային խաղի կանոններ այլ կային հզոր անհատներ:

Թերևս թեմայի շուրջ անվերջ կարելի է խոսել, բայց այժմ փորձենք դրա տիրույթում դիտարկել Հայաստանի արդի իրավիճակը՝ փորձելով առանձնացնել շարադրանքի սկզբում նշված և Հայաստանում կիրառվող քարոզչական մեխանիզմները, որոնք կապված են անհատի ներգործության հետ:

Սկսենք նրանից, որ Հայաստանում ինստիտուտները ԽՍՀՄ-ի օրինակով ստորադասված և սահմանափակված են անհատի կամքով և քմահաճույքով: Իսկ քաղաքական դաշտը առհասարակ բաղկացած է ոչ թե քաղաքական ուժերից, այլ՝ անհատներից: Այս տրամաբանությունից ելնելով՝ հանրության մեջ էլ կարծրացել է այն մտայնությունը, թե երկրին ուժեղ առաջնորդ է պետք, որը միջնադարյան գահակալի մոտեցումներով, այսինքն՝ որպես բարի կամքի դրսևորում՝ Աստծո ողորմածությամբ, ժողովրդին կառաջնորդի դեպի փրկության: Մյուս կողմից՝ դպրոցներում, համալսարաններում, բանակում մշտապես քարոզվում է այն գաղափարը, թե հայ ժողովրդին պարբերաբար ինչ-որ մեկը փրկել է, և այդ տրամաբանությունից ելնելով՝ հիմա նույնպես պետք է փրկի: Պատկերացումներն այս այնքան արմատացած են, որ պարզ մարդիկ հաճախ են դնում հետևյալ հարցադրումը. ո՞վ պետք է փոխարինի Սերժ Սարգսյանին. չէ՞ որ դաշտում չի նշմարվում որևէ այլ խարիզմատիկ առաջնորդ: Այսպիսի պայմաններում Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է ավտորիտար ռեժիմ, որտեղ կենտրոնում գտնվում է հենց ինքը՝ հանրապետության նախագահը: Վերջինս հաստատել է բացարձակ մենիշխանություն՝ բացառելով իշխանությունների տարանջատման սկզբունքը: Արդյունքում կանխարգելված են պետության երկարաժամկետ զարգացման հեռանկարները, բացառված են համակարգային բարեփոխման միտումները և, ի վերջո, վտանգված է պետության շարունակականության խնդիրը, քանզի ինստիտուտներն ու խաղի կանոնները սահմանափակված են անհատի կամքով և քմահաճույքով: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը սահմանափակված լիներ համապատասխան ինստիտուտների ներգործությամբ, ապա հնարավոր է՝ Հայաստանի ժամանակին չհայտնվեր ԵՏՄ-ում, քանզի նախագահի որոշումը կհանդիպեր ինստիտուցիոնալ դիմադրության: Այսինքն մեկ անհատի վրա խարսխված համակարգերը չափազանց թույլ են ու խոցելի, դրանք ամեն պահ կարող են պայթել։

Բերենք մի պատմական օրինակ ևս, Առաջին աշխարհամարտից հետո Վուդրո Վիլսոնը աշխարհի ամենամեծ ազդեցություն ունեցող անհատներից մեկն էր: Նա Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության կողմնակիցն էր և, ըստ էության, արտաքին քաղաքականությունը կառուցում էր հենց այդ համապատասխան դրույթների հիման վրա: Բայց աշխարհում այդքան մեծ ազդեցություն ունեցող անհատը չկարողացավ կյանքի կոչել իր գաղափարները և քաղաքական դիակի կարգավիճակով հեռացավ քաղաքականությունից, քանզի սահմանափակված էր ինստիտուտներով և չէր կարող շրջանցել դրանք: Արդյունքում ԱՄՆ-ը որդեգրեց ինքնամեկուսացման և եվրոպական գործերին չմիջամտելու քաղաքականություն:

Ինչպես Խորհրդային Միության օրինակով նշեցինք, անհատի վրա խարսխված ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգը չի կարող երկարաժամկետ հակամարտության մեջ հաղթող դուրս գալ, քանզի չունի ներքին հենարան: Հայաստանը նույնպես մեկ անհատի որոշումներով չի կարող հաղթանակած դուրս գալ Ադրբեջանի դեմ պայքարում և առհասարակ չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Մեկ անձը չի կարող ամբողջ պատասխանատվությունը վերցնել միայն իր վրա։ Նա ամեն պահ կարող է ճնշումների ենթարկվել կամ էլ չկարողանա ըստ պատշաճի գնահատել իրավիճակը՝ արդյունքում պետությունը տանելով դեպի արկածախնդրություն։ Իսկ կենսունակ ինստիտուտների առկայության պայմաններում համանման վտանգները հասցված են նվազագույնի։

Եվ վերջապես, հատկապես զավեշտական է, երբ հանրության պատմական ճգնաժամային շրջափուլերը փորձում են կապել ինչ-որ անհատների դավաճանության հետ: Այս համատեքստում նույնպես գերագնահատելով անհատի դերը՝ իշխանությունները քարոզչական տիրույթում իրենց քննադատողներին հաճախ ներկայացնում են որպես դավաճան, որոնց քննադատությունը իբրև թե կարող է ուրախացնել թուրքին և կործանել պետությունը: Այսինքն՝ հղում անելով պատմական ինչ-որ փուլում տեղի ունեցած դավաճանության թվացյալ ակտին՝ քարոզիչները փորձում են ճնշել ըմբոստ զանգվածներին՝ վերջիններիս դիտարկելով որպես նոր դավաճաններ։ Իսկապես չափազանց անլուրջ է, որովհետև ինչ-որ մեկի ներգործության արդյունքում պետություն չի կարող կործանվել։ Որպես կանոն անկումը երկարատև գործընթաց է, որի պատճառները բազմաթիվ են ու տարասեռ։

Այսպիսով, այն մտայնությունը, թե իբր հայ ժողովրդին ինչ-որ մեկը փրկել է, պարզ քարոզչական հնարք է՝ նոր փրկիչների ստեղծման և ամրապնդման համար գաղափարական հիմքեր ձևավորելու նպատակով: Հանրության պատմական ընթացքը անհատների և նրանց ստեղծած ինստիտուտների փոխգործակցության համալիր ամբողջությունն է և ներկան ու ապագան ևս պետք է կառուցվել հենց այս օրինաչափության շրջանակներում: Հանրությունն ինքն է ըստ իր փորձառության որոշում կայացնելու՝ իհարկե որոշակի անհատների ներգործության արդյունքում:

Մեկնաբանություն
X