Եթե մեկին ասեին, որ 200 տարի հետո հայը վարձու աշխատանք է կատարելու Մոսկվայում, կմտածեր՝ զառանցանք է

Մյունխենում Սերժ Սարգսյանն ադրբեջանցու հարցին պատասխանելու ժամանակ նշեց, որ չնայած Ադրբեջանը նավթի ու գազի հսկայական պաշարներ ունի, սակայն միջին աշխատավարձն այնտեղ ավելի քիչ է, քան Հայաստանում:

Նախ սկսենք նրանից, որ նախագահը երեւի ոչ թե միջին աշխատավարձը նկատի ուներ, այլ մեկ շնչին ընկած ՀՆԱ-ի ցուցանիշը․ դրանք մի քիչ տարբեր բաներ են: Ինչեւէ, իսկապես անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով Ադրբեջանը շարունակելով անկում գրանցել՝ 2017-ին ընդհուպ մոտեցել է Հայաստանի ցուցանիշին, որը 3 հազար 728 դոլար է, Ադրբեջանինը՝ 3 հազար 782, իսկ, ահա, Վրաստանը Հարավային Կովկասում առաջատարն է․ նրա ցուցանիշը 4 հազար 192 դոլար է, մեր մյուս հարեւան Թուրքիայինը՝ 9 հազար 969, որը գերազանցում է նույնիսկ ընդերքում հեքիաթային հարստություններ ունեցող Ռուսաստանի ցուցանիշը:

Ադրբեջանը գոնե վերջին 20 տարիների ընթացքում միշտ այդ ցուցանիշով առաջ է եղել մեզնից, երբեմն նույնիսկ՝ կրկնակի անգամ, սակայն վերջին տարիներին Ադրբեջանի տնտեսությունը, կապված, առաջին հերթին, նավթի ու գազի համաշխարհային գների անկման հետ, հետընթաց է ապրում, ու այդ ցուցանիշով առաջին անգամ է, որ համարյա հավասարվել է մեզ: Բայց դա այն ցուցանիշը չէ, որը կարող է ցույց տալ բնակչության իրական կենսամակարդակն ու երկրի ներսում սոցիալական արդարության մակարդակը: Բանն այն է, որ սոցիալական բեւեռացվածությունը Հայաստանում ավելի բարձր է, քան այդ նույն Ադրբեջանում (Վրաստանի մասին չեմ էլ խոսում), իսկ դա նշանակում է, որ մեզանում մի փոքր խումբ կազմող հարուստների աննորմալ մեծ եկամուտները գումարվում են 75% աղքատների չնչին եկամուտներին ու մի 20% կազմող միջին խավի եկամուտներին, ու այդ ընդհանուրի միջինն է հաշվվում։ Այսինքն՝ եթե մեկ շնչին ընկած ՀՆԱ-ն Հայաստանում 3 հազար 728 դոլար է, դա բոլորովին չի նշանակում, որ միջին հայաստանցին ամսական դրա 1/12-ի չափով, այսինքն՝ 310 դոլարի չափ աշխատավարձ է ստանում: Չմոռանանք հաշվի առնել նաեւ այն, որ ոչ այնքան մեկ շնչին ընկած անվանական ՀՆԱ-ն, որքան, ըստ Գնողունակության պարիտետի, ՀՆԱ-ն է բնակչության իրական կենսամակարդակի մասին որոշակի ինֆորմացիա տալիս։ Այսինքն՝ եթե մի երկրում աշխատավարձերը որոշակի մակարդակի վրա են, ու միեւնույն ժամանակ բարձր են ապրանքների ու ծառայությունների գները, իսկ մեկ այլ երկրում աշխատավարձերը մոտավորապես նույն մակարդակի են, բայց ապրանքների ու ծառայությունների գներն ավելի մատչելի են, ապա երկրորդ դեպքում բնակչության կենսամակարդակն ավելի բարձր է:

Ցավոք սրտի, Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գներն ամենաբարձրն են՝ համեմատած բոլոր հարեւանների հետ: Եվ եկեք չմոռանանք ամենակարեւորը, որ, այսպես կոչված, անկախության տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է 1/3-ով, իսկ Ադրբեջանինն ավելացել է նույն այդ 1/3-ով: Այսինքն՝ լավատեսության հիմքեր բոլորովին չպիտի ունենանք. մենք այս տարիները տանուլ ենք տվել, ու եթե բեկումնային փոփոխություններ չլինեն մեր երկրի կյանքում, կարող ենք պատմականորեն մոտ ապագայում ուղղակի բնաջնջվել մեր թշնամիների կողմից, քանի որ նրանք ե՛ւ մարդկային ռեսուրսների, ե՛ւ տնտեսության զարգացման առումով մեզնից ավելի էֆեկտիվ են, ժամանակը, ցավոք սրտի, առայժմ նրանց օգտին է գործում: Եվ մեր վիճակը կկարողանանք փրկել միայն ու միայն սուվերեն երկիր դառնալու դեպքում․ քանի դեռ մեր սուվերեն իրավունքները հանձնված են կամ, ավելի ճիշտ՝ կասեցված են Ռուսաստանի կողմից, մենք ի վիճակի չենք լինի կայանալ որպես ազգ ու պետություն եւ արդյունքում գուցե չենք խուսափի նոր ցեղասպանությունից:

Ի տարբերություն մեզ, մեր հարեւանները, լավ թե վատ, զարգանում են ու կայացնում իրենց պետականությունը։ Տեսեք՝ ինչ գեղեցկանալ են գեղեցկացել հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի քաղաքները` նոր ու ժամանակակից շինություններ, պատմական կառույցները՝ խնամված ու վերականգնված, ճանապարհները՝ բարեկարգ, իսկ Հայաստանն ու Աբխազիան, որոնք Ռուսաստանի ենթակայության տակ են մնացել, համատարած ավերակ են հիշեցնում: Ամոթ է՝ երբեք հայ ժողովուրդն իր հարեւանների համեմատ ավելի թշվառ վիճակում չի ապրել, անգամ օսմանյան լծի տակ եղած ժամանակներում հայերը շատ ավելի բարեկեցիկ էին ապրում, քան նույնիսկ արտոնյալ իրավունքներ ունեցող մահմեդականները, հայերի համարյա բոլոր ընտանիքները թուրք կամ քուրդ մշակներ ունեին: Եթե մի 200 տարի առաջ ապրող հային ինչ-որ մեկն ասեր, որ կգա ժամանակ, երբ հայերը կարիքից դրդված կգնան հեռավոր Մոսկվա եւ այնտեղ նրանց զուգարանները կնորոգեն՝ մի քանի գրոշ վաստակելու համար, նրանք հաստատ կմտածեին, որ այդ մարդը զառանցում է: Բայց փաստն առկա է, որ երբեմնի վաճառականների ու ձեռնարկատերերի, գիտնականների ու արվեստագետների, բժիշկների ու արհեստագործ վարպետների ազգը, որի հարստությունների մասին օտարների միջավայրում լեգենդներ էին պտտվում, այսօր վերածվել է աղքատ ու անօգնական թշվառականների հանրույթի, որը խարխափում է մթության ու տգիտության մեջ:

Այնպես որ՝ Հայաստանի ղեկավարը, տնտեսական այդ խղճուկ ցուցանիշներից ոգեւորվելու փոխարեն, պետք է հասկանա, որ այսպես շարունակել անհնար է. մարդկանց աշխատանքով ու արժանապատիվ կյանքով է հարկավոր ապահովել, իսկ դա կարելի է անել միայն նրանց իրավունքներն ու ազատությունները վերականգնելու միջոցով, միայն իրավատեր ու ազատ մարդը կարող է ապահովել սեփական բարեկեցությունը, այլ տարբերակներ չեն լինում: Մենք խորհրդային ժամանակահատվածում եւ հատկապես վերջին պսեւդոանկախության ընթացքում կորցրինք մեր այն որակները, որոնցով դրականորեն տարբերվում էինք մեր հարեւան ժողովուրդներից: 100 տարի առաջ ցարական իշխանությունների անցկացրած ուսումնասիրությունների համաձայն՝ հայերը ռուսական կայսրության ամենակիրթ ժողովուրդներից էին` լեհերի ու բալթյան ժողովուրդների հետ միասին: Մեր տարածաշրջանում եթե ադրբեջանցիների գրագիտությունը 2% էր կազմում, ապա հայերի շրջանում այն համարյա 80% էր, իսկ այսօր Ադրբեջանը, ըստ մեր Գիտությունների ակադեմիայի ներկայացրած պաշտոնական տվյալների, մեկ շնչի կտրվածքով 5 անգամ ավելի շատ է ֆինանսավորում գիտությանը, քան Հայաստանը (Ադրբեջան` 40, Վրաստան` 16,5, Հայաստան` 8,3 դոլար): 1918-ին, երբ Հարավային Կովկասում մենք, վրացիներն ու թրքախոս մահմեդականները (որոնք իրենց շուտով պիտի ադրբեջանցի անվանեին) ձեռնամուխ եղանք ռուսական կայսրության փլատակների վրա մեր ազգային պետությունները կառուցելու գործին, մենք քանակով գերազանցում էինք ե՛ւ վրացիներին, ե՛ւ ադրբեջանցիներին, իսկ այսօր ամենասակավաթիվն ենք տարածաշրջանում: Մեր բնակչության երիտասարդ ու կրեատիվ տարրը գաղթում է երկրից՝ այստեղ թողնելով ծերացող ու անգործունյա մարդկանց: Ինչպե՞ս պիտի այդ թշվառ մարդիկ կարողանան երկիր կառուցել, ապահովել սեփական անվտանգությունը: Հետաքրքիր է՝ պարոն Սարգսյանն այս ամենի մասին մտածո՞ւմ է։

Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X