Հեռանալ այնպես, որ չանիծեն

Սովետական Միությունում գեղեցիկ ավանդույթներ կային։ Օրինակ՝ մարդուն պատվով թոշակի կամ, ինչպես նրբանկատորեն ասում էին, հանգստի ուղարկելը։ Ենթադրվում էր, որ մարդը 60-65 տարեկանում այլեւս այն ուժերն ու եռանդը չունի, որ շարունակի 30-40 տարեկանի նման օրնիբուն աշխատել։

Մեզանում էլ օրենքն այդ հնարավորությունը տալիս է, իսկ որոշ ղեկավար պաշտոնների դեպքում՝ անգամ պարտադրում թոշակի գնալ։ Սակայն զարմանալիորեն մեր օրենք գրողները որոշել են, որ մի հասարակ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող 65-ից հետո աշխատել, իսկ, այ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի դեպքում տարիքային սահմանափակում պետք չէ՝ այն կարող է կառավարել նաեւ 80-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը։ Կամ՝ Սահմանադրական դատարանի նախագահի դեպքում առավելագույն տարիք է սահմանվել 70 տարին, իսկ, ահա, նոր ստեղծվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեպքում նման սահմանափակում չկա, այն կարող է զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնից թոշակի գնացող Գագիկ Հարությունյանը։ Թե ինչպես են որոշել, որ ՍԴ-ն ավելի ճկուն եւ երիտասարդ (անշուշտ՝ հարաբերական) ղեկավար պետք է ունենա, իսկ դատական համակարգի համար կարեւորագույն այս նոր մարմինը կարող է նաեւ զառամյալ ծերունին ղեկավարել, պարզ չէ։

Ընդհանրապես՝ ժամանակին հեռանալու ունակությունը մարդկային ամենակարեւոր ընդունակություններից է։ Երբ դեռ ակտիվ ես ու աշխատունակ, երբ դեռ չես հասցրել բեռ դառնալ շրջապատիդ համար, խանգարել առաջընթացին, վերածվել երիտասարդների ճանապարհին հայտնված մի մեծ ու անհաղթահարելի խոչընդոտի։

Երբ դեռ կոլեկտիվդ, հասարակությունը, շրջապատի մարդիկ չեն սկսել երազել քո մահը՝ որպես քեզնից պրծնելու միակ միջոց։ Հեռանալ այնպես, որ քեզ կարոտով ու հարգանքով հիշողներն ավելի շատ լինեն, քան անիծողները։

Մեկնաբանություն
X