Կառլեն Կառլենիչ. Արա, էդ Երեւանի ավագանի եք, ինչ եք…

Երեւանի կենտրոնում վիճակն ավելի բարվոք չէ, քան Նուբարաշենում: Ցավոք, հնարավոր չէ այդ իրավիճակը բանկաների մեջ լցրած բերել ու դնել մեր հարգարժան քաղաքապետի սեղանին: Կատարյալ պոռնոգրաֆիա, քաղաքի ոչ մի շնորհք, ոչ մի վկայություն այն բանի, որ սա, ի վերջո, մայրաքաղաք է, ու այստեղ օրենք է աշխատում: Բայց ոչինչ, ես այդ ՀՀԿ-ական ավագանու հախից գալու ձեւը կգտնեմ ու ոչ վատ, քան Զարուհին:

Երկու բառով նկարագրեմ զայրույթիս պատճառը:

Ուրեմն, գործով գնացել էի Թումանյան փողոցում «AG print»-ի արտադրամաս, որ պատվերս վերցնեմ: Այ մարդ, այդ փողոցի ողջ երկայնքով ձգվող կարմիր գծերում մեքենան կանգնեցնելու ոչ մի տեղ չգտա: Բոլոր բակերի մուտքերին, երեւի գիտեք, արգելափակոցներ կան, ու հնարավոր չէ նույնիսկ բակերի մի անկյունում ծվարել: Ստիպված Հանրապետության փողոցով իջա ցած, որպեսզի Վարդանանցով նորից գնամ Նալբանդյան եւ մտնեմ Թումանյան փողոց` կրկին բախտս փորձելու: Հնար չեղավ: Երրորդ, թե չորրորդ պտույտին մի փոքրիկ լուսանցք ընկավ աչքովս, եւ փորձում էի տեղավորվել, որ մի դեղին շորով մարդ առաջս կտրեց` քշի, ապե, էս մեր շեֆի տեղն ա…: Նայեմ` դիմացս ինչ-որ անշուք օֆիսանման բան կար: Երեւի այդ օֆիսի շեֆի տեղն էր: Քշեցի ու մի քիչ հետո մի ծակ էլ տեսա, բայց մի ուրիշ դեղին շորով մարդ իր երկաթեղենը` «No Parking» մակագրությամբ, բերեց ու դրեց այնտեղ: Այդ կողմերում մի ռեստորան կար, որի դիմաց, կարմիր գծերի մեջ, «կանգառն արգելող» զանազան առարկաներ կային: Մեքենան կանգնեցրի Թումանյան փողոցի ճիշտ կենտրոնում, միացրեցի վթարային ազդանշանները, ինչպես կարգն է, իջա, մոտեցա հերթական «դեղին» մարդուն, խնդրեցի, որ աթոռը վերցնի եւ թույլ տա մի 5-10 րոպե կանգնել կարմիր գծերի մեջ:

-Եկել ես հա՞ց ուտես:

-Չէ, մի քիչ այնկողմ գործ ունեմ, շուտ կվերջացնեմ:

-Չի լի, ախպեր, սա կլենտների տեղն ա:

-Կարմիր գծերի մե՞ջ...

-Հա, կարմիր գծերի մեջ, հարց կա՞...

Հարց կա, իհարկե, կա, բարեկամ, բայց ոչ քեզ հետ:

Ակամա հիշեցի այն օրերը, երբ պայքարում էինք կարմիր գծերի դեմ: Ի՞նչ իմանայինք, որ մի գեղեցիկ օր պայքարելու ենք կարմիր գծերի մեջ կանգնելու համար:

Եվ գիտե՞ք ինչն է վիրավորական: Այն, որ կարող ես, ենթադրենք, մեկ տարվա համար վճարել եւ առնվազն կես տարի տեղ չճարել կանգնելու համար: Ի՞նչ ասեմ: Փողը վերցնելն ու տեղը ոչինչ չտալը ստախոս մարմնավաճառի պահվածք է, պարոնայք քաղաքապետարանցիներ: Ժամանակը չէ՞, որ էդ ուժեղ տղերքով դուրս գաք փողոց ու կարգ հաստատեք էս «մերաքաղաքում»: Կամ էլ հենց հիմա հետ տվեք այն փողերը, որ գրպանել եք կարմիր գծերի անվան տակ` թե՛ կանխավճարների եւ թե՛ տուգանքների տեսքով:

ՀԳ. Պարոն Վլադիմիր Գասպարյան, քանի որ սա մի քիչ էլ Ճանապարհային ոստիկանության հետ առնչվող հարց է, խնդրում եմ ` Ձեզ հարմար որեւէ օր ինձ հետ գաք քաղաքապետարան, որպեսզի վեճի թունդ պահին ձեռքերս բռնեք, քանզի «նստելու» հավես չունեմ: Մյուս կողմից էլ` Ձեր ներկայությամբ, երեւի, ոմանց ուղեղները վերջապես սկսեն գործել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X