Աշխարհը՝ ՀՀԿ-ի պատուհանից

Նախորդ ընտրությունների չարիքներից մեկը ռեյտինգային կոչվող ընտրակարգն էր, որի շնորհիվ Հանրապետական կուսակցությունը նման քանակի քվեներ ստացավ՝ չունենալով իրական հեղինակություն երկրում եւ չվայելելով հասարակության համակրանքը։ Այդ խորամանկ մոդելի արդյունքում տարածքներում առաջադրված թեկնածուները մեծ քանակով փող ծախսեցին, ջանք թափեցին, իրենց տարածքի ընտրողներին մոտիվացրին, որ գնան ու ձայն տան Հանրապետականին, քանի որ միայն ՀՀԿ-ին ձայն տալու պարագայում կարող էին իրենք ընտրվել։

Արդյունքում շատերը խաբվեցին՝ պարտվեցին ավելի ուժեղ թեկնածուներին, թշնամացան թիմակիցների հետ, բայց այդ մրցավազքից շահողներ էլ եղան՝ մայր կուսակցությունը եւ բացարձակ հեղինակություն չունեցող այն մարդիկ, որոնք ռեյտինգայինների ուսերին՝ եկան իշխանության։ Ուստի միանգամայն բնական է այն ջերմեռանդությունը, որ ՀՀԿ իդեոլոգները գործադրում են ռեյտինգային ընտրակարգը պաշտպանելիս։ Բայց ոչ մի կերպ հասկանալի չէ մյուս անձանց եւ ուժերի, մասնավորապես՝ Դաշնակցության ջերմեռանդությունն այս հարցում։

Թվում է՝ «Ծառուկյան դաշինքի» առաջարկը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, պետք է պաշտպանեին ՀՀԿ-ից բացի բոլորը, եւ սա լավագույն շանսը կլիներ խորհրդարանում ընդդեմ ՀՀԿ-ի «կոալիցիա» կազմելու, բայց պարզվեց՝ ՀՅԴ-ն այնպես է սերտաճել ՀՀԿ-ին, այնքան է կորցրել իր շահի գիտակցությունը, այն աստիճանի է հնազանդեցվել, որ ՀՀԿ-ի ձեռքին դարձել է մի պարզ գործիք՝ իր ծրագրերի իրականացման ճանապարհին։ Մինչդեռ ժամանակին հենց ՀՅԴ-ն էր դեմ ռեյտինգայինին, համենայնդեպս՝ այն տեսքով, ինչպիսին այսօր կա։ Եվ, որպես քաղաքական կուսակցություն, նրան բացարձակապես ձեռնտու չէ այս համակարգը։ Ի վերջո, կոալիցիայի մեջ լինել՝ չի նշանակում աշխարհին նայել ՀՀԿ-ի պատուհանից։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X