Օրհան Փամուկ. Լուսանկարներ թանգարանային խավարում IV

Մեծ մայրս չերքեզուհի էր: Նրա նախնիները մի քանի դար շարունակ մատակարարներ էին հանդիսացել օսմանյան պալատականների հարեմների համար: Նրա հայրը 1877–1878 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղափոխվում է Անատոլիա, ապա հաստատվում Իզմիրում, որտեղ մինչ այժմ մեր տոհմական լքված տունն է գտնվում, որի մասին հարազատներս երբեմն հիշում էին իմ մանկության տարիներին եւ վերջապես տեղափոխվում է Ստամբուլ, որտեղ արդեն մեծ հայրս կարողանում է ուսում ստանալ եւ դառնալ շինարար-ճարտարագետ:

1930-ական թվականներին, մեծ հայրս հարստանում է ի հաշիվ հանրապետական Թուրքիայի իշխանությունների` երկաթուղային շինարարության ոլորտին ցուցաբերած առատ ֆինանսավորման եւ կառուցում կանեփի ֆաբրիկա Բոսֆորի ափին` Գյոքսե գետակի ափին, որը արտադրում էր տարբեր ապրանքներ, փաթեթավորման շերտեր, պարաններ չորանոցներ: Նա մահանում է 1934 թվականին հիսուներկու տարեկան հասակում:

Մեծ հորս թողած ժառանգությունը սկսում են ծախսել հայրս ու հորեղբայրներս, եւ այնքան մեծ էր այդ ունեցվածքը, որ չեն կարողանում մինչեւ վերջ քամուն տալ` տարբեր կասկածելի գործարքների մեջ ներդրումներ անելով: Հյուրասենյակից կարելի էր գնալ աշխատասենյակ, որտեղ պատերից արդեն հաջորդ սերնդի ներկայացուցիչների նկարներն էին, կրկին մեծ շրջանակների մեջ առնված, կրկին լուսանկարներ, կրկին հանգստացնող տոնայնության մեջ եւ ռետուշավորված: Դրանցից մեկը հորեղբայր Օզխանինն էր, ով մասնագիտությամբ բժիշկ էր եւ ապրում էր Ամերիկայում: Առողջ եւ կենսուրախ գիրուկ տղամարդ էր, ով չէր կարող վերադառնալ հետ, քանի որ բաց էր թողել բանակային ծառայությունը եւ օրենքի հետ խնդիր ուներ: Նրա բացակայությունը պատճառ էր, որպեսզի մեծ մայրս անընդհանտ ապրեր սգի մեջ:

Մյուս նկարում ակնոցավոր հորեղբայրս էր` Այդընը, որը ինչպես եւ հայրս, ապրում էր առաջին հարկում: Նա շինարար էր: Երիտասարդ տարիներից ձգտում էր մեծ շինարարական նախագծեր իրականացնել, սակայն եւ ոչ մեկը չէր կարողանում մինչեւ վերջ հասցնել: Հաջորդ նկարում արդեն հորաքույրս էր: Ասում էին, որ նա երկար տարիներ փորձել է դաշնամուր նվագել սովորել եւ դրա համար նույնիսկ Փարիզ է գնացել: Նրան դա կարծես թե հաջողվել է, սակայն Փարիզից վերադառնալուց հետո ամուսնացել է եւ թողել դաշնամուր նվագելը: Նա իր ամուսնու հետ, ով դասախոսում էր իրավաբանական բաժնում համալսարանի, հաստատվում է երրորդ հարկում, այն բնակարանում, որտեղ հետո ես եմ հաստատվում ապրելու եւ որտեղ էլ գրում եմ այս տողերը:

Օրհան Փամուկ. Հատված «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» վեպից

Մեկնաբանություն
X