Համակարգային բուժում

Տարիներ առաջ ամենաբարեկեցիկ ու ամենապաշտպանված խավերից մեկը մեզանում բժիշկներն էին։ Բժշկի աշխատանքն ամենահարգված ու եկամտաբեր աշխատանքներից էր համարվում։ Անգամ հեռավոր գյուղերի բժիշկները ոչ միայն հարգված էին համայնքի կողմից, այլեւ վատ չէին ապրում, համենայնդեպս՝ կարիքի մեջ չէին։ Թերեւս դրանով էին բացատրվում Բժշկական ինստիտուտում ընդունելության շատ մեծ՝ անմարդկային մրցույթները, այս բուհում սովորելու բարդությունն ու տեւողությունը, շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու դժվարությունները։ Բժիշկ դառնալը բարդ էր ու պատվավոր։

Սակայն, ինչպես բոլոր մյուս համակարգերում, այստեղ էլ ահռելի անկում արձանագրեցինք վերջին տասնամյակներին։ Լավագույն մասնագետներն սկսեցին արտագաղթել, սկսեցինք բախվել շառլատան բժիշկների հետ, որոնք ոչ միայն Հիպոկրատի երդմանը հավատարիմ չեն, այլեւ երբեմն մարդկային կյանք են խլում իրենց գործողություններով։

Բժշկական ընդունվելն ու սովորելը հեշտացան, երիտասարդ կադրերը, պարզվեց, տարրական գիտելիքներ չունեն եւ բժշկի պաշտոն սկսեցին ստանալ ծանոթ-բարեկամների միջոցով, որոշ հիվանդանոցներ վերածվեցին հանգստյան տների, որտեղ ոչ թե բուժում են, այլ հետեւում հիվանդի բնական ապաքինմանը, իսկ դեղորայքն ու բուժման ահռելի ծախսերը հարազատներն են հոգում՝ անիծելով այն օրը, երբ հիվանդությունը թակեց իրենց դուռը։

Եվ ամենակարեւորը՝ մարդիկ սկսեցին նախընտրել արտերկրում բուժվելը։ Անգամ պետական այրերը եւ հաճախ հենց իրենք՝ բժիշկները, սկսեցին մեկնել Հայաստանից դուրս՝ որակյալ բուժօգնություն ստանալու, երբեմն անգամ բժշկական հետազոտություն անցնելու համար։ Համակարգն սկսեց աչքի առաջ քանդվել։ Հնարավո՞ր է արդյոք առանձին վերցրած մի համակարգում բեկում առաջացնել եւ վիճակը շտկել, չեմ կարծում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X