Մանր չինովնիկները երբեք չեն փոխվում

Մանր չինովնիկները երբեք չեն փոխվում։ Բնության մեջ ամեն ինչ փոփոխման ենթակա է, մարդկությունը հարափոփոխ է, իսկ դրանք՝ երկաթյա համառությամբ անփոփոխ։ Դա այն կոմֆորմիստ, վախեցած ու խոնարհված տեսակն է՝ իշխանություններին հլու- հնազանդ։ Տեսակն այդ պատրաստ է ցանկացած մանրախնդրության, միայն թե հաճոյանա, դուր գա իշխանություններին։ Նրանք պատրաստ են թաղել ցանկացած լուսավոր արժեք, ճզմել ամեն մի ըմբոստություն, վաճառել սեփական հոգիները, միայն թե իրենց հարմար կյանքը չխաթարվի։

Նրանք հավատարմության հիմնավորման մշտական խնդիր ունեն և հարկ եղած դեպքում կարող են ավելի ծայրահեղական լինել, քան իրենց «շեֆերը»։ Այսինքն` հանուն «շեֆի» պատրաստ են նույնիսկ ինքնահրկիզվել, դիմել ցանկացած նողկալի արարքի՝ նույնիսկ վայրագության։

Կարծես թե գործ ունենք ինվեստիտուրայի չընդհատվող ծիսակարգի հետ: Այսինքն` մանր չինովնիկները վասալի կարգավիճակ ունեն, դրանից ելնելով որոշակի հարստության տեր են դարձել և դրա պահպանման համար պետք է մշտապես հիմնավորեն իրենց վասալական հավատարմությունը սյուզերենի նկատմամբ։ Հակառակ դեպքում համակարգը նրանց կուլ կտա, չէ՞ որ կլանները կուլ են տալիս նաև սեփական զավակներին։

Եվ գեղեցիկ սափրված չինովնիկը ամեն օր հագնում է իր քաղքենի կոստյումը և անհեթեթ ժպիտը դեմքին գնում աշխատանքի, «շեֆի» համակրանաքին արժանանալու ակնկալիքով: Դա ավելի շատ աշխատանք էլ չէ, այլ՝ սոսկալի բյուրոկրատիայի մի որջ, որտեղ քաղաքացիների մուտքն արգելված է, բայց ամեն քայլափոխի վխտում են ճմրթած թղթերն ու արհեստական կարևորված քարտուղարուհիները։

Ահա՛, այսպիսի աշխարհայացքով և աշխարհընկալումով մարդիկ են Հայաստանում պաշտոններ զբաղեցնում։Այդ տեսակին պետք է ամեն կերպ հեռու պահել պետական աշխատանքից, ավելին՝ կարիերիստ, արդարության ու մարդկության վրա թքող, գեղարվեստական հրաշքից կտրված ու գարեջրի իմաստը չընկալող չինովնիկներից շատերը վաղ թե ուշ պետք է կանգնեն արդարադատության առջև։

Մեկնաբանություն
X