Թումանյանական օրեր Նարեկացիում

>

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյակի առթիվ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Թումանյանի բանաստեղծությունների նկարները» խորագիրը կրող տեսապատկերներով դասախոսություն: Դասախոսությունը վարեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, դասախոսությանը մասնակցեց նաև նրա դուստրը՝ Շողակաթ Դևրիկյանը: Ցուցադրվեցին բանաստեղծության նյութ դարձած 11 նկարների լուսապատկերներ, որոնցից յուրաքանչյուրի ազդեցությամբ Հովհաննես Թումանյանը մի բանաստեղծություն է գրել, ինչպես օրինակ «Լուսավորչի կանթեղը»: Ասում են, թե Արագածի գագաթի այդ անպարան կանթեղը Տերը ցույց է տալիս միայն այն արդարներին, որոնց հոգին ծանրացած չէ չարությամբ։

Կես գիշերին կանթեղը վառ

Կախ է ընկած երկընքից,

Լուսավորչի կանթեղն անմար

Հայոց մըթնած երկընքից:

Վերլուծելով յուրաքանչյուր նկարը՝ Թումանյանի համապատասխան ստեղծագործության միջոցով ներկայացվեց բանաստեղծի՝ տվյալ նկարի ընկալումը և գեղարվեստական վերարտադրումը, հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումը, իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ բողոքը խորությամբ արտացոլող նրա՝ միշտ արդիական բանաստեղծությունները: Տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրները անձնական ապրումների ընդհանրացումներով արտահայտելով՝ ամենայն հայոց մեծ բանաստեղծը հասել է համամարդկային արժեքների գնահատման:

Տիեզերքում աստվածային

մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին

անհաղորդ է իմ հոգին…

Մեր օրերում, երբ համատարած մրցավազք է ագահաբար թալանելու, անվերջ կուտակելու, և ինչպես Մովսես Խորենացին է գրել իր «Ողբ»-ում, իշխանների՝ գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերողների համար գուցե ուսանելի լինեն մեծ լոռեցու այս տողերը.

Հեյ ագահ մարդ, հեյ անհոգ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ

Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Թումանյանական միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց նաև Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա արված վառ ու գեղեցիկ աշխատանքները: Լոռվա բնապատկերների անզուգական գունապնակում պատկերված են թումանյանական պարզ, ժողովրդական լեզվի և մտածողության ծնունդ հանդիսացած նրա հերոսները, քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանին՝ Գիքորը, «Սուտասանի» թագավորը, «Ճամփորդներ» հեքիաթի շունը, աքաղաղը, «Պոչատ աղվեսը»։ Հեքիաթի ընկալման հետաքրքիր ձևերից է այն նկարելով պատմելը: Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաներից յուրաքնչյուրը յուրովի է վերարտադրել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին արտացոլող թումանյանական անսահման տիեզերքի բնապատկերներն ու կերպարները:

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանություն
X