Քաղաքագրություն. Թումանյանը՝ Երեվանում

Ստեփան Զորյանի «Թումանյան» վերհուշից

Քսանմեկ թվի մարտը Երեւանում - ցուրտ, անհրապույր, տագնապալի օրեր: Քաղաքի շուրջը՝ դեպի Ղամարլու եւ դեպի Սեւան - քաղաքացիական կռիվներ: Երկու, թե երեք շաբաթ է, ինչ Փրկության կոմիտեն իշխում է քաղաքում, եւ երկու-երեք շաբաթ է, ինչ կռիվներ են գնում Երեւանի շուրջը բոլշեւիկների եւ դաշնակցական ուժերի միջեւ: Երեւանի կապը դրսի աշխարհի հետ կտրված է միանգամայն, եթե չհաշվենք ռադիոն, որի հաղորդումները լինում են շատ սակավ ու կցկտուր: Իսկ երթեւեկությունը ոչ միայն դրսի երկրների, անգամ շրջանների հետ դադարել է իսպառ՝ ոչ թե ձմեռվա, այլ այն պատճառով, որ ամեն կողմ ռազմաճակատ է։ Այնպես որ՝ հազվադեպ էր տեսել դրսից եկող մի կառք, մի ավտո, իսկ եթե պատահում էր այդպիսին, դա լինում էր անպայման քաղաքացիական կռվի ճակատից եկող մի անձնավորություն:

Բայց ահա մի ցուրտ երեկո Աբովյանի վերեւից, բոժոժների զնգզնգոցով քաղաքամեջ է մտնում մի սահնակ: Սահնակ, այն էլ՝ բոժոժներո՜վ… Դա արտակարգ բան էր արդեն: Իսկ սահնակի մեջ նստած են մի զինվորական եւ տաք մուշտակով փաթաթված մի մարդ: Մուշտակի վեր քաշած օձիքի միջից եւ մեծ բրդոտ փափախի տակից երեւում է ինձ ծանոթ մի պրոֆիլ՝ փոքրիկ, սպիտակ մորուքով:

«Թումանյա՞նը…»: Բայց անմիջապես վանում եմ այդ կասկածը, ինչպե՞ս կարող էր նա մի այսպիսի ժամանակ, Դիլիջանի լեռնանցքով ու ցուրտ Սեւանով գալ Երեւան եւ ի՞նչ գործ կարող է ունենալ այստեղ: Ու որոշում եմ, որ դա տեսողության պատրանք էր եւ ուրիշ ոչինչ:

Բայց հենց նույն օրը ուշ երեկոյան իմանում եմ, որ Թումանյանը եկել է իսկապես եւ ուղիղ գնացել Փրկության կոմիտե:

Ինչի՞ համար, ի՞նչ կա արդյոք… հարցեր են զարթնում ու բոլորն էլ մնում են անպատասխան: Իսկ հետեւյալ օրը Թումանյանի գալու լուրը տարածվում է քաղաքում, նույն հետաքրքրությունն ու տարակույսներն են զարթնում եւ քաղաքացիների մեջ:

Այդ օրերին Երեւանում համոզված էին, թե Թիֆլիսը գտնվում է մենշեւիկների ձեռքին, եւ թե Փրկության կոմիտեն բանակցում է նրանց հետ՝ միասնական ճակատ կազմելու բոլշեւիկների դեմ: Ու ենթադրում էին, որ Թումանյանն ուղարկվել է մենշեւիկների կողմից, երեւի մի շատ կարեւոր առաքելությամբ, որ այս ձյուն-ձմեռը հանձն է առել գալու նեղությունները: Իսկ ես, որ ռադիոկայանում աշխատող մի ընկերոջ միջոցով տեղյակ էի, թե Թիֆլիսն արդեն խորհրդայնացել է, ավելի էի տարակուսում եւ նույնպես չէի կարողանում հասկանալ Թումանյանի առաքելության նպատակը: Լսում էինք, որ նա մի քանի անգամ եղել է Փրկության կոմիտեում, եղել է այդ կոմիտեի նախագահ Վրացյանի մոտ: Բայց տարակուսանքը դրանով չէր փարատվում:

Ընդհակառակը՝ խորանում էր ավելի:

Սակայն հասարակության տարակուսանքն ավելի մեծ չափեր ընդունեց մանավանդ այն ժամանակ, երբ լուր տարածվեց, թե Փրկության կոմիտեն տնային բանտարկության է ենթարկել Թումանյանին՝ այդ հանգամանքը քողարկելով բանաստեղծի հիվանդությամբ:

Այժմ տարակուսանքների հետ միասին ծայր առան նոր կասկածներ - ուրեմն Թիֆլիսը բոլշեւիկների ձեռքին է, եւ Թումանյանը Թիֆլիսից բերել է այնպիսի լուրեր, որոնց տարածումը, հավանորեն, ձեռնտու չի Փրկության կոմիտեին: Պատմում էին, որ Թումանյանի սենյակում շարունակ նստում է մի սպա, եւ որ շատ քիչ մարդկանց, այն էլ միայն մոտ բարեկամներին է թույլ տրվում գնալ մոտը, խոսել միայն ընդհանուր բաներից, բայց երբե՛ք Թիֆլիսի վիճակից: Պարզվեց, որ բանաստեղծը հսկողության տակ էր, որպեսզի ամեն տեսակ մարդ չգնա մոտը եւ նրանից իմացածը տարածի քաղաքում:

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X