Ցանկացողներին նոր տիպի վարորդական իրավունք կտրվի (լրագրային շանսոն)

ՀՀ ոստիկանությունը նոր նմուշի վարորդական իրավունքի վկայական է սահմանել, այսպես կոչված, «քաղաքական վարորդական իրավունք», որը կարելի է ձեռք բերել ցանկության դեպքում և ճիշտ պատասխանելով համապատասխան թեսթերում ընդգրկված հարցերին:

Ծանոթների միջոցով մեզ հաջողվեց ոստիկանությունից ձեռք բերել քաղաքական վարորդական իրավունքի քննության մի քանի թեսթ, որոնց հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում քաղաքացին կազատվի «եզդայի» քննություն հանձնելու գլխացավանքից:

Մենք տեղեկացանք նաև, որ քաղաքական վկայականով կթույլատրվի վարել տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ, ընդհուպ՝ աջակողմյան ղեկով:

Ստորև ներկայացնում ենք թեսթերից մի քանի հարց և դրանց հնարավոր ճիշտ պատասխանները, որոնցից պետք է ընտրել մեկ կամ մի քանի ճիշտ պատասխան: Եվ այսպես՝

1. Ի՞նչ պետք է անի քաղաքականությամբ երբեք չզբաղված վարորդը, երբ նրան առաջարկում են դառնալ ՀՀ նախագահ:

Ա) Զարմանալ

Բ) Ուրախանալ

Գ) Միացնել վթարային ազդանշանները և ժամանակ խնդրել պատասխանելու համար:

2. Ի՞նչ պետք է անի վարորդը, երբ նրան բռնում-բերում և դարձնում են ՀՀ վարչապետ:

Ա) Կտրուկ սեղմել գազի ոտնակը:

Բ) Ձեռնամուխ լինել ավգյան ախոռների մաքրման աշխատանքներին:

Գ) Միացնել ձայնային ազդանշանը և լուրջ տնտեսական աճ արձանագրել:

3. Ինչ պետք է անի վարորդը, երբ ՀՀ վարչապետը գազ տված գնում է, իսկ ինքը աչք ունի հենց ՀՀ վարչապետի պաշտոնի վրա:

Ա) Լուռ հայացքով հետևել վարչապետի ավտոշարասյան ընթացքին:

Բ) Կանգնեցնել վարչապետին, իջեցնել ավտոմեքենայից և տանել տուգանային հրապարակ (վարչապետին):

Գ) ՀՀԿ ԳՄ արտակարգ նիստ հրավիրել:

Ոստիկանությունում մեր աղբյուրի կարծիքով՝ 4-րդ հարցն ամենադժվարն է, և այդ պատճառով էլ մի քանի ճիշտ պատասխան է առաջարկվում: Եվ այսպես՝

4. Ինչ պետք է անի վարորդը, երբ փակ ավտոկայանատեղիում երեք դիմակավորված կին, ձեռքներին խիստ կասկածելի մուգ գույնի լուծույթով բանկաներ, գալիս են իր վրա:

Ա) Միացնել ձայնային ազդանշանը և ոտքի հանել «ստայանչիկներին»:

Բ) Փակվել ավտոմեքենայի մեջ և դուրս գալ ագրեսիվ կանանց վնասազերծումից հետո:

Գ) Ոստիկանություն կանչել:

Դ) Թուլանալ և հաճույք ստանալ:

Ե) Առանց երկարացնելու վճարել ավտոկանգառի փողը և հեռանալ դեպքի վայրից:

Վերջում նշենք նաև, որ թեսթերի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կդառնա բոլոր սոցիալական ցանցերում, իսկ դրանք հաղթահարած վարորդների անունները կհրապարակվեն Հանրային հեռուստատեսության 2018թ. ապրիլի 9-ի «Քաղաքական լոտո»-ի հերթական խաղարկության ժամանակ:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X