Մշակույթ

Ծիծաղելի է մարդուն համոզել, որ գիրք կարդալը լավ է, ոնց որ ասես՝ հաց ուտելը լավ է

Արդեն 10 տարուց ավելի է՝ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայտարարվել եւ նշվում է որպես գիրք նվիրելու օր։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշում է, որ եթե սկզբնական շրջանում այն մեծ տարածում չգտավ, ապա ժամանակի ընթացքում սկսեց մեծ մասսայականություն վայելել եւ դարձավ հանրապետական բնույթի տոն։

Միլիտոնյանը նկատում է՝ ժամանակին Թումանյանի դեմ նույնպես զազրախոսել են, չեն ընդունել նրան, բայց նա մահվան մահճում իր աղջկան ասել է, որ 40 տարի հետո նոր կիմանան, թե ում են կորցրել։ «Այդպես էլ եղավ, 40 տարի անց մեր հրատարակիչներն սկսեցին նրա գրքերը հրատարակել, տարածել դասագրքերով»,- ասաց նա ու ընդգծեց, որ մեր մեծերին ճանաչելու համար պետք է միայն նրանց ընթերցել․ «Ծիծաղելի է, որ այսօր մարդուն պետք է համոզենք, որ գիրք կարդալը լավ է։ Ոնց որ ասես՝ հաց ուտելը լավ է։ Դա տխուր բան է, ես կուզեմ, որ մենք չկորցնենք գիրք ընթերցելու մեր միջի բարձր վայելքը»։ Չնայած այս ամենին, ՀԳՄ նախագահը գիտակցում է, որ եթե ընթերցանություն ենք քարոզում, ուրեմն դրա կարիքը կա։ Ըստ նրա՝ ընթերցողական ճգնաժամն այսօր համաշխարհային բնույթ է կրում, բայց, ինչ խոսք, մեր երկրում, համեմատած 10 տարի առաջվա հետ, զգալի տարբերություն կա թե՛ գրախանութների որակի եւ թե՛ հրատարակվող գրականության մասով։

Գիրք նվիրելու օրվա հետ կապված՝ Գրողների միությունը հանդիպումներ եւ միջոցառումներ է նախատեսել Երեւանի 32 դպրոցներում։ «Ամսի 19-ին այդ դպրոցներում հանդիպումներ կունենան մեր անվանի գրողները, գրականագետները, թարգմանիչները, նրանց մեջ են Անուշ Վարդանյանը, Արեւշատ Ավագյանը, Ալիս Հովհաննիսյանը, Ռուզան Ասատրայնը, Լեւոն Բլբուլյանը, Գրիգոր Ջանիկյանը, Հռիփսիմեն, Սաթենիկ Ղազարյանը, Շանթ Մկրտչյանը, Կարո Վարդանյանը, Վաչագան Սարգսյանը, Խաչիկ Մանուկյանը, Ռոլանդ Շառոյանը, Վրեժ Սարուխանյանը եւ էլի շատեր»,- նշեց նա ու հավելեց, որ այդ օրը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվելու է Մանկապատանեկան գրքի երեւանյան 14-րդ տոնավաճառը, որին կմասնակցեն Հայաստանում մի շարք հրատարակչություններ եւ գրքին առնչվող կազմակերպություններ: Նրա դիտարկմամբ՝ այսօր մանկական գրականությունն ամենալավ վաճառվողների թվում է, հրատարակվում են հիմնականում ժամանակակիցների գործեր, իսկ դասականներից՝ Թումանյան եւ Աղայան։

Նա նկատում է՝ չեն սահմանափակվելու միայն Երեւանով, ՀԳՄ Լոռու եւ Շիրակի գրական բաժանմունքները նույնպես նախաձեռնել են հանդիպումներ, ինչպես նաեւ գրքեր են նվիրելու անցորդներին։

Ինչ վերաբերում է ՀԳՄ-ի աշխատանքներին, ապա միայն անցած տարում կազմակերպել են 200-ի չափ գրական հանդիպումներ, շնորհանդեսներ, ընթերցումներ, քննարկումներ, հոբելյաններ։ Նաեւ ՀԳՄ հրատարակչությունը 2017-ին հրատարակել է մոտ 30 անուն գիրք, հիմնական գրքերը երիտասարդների մուտքերն են։ Անցյալ տարի հիմնել են նաեւ Հ․ Թումանյանի անունը կրող մրցանակը, որ շարունակվելու է եւ շարունակաբար տրվելու է մեր գրողներին։ «Այս տարի պլանավորել ենք միջազգային խորհրդակցություն, ինչպես ամեն տարի անում ենք հունիսին՝ Ծաղկաձորի ստեղծագործական տանը, այս տարի եւս հրավիրելու ենք օտարագիր եւ հայագիր երիտասարդ գրողների՝ տարբեր երկրներից: Բայց մեծ ծրագրերը միայն Գրողների միության ուժերով չէ, որ իրագործվում են, դա մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում»։

ՀԳՄ նախագահն ընդգծում է՝ այսօր կա ժամանակակից լուրջ գրականություն, որոնք տպագրվում են տարբեր երկրների գրական անթոլոգիաներում, մամուլում։ «Մի բանում ուրախ եմ, որ այսօր արդեն՝ մի քանի տարի է, չեմ լսում, որ լրագրողը գա ու քամահրանքով հարց տա`արդյոք մենք ունե՞նք ժամանակակից գրականություն…»։

Հայաստանի գրողների միությունը պատվոգրեր հանձնեց նաեւ տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակ» թերթին` հայ գրականությանը պարբերաբար անդրադառնալու եւ ՀԳՄ աշխատանքը լուսաբանելու համար:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X